Դիպլոմն ուժ չունի

20/07/2005 Աննա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Երիտասարդը ցանկանում է ստանալ բարձրագույն կրթություն, ձեռք բերել
մասնագիտություն, եւ, իհարկե, դիպլոմ ունենալ: Տեղացի ուսանողին սա քիչ է
վերաբերում, որովհետեւ նրանցից շատերն այսօր էլ բուհ ընդունվում են
ուղղակի «ուսանող» կոչվելու համար՝ «Դիպլոմ ա, թող մնա, էլի»: Նման
դեպքերի համար ժողովուրդը սիրում է հեգնանքով ասել՝ «Աղջիկները սովորում
են, որ դիպլոմն օժիտ տանեն, տղաներն էլ` որ իրենց աղջիկ տան»:

Երեւանի 60-ից ավելի պետական եւ ոչ պետական բուհերում սովորող ուսանողների
մի մասն էլ կազմում են արտասահմանցի ուսանողները` Պարսկաստանից, Սիրիայից,
մեծ թիվ են կազմում հնդիկները, կան նաեւ չինացիներ եւ այլ ազգերի
ներկայացուցիչներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով որոշել են ուսում ստանալ
Հայաստանում: Փորձեցի սիրիացի մի ուսանողի հետ հարցազրույցի միջոցով
պարզել այստեղ ուսում ստանալու պատճառները եւ զրուցել Երեւանում անցկացրած
նրա ուսանողական տարիների մասին:

Ամրո Ալհաջին, ծնված 1983թ. Հալեպում, թողել է հարազատ քաղաքը եւ մեկնել
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ` բարձրագույն կրթություն ստանալու:
Ծննդավայրում չընդունվելու պատճառները հետեւյալն են. նախ` դպրոցում
հավաքած միավորները չեն բավականացրել, եւ երկրորդ` այնտեղ ուսումը թանկ
հաճույք է: Ստիպված են տարեկան 4000-5000 ԱՄՆ դոլար ծախսել միայն ուսման
վարձը վճարելու համար, չհաշված՝ ուսանողական առօրյա ծախսերը: Ամրոն
ավելացնում է, որ արտերկրներ ուսման մեկնելու իր նպատակներից մեկն էլ
ուրիշ երկրներում ապրելն է, այլազգի ժողովուրդներին, նրանց վարք ու բարքին
ծանոթանալը:

Քիշնեւի բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում Ամրոն սովորել
է երեքուկես տարի: Այնտեղ կիսատ թողնելով ուսումը` փաստաթղթերը տեղափոխել
է Երեւան, ընդունվել է «Հայ Բուսակ» համալսարանի դեղագործական ֆակուլտետը:
Իսկ ինչո՞ւ է փոխել մասնագիտությունը.

– Պարզապես այդպես ցանկացա: Ի դեպ, մասնագիտությունս ես չեմ ընտրել:
Ծնողներիս պահանջով պետք է դառնայի կամ բժիշկ, կամ դեղագործ: Եթե
ընտրությունն ինձ մնար, ես միանշանակ կընտրեի տնտեսագիտությունը: Սակայն
ֆինանսապես ինձ ապահովում էին ծնողներս, ուստի ես ի զորու չէի հակառակվել
նրանց կամքին:

Ընդհանուր առմամբ Ամրոն գոհ է, որ ուսումը շարունակել եւ ավարտել է այստեղ` Երեւանում:

– Այստեղ մարդիկ շատ ինտելիգենտ, շատ հաճելի ու բարեհամբույր են:
Բնականաբար, շատ ենք շփվել մեր հայ համակուրսեցիների, հատկապես աղջիկների
հետ,- ասում է Ամրոն:

Իսկ դասախոսական կազմի վերաբերմունքի մասին իմ հարցին նա պատասխանեց.

– Դասախոսների վերաբերմունքից այդքան էլ գոհ չէինք: Նրանք մեզ լուրջ չէին
ընդունում, խիստ չէին մեր հանդեպ: Հետո էլ ասում են՝ արաբները չեն
սովորում: Պատկերացրեք՝ դասախոսը մտնում է լսարան ու բոլորին ուղարկում
տուն: Ի՞նչ անեն ուսանողները, սուս ու փուս գնում էինք տուն:

– Ամրո, իսկ ի՞նչ կասես այն ասեկոսեների մասին, թե արաբներն այստեղ ոչ թե
սովորում են, այլ ամբողջ օրն անցկացնում են դիսկո ակումբներում, բարերում
ու կազինոներում:

– Անշուշտ, կան եւ այդպիսիները, նույնիսկ ծանոթներ ունեմ, բայց չի կարելի
մի քանի հոգու անպատասխանատու արարքներից դատելով եզրակացություններ անել
բոլորի մասին,- վիրավորված ասաց Ամրոն: -Անձամբ ես եկել եմ այստեղ ուսում
ստանալու նպատակով:

Ամրոն համալսարանն ավարտել է այս տարի ու ստացել դիպլոմ, որը նրան նոր
գլխացավանքի առաջ է կանգնեցրել: Հիմա կմտածեք` ինչպե՞ս կարող է դիպլոմը
գլխացավանք դառնալ: Հիշեցնենք, որ նա ավարտել է ոչ պետական բուհ: Իսկ այդ
դիպլոմն ուժ չունի ոչ միայն այստեղ, այլեւ արտասահմանում (ի դեպ, այս
պրոբլեմի առաջ են կանգնած նաեւ հայ ուսանողները): Այժմ Ամրոն ստիպված է
մեկնել մեկ ուրիշ երկիր, առնվազն մեկ տարի սովորել այդ երկրի տեղական
համալսարաններից մեկում եւ պաշտպանել դիպլոմը` այն պետական դարձնելու
համար: Ցավն այն է, որ այդ մասին Ամրոն իմացել է համալսարանն ավարտելուց
հետո միայն:

– Իսկ ճի՞շտ են այն լուրերը, որ Սիրիայի կառավարությունը որոշել է արգելել
արաբ երիտասարդների՝ ուսումնառության նպատակով երկրից մեկնումը:

– Ոչ, այդ լուրերը ճիշտ չեն, դրանք ընդամենը ասեկոսեներ են: Համենայն դեպս, առայժմ այդպիսի դեպք չի արձանագրվել: