Ոչ մի արտոնություն՝ ճգնաժամի ժամանակ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում, լայնածավալ արշավ է սկսել խոշոր կորպորացիաների դեմ։ Խոսքը վերաբերում է ամերիկյան այն կորպորացիաներին, որոնք արտասահմանյան գործառնություններից խոշոր եկամուտներ են ստանում, սակայն ԱՄՆ-ում հարկեր չեն վճարում՝ շահույթներն իրենց արտասահմանյան մասնաճյուղերի հաշվեկշիռների վրա պահելու եղանակով։ Այս գործելաոճը հատուկ է ամերիկյան արդյունաբերության գրեթե բոլոր հսկաներին՝ Citigroup, General Electric, Procter&Gamble, Pepsi, Microsoft եւ այլն։ Այս երեւույթը կանխելու համար Օբաման առաջարկում է ԱՄՆ-ում գրանցված կորպորացիաների համար լրացուցիչ հարկ ներմուծել։ Բացի այդ, նախատեսվում է վերացնել այն արտոնությունը, համաձայն որի, այլ երկրներում ներդրումներ արած ընկերությունները որոշ ժամանակով ազատվում են շահութահարկից։ Ամերիկյան կառավարության հաշվարկներով, այսպես կոչված, անդրազգային կորպորացիաների վրա հարկային ճնշման ավելացումը հաջորդ 10 տարիների ընթացքում պետական գանձարանը կավելացնի 210 միլիարդ դոլարով, ինչպես նաեւ՝ երկիր կվերադարձնի ներդրված միջոցների մի մասը։ Նշենք, որ հարկային այս բարեփոխումը ոչ բոլորին է դուր եկել։ Քննադատները նշում են, որ այս քայլը կթուլացնի ամերիկյան ընկերությունների մրցունակությունը, եւ կփլուզվեն անգամ այն հսկաները, որոնք համաշխարհային ճգնաժամի պայմաններում դեռ կարողանում են աշխատել։
Տաջիկներն ու հեծանիվը
Հրաժարվել թանկարժեք ծառայողական մեքենաներից, երթեւեկել հեծանիվներով եւ այդպիսով խնայել բյուջեի միջոցները։ Երկրի պետական պաշտոնյաներին նման առաջարկություն է արել Տաջիկստանի Տրանսպորտի եւ կապի նախարար Բեկ Զուխուրովը։ Ինքը՝ նախարարը, արդեն իր համար բելառուսական արտադրության մի հեծանիվ գնել է (իհարկե, նախարարության հաշվին)։ Այն արժե 100 դոլար, սակայն ծառայողական մեքենաների համար ամեն օր գնվող վառելիքի համեմատ՝ շատ էժան է։ «Ես հաճախ գործուղումների եմ մեկնել տարբեր երկրներ եւ տեսել եմ, որ պետական ծառայողներն օգտվում են հեծանիվից։ Այժմ իմ առաջարկը առավել, քան արդիական է։ Դուք պատկերացում անգամ չունեք, թե որքան հաճախ են մեր չինովնիկները ծառայողական մեքենաներն օգտագործում անձնական նպատակներով, այն էլ՝ աշխատանքային ժամերին»,- ասել է Բ. Զուխուրովը՝ ավելացնելով, որ հեծանվով երթեւեկելը ոչ միայն խնայում է բյուջեի միջոցները, այլեւ օգտակար է առողջությանը։ «Իմ ենթականերից շատերին չէր խանգարի մի փոքր նիհարել,- ասել է նախարարը,- Հեծանիվը հիանալի միջոց է՝ ավելորդ քաշից ազատվելու համար։ Այս դժվարին ժամանակներում մեր նախարարության աշխատակիցների աշխատավարձը 30%-ով բարձրացրել ենք՝ հենց այս եղանակով խնայված միջոցների հաշվին»։ Տրանսպորտի նախարարության վարչությունների եւ բաժինների պետերի համար արդեն գնվել է 50 հեծանիվ։ Այժմ նրանք, հարկադիր-կամավոր սկզբունքով, ստիպված են թողնել հարմարավետ ծառայողական մեքենաներն ու աշխատանքի վայր հասնել հեծանվով։ «Ես, իհարկե, իմ ենթականերին չեմ կարող արգելել մեքենայով գալ աշխատանքի։ Սակայն, եթե նախընտրում են մեքենան, ապա բենզինը պետք է իրենք գնեն»,- ասել է Զուխուրովը։ Տրանսպորտի նախարարի հակաճգնաժամային այս նախաձեռնությունը, սակայն, չինովնիկների մոտ մեծ ոգեւորություն չի առաջացրել, եւ քչերն են հետեւել նրա օրինակին։ Պետական ծառայողների համար ավելի նախընտրելի է երկրի ֆինանսների նախարար Սաֆարալի Նաջմուդինովի առաջարկը։ Վերջինս ծառայողներին չի զրկում մեքենաներից, սակայն առաջարկում է խնայել ամեն ինչի վրա՝ գործուղման ծախսերի, հեռախոսային խոսակցությունների, գրասենյակային ապրանքների։ Նաջմուդինովն անգամ առաջարկել է նամակներ գրելու ժամանակ օգտագործել թղթի երկու երեսները։ Իսկ մասնավոր ընկերությունների աշխատակիցներին ֆինանսների նախարարը խորհուրդ է տվել ավելի համեստ լինել եւ չգովազդել իրենց ֆինանսական բարեկեցությունը՝ երկրի աղքատ բնակչության չգրգռելու համար։
Հասան հատակին
ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի (ՖՌՀ) ղեկավար Բեն Բերնանկեն զգուշացրել է, որ եթե ֆինանսական համակարգը եւս մի հարված ստանա, ապա ի չիք կդառնան բոլոր այն լավատեսական կանխատեսումները, թե տնտեսական անկումն այս տարի ԱՄՆ-ում կանգ կառնի եւ կսկսի դանդաղ վերելքը։ «Ֆինանսական պայմանների կրկնությունը կհանգեցնի տնտեսական ակտիվության նվազմանը եւ կարող է կանգնեցնել սկիզբ առած վերականգնման փուլը»,- ասել է Բերնանկեն՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Միացյալ տնտեսական հանձնաժողովում։ Նա ընդգծել է, որ տնտեսական անկման տեմպերը դանդաղում են, եւ, մասնավորապես, անշարժ գույքի շուկան արդեն նշաններ է ցույց տալիս, որ տնտեսությունը 3 տարվա անկման շրջանից հետո արդեն հասել է անկման «հատակին», որից հետո սկսվում է աճի փուլը։ «Վերջին տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական անկման տեմպերը կարծես թուլանում են, իսկ պահանջարկը՝ հատկապես տնային տնտեսությունների կողմից, աստիճանաբար կայունանում է»,- ասել է նա։ Չնայած դրան, ըստ Բերնանկեի, մոտակա ամիսներին դեռ մեծ է հավանականությունը, որ աշխատատեղերը կշարունակեն կրճատվել, եւ գործազրկության մակարդակը կավելանա։ Ինչ վերաբերում է բանկային հատվածին, ապա այստեղ լուրջ մտահոգություններ դեռ կան։ Նշենք նաեւ, որ վերջերս ՖՌՀ-ն, այսպես կոչված, «սթրես-թեստ» է անցկացրել երկրի 19 խոշորագույն բանկերի շրջանում։ Բերնանկեն հրաժարվել է կանխատեսումներ անել դրա արդյունքների մասին, որոնք պետք է հրապարակվեն այսօր։
17 միլիարդ՝ Ռումինիային
Արժույթի միջազգային հիմնադրամը դրական է գնահատել Ռումինիայի կառավարության կողմից մշակված տնտեսական ծրագիրը եւ հավանության է արժանացրել Ռումինիային 17.1 մլրդ դոլար վարկ տրամադրելու հայտը։ Վարկն ուղղվելու է երկրի ֆինանսական համակարգի կայունացմանը։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, առաջին տրանշը կկազմի ավելի քան 6 միլիարդ դոլար։ Նշենք, որ ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը, Եվրամիությունը եւ մյուս կազմակերպությունները միասին Բուխարեստին տրամադրելու են, ընդհանուր առմամբ, ավելի քան 26 միլիարդ դոլար։
Տվեք մեզ 40 միլիարդ
Ամերիկյան երկու խոշորագույն բանկերը՝ Citigroup-ը եւ Bank of America-ն, կառավարության առաջարկներին համապատասխանելու համար ստիպված են մեծացնել սեփական կապիտալը։ Citigroup-ն իր կապիտալը պետք է մեծացնի 5-10 միլիարդ դոլարով։ Ինչ վերաբերում է Bank of America-ին, ապա վերջինիս այդ նպատակի համար անհրաժեշտ է շուրջ 34 միլիարդ դոլար։ Ինչպես նախկինում հաղորդվել է, ԱՄՆ վարչակազմը մոտ 10 բանկերի խորհուրդ է տվել մեծացնել սեփական կապիտալը։ Այդ բանկերը ներկայումս, այսպես կոչված, «սթրես-թեստ» են անցնում, որը գնահատելու է նրանց կայունությունը՝ տնտեսական անկման եւ ճգնաժամի պայմաններում։
Նախկինում ենթադրվում էր, որ լրացուցիչ միջոցներ հարկավոր կլինեն 14 բանկերի, սակայն հետագայում դրանց թիվը նվազեց։ Այժմ այդ բանկերի թվում են Citigroup-ը, Bank of America-ն, Wells Fargo-ն եւ մի քանի տարածքային կազմակերպություններ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ բանկային համակարգը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում շատ լուրջ կորուստներ է ունեցել։ Դուրս գրված ակտիվների ընդհանուր մեծությունը գերազանցեց 700 միլիարդ դոլարը։ Իսկ մի քանի խոշոր բանկեր, այդ թվում՝ Lehman Brothers-ը, սնանկացան։ ԱՄՆ Կոնգրեսը 2008թ. աշնանն ընդունեց TARP ծրագիրը, որի շրջանակներում վարկային կազմակերպությունները ստացան 125 միլիարդ դոլարի պետական օգնություն։ Citigroup-ը եւ Bank of America-ն ստացել են 95 միլիարդ դոլար։
Ավելի հաճույքով
Ճգնաժամի պայմաններում բրիտանացիներն ավելի մեծ հաճույք են ստանում իրենց աշխատանքից։ Ինչպես գրում է BBC-ն, նման եզրահանգման եկել են Անձնակազմի եւ զարգացման բրիտանական ինստիտուտի սոցիոլոգները։ Նրանք հետազոտություն են անցկացրել 3000 հոգու շրջանում եւ պարզել, որ աշխատանքից բավարարվածության մակարդակը 2006թ. համեմատ զգալիորեն բարձրացել է։ Հետազոտական խմբի անդամ Բեն Ուիլմոթը ենթադրում է, որ դա կարող է լինել ճգնաժամի անուղղակի հետեւանքը։ Այսինքն՝ տնտեսական անկման պայմաններում մարդիկ ուրախանում են գոնե այն բանի համար, որ իրենք աշխատանք ունեն։ «Աշխատակիցները ուրախ են, որ աշխատանք ունեն, նրանք չեն դժգոհում, գոհ են նրանով, ինչ արդեն ունեն, եւ չեն մտածում նոր, ավելի լավ աշխատանքի մասին»,- ասում է Ուիլմոթը։
Հետազոտությունը, միեւնույն ժամանակ, արտացոլում է ոչ միայն դրական միտումները, այլեւ աշխատանքի շուկայում առկա խնդիրները։ «Զբաղվածների մեկ երրորդ մասը անհանգստացած է, որ իրենց կարող են կրճատել։ Իսկ երկու երրորդը գտնում են, որ եթե իրենց աշխատանքից ազատեն, նոր աշխատանք գտնելը գրեթե անհնարին կլինի»։ Հարցվածների 75%-ը հաստատել է, որ տնտեսական ճգնաժամն այս կամ այն չափով ազդել է այն ընկերության վրա, որտեղ իրենք աշխատում են։ 36%-ն էլ նշել է, որ իրենց գործատուն կամ արդեն աշխատանքից ազատել է որոշ աշխատակիցների, կամ էլ մտադիր է դա անել մոտ ապագայում։
Հարցվածների կեսը խոստովանել են, որ վերջին ժամանակներս աշխատանքի հետ կապված ավելի մեծ սթրեսներ են տանում։ Հետազոտությունը նաեւ ի հայտ է բերել այլ բացասական միտումներ՝ օրինակ՝ ընկերության ղեկավարության նկատմամբ վստահության թուլացումը եւ գրասենյակային ինտրիգների հաճախացումը։
