Հայրենի կառավարությանը ոչ մի կերպ չէր հաջողվում կատարել 2009 թ. պետբյուջեն: Առաջին եռամսյակի երկու ամսվա տվյալներով՝ բյուջեի եկամուտների մասը կատարվել էր 45,6 տոկոսով, ծախսայինը` 50,3: Այսինքն՝ մարտ ամսին «Բյուջեի մասին ՀՀ օրենքը» կատարելու համար կառավարությունը պիտի հաջողեր հավաքել ու ծախսել առնվազն այնքան գումար, որքան հավաքել ու ծախսել էր հունվար-փետրվար ամիսներին: Միասին վերցրած: Բոլորի համար ակնհայտ էր, որ խնդիրն անլուծելի է: Բայց երկու օր առաջ կառավարությունը հայտարարեց, թե եռամսյա ծրագիրը կատարել է եկամուտների մասով՝ 103, իսկ ծախսերը՝ 91 տոկոսով: Պաշտոնական լրատվական քարոզչամեքենան լծվեց այս թվերը տիրաժավորելու անշնորհակալ գործին: Հունվար ամսին կառավարությանը հաջողվել էր բյուջեի համար ապահովել մոտ 42 մլրդ դրամ եկամուտ, իսկ փետրվարին` 43մլրդ: Հունվարին ծախսվել էր մոտ 37 մլրդ դրամ, փետրվարին` 62: Փաստորեն, եռամսյա տնտեսական սեփական ցուցանիշների կատարումն ապահովելու համար կառավարությունը պիտի հավաքագրեր առնվազն 100 մլրդ դրամ: Ինչպես նաեւ պիտի կատարեր նույնքան գումարից ավելի ծախսեր: Թե իրականում որքան է հավաքագրել ու ծախսել կառավարությունը` պարզ ցույց է տալիս Ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունը: Կառավարությանը մարտ ամսին հաջողվել է բյուջե մուտքագրել 55,2 մլրդ դրամ: Այսինքն՝ սեփական պլանի կատարման համար անհրաժեշտ թվից մոտ 2 անգամ պակաս: Կառավարությունը մարտ ամսին անհրաժեշտ 100 մլրդ-ի փոխարեն ծախսել է մոտ 62,4 մլրդ դրամ: Թերակատարումն ակնհայտ է: Բյուջեի մուտքերն ու ծախսերը կատարվում են «կենդանի» փողերով: Հետեւաբար, այն հնարավոր չէ ներկայացնել տնտեսական երկնիշ աճի հեքիաթի նման: Գոնե առայժմ հնարավոր չէ: Զուտ այն պարզ պատճառով, որ ՀՀ-ում թվաբանությունը արգելված ու կեղծ գիտություն չի հայտարարվել: Մեր կրթական համակարգի դեգրադացիան էլ դեռեւս չի նվաճել թվաբանության տոտալ ուրացման բարձունքները: Պարզ թվաբանության շուրջ նույնիսկ պետական չինովնիկները չեն վիճում: Բազմապատկում-բաժանումը՝ չգիտեմ, բայց գումարում-հանում կատարել հաստատ կարողանում են: Հետեւաբար կարող էին ստուգել ու համոզվել, որ պետբյուջեի թերակատարումն օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստ է: Որովհետեւ բոլոր հարկատեսակների գծով մուտքերն այս տարի նվազել են: Նվազել են ոչ միայն պլանային ցուցանիշների հետ համեմատած, այլեւ` անցած տարվա նույն ժամանակաշրջանի: Մեր պետբյուջեի հիմնական մուտքերն ապահովվում են հիմնականում անուղղակի համարվող հարկատեսակները: Բայց այս տարի ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ: Ակցիզային հարկի գծով նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատած՝ մուտքերը նվազել են 9 տոկոսով: Եվ սա ամենահամեստ նվազումն է: 20 տոկոսով պակաս Ավելացած արժեքի հարկ է հավաքվել: Մինչդեռ 2009-ի ցուցանիշների կատարման համար ավելին էր պետք հավաքել: Առնվազն նույնքան ավելին: Շահութահարկի նվազումը նախորդ տարվա համեմատ՝ 21 տոկոս է: Եկամտահարկինը` 16: Այս վերջին ցուցանիշը զավեշտական պատկեր է ի ցույց դնում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ամսական միջին աշխատավարձն ամեն ամիս աճում է, գործազրկությունը՝ հակառակը` չի աճում: Բայց չգիտես ինչու՝ նվազում է գանձվող եկամտահարկը: Սույն փաստն, իհարկե, ապացուցում է, որ տնտեսական վիճակագրությունը բավարար չափով օբյեկտիվ գիտություն է, եւ այդ ոլորտում բացարձակ հորինովի ու անհակասական տեղեկատվություն սարքելը բարդ գործ է: Անհնարինության աստիճանի բարդ:
Բյուջետային մուտքերի նվազման պատճառ, իհարկե, կարելի է հայտարարել տնտեսական ճգնաժամը: Ճգնաժամ, որ անկախ մեր իշխանությունների ժխտողական վերաբերմունքից՝ համաշխարհային մասշտաբ ունի: Այդ գործոնն, իհարկե, չի կարելի թերագնահատել: Բայց բյուջետային հարկային մուտքերի նվազումը մեկ այլ պատճառ էլ ունի: Խոսքը Հայաստանում մինչ այժմ լայնորեն կիրառված կանխավճարային հարկային