Նոր կրճատումներ Microsoft-ում
Շարունակվող ֆինանսական դժվարությունների պատճառով ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ Microsoft-ը, մոտ ապագայում աշխատանքից կազատի եւս մի քանի հազար հոգու։ Ինչպես հաղորդել են ընկերության ներկայացուցիչները, կրճատումների արդյունքում գործազուրկ կդառնա 3600 հոգի։
Դեռ այս տարվա հունվարին Microsoft-ը հայտարարել էր, որ պատրաստվում է աշխատանքից ազատել 5000 հոգու՝ ողջ աշխարհում։ Նրանցից 1400-ը անմիջապես ազատվեցին, իսկ մնացած մասը պետք է աստիճանաբար կրճատվեին մինչեւ 2010 թվականի հունիսը։ Սակայն, ըստ ամենայնի, գործերն այնքան էլ լավ չեն գնում, եւ ընկերության ղեկավարությունը որոշել է չսպասել՝ մնացած 3600 հոգուն միանգամից տուն ուղարկելով։
Սակայն բանը սրանով չի սահմանափակվում։ Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը նշել է, որ բացի այս 5000 հոգուց, նոր կրճատումների անհրաժեշտություն է առաջացել։ «Մենք կշարունակենք ուշադիր հետեւել տնտեսական իրավիճակին, եւ եթե անհրաժեշտ լինի, նոր կրճատումներ կիրականացնենք՝ ընթացիկ ծախսերը կրճատելու նպատակով»,- աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում նշել է Բալմերը։ Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Microsoft-ի արտադրանքի վաճառքից ստացված հասույթը նվազել է 6%-ով։ Վերջին 23 տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ ընկերության եկամուտները նվազում են։ Այս տարվա առաջին եռամսյակում Microsoft-ի եկամուտները կազմել են 13.7 միլիարդ դոլար, մինչդեռ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 14.1 միլիարդ էր։ Ընկերության ղեկավարները դա բացատրում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով իրենց արտադրանքի նկատմամբ պահանջարկի նվազմամբ։
Airbus-ը կրճատում է A380-ների քանակը
Եվրոպական Airbus ավիակոնցեռնն այս տարի կկրճատի հսկա A380 ինքնաթիռների արտադրությունը՝ հասցնելով 14-ի։ Նախկինում ծրագրված էր արտադրել 18 ինքնաթիռ. հենց այդքան ինքնաթիռի պատվեր ուներ Airbus-ը։ Սակայն ճգնաժամը խառնեց նաեւ նրանց պլանները։ A380-ը աշխարհի ամենամեծ մարդատար ինքնաթիռն է։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում է 15 հազար կմ։ Ֆյուզելյաժի երկարությունը հասնում է 73 մետրի։ Երկու տախտակամած ունեցող այս ինքնաթիռը կարող է տեղափոխել 840 մարդու։ A380-ի միջին կատալոգային գինը 320 միլիոն դոլար է։ Ի դեպ, աշխարհում կա ընդամենը 20 օդանավակայան, որոնք կարող են ընդունել այս հսկային։ Դրանցից մեկը մոսկովյան «Դոմոդեդովոն» է։
Կրճատվելու են նաեւ A320-ի արտադրության ծավալները. 2009-ի հոկտեմբերից սկսած ամսական 36 ինքնաթիռի փոխարեն ընկերությունը կթողարկի 34 A320։ Որպես ինքնաթիռների քանակի կրճատման պատճառ՝ Airbus-ի ղեկավարությունը նշում է համաշխարհային ճգնաժամը, որն ազդել է նաեւ ավիափոխադրումների վրա։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալներով, աշխարհի մասշտաբով բոլոր ավիաընկերությունների ուղեւորափոխադրումների ծավալն այս տարվա մարտ ամսին նվազել է 11.1%-ով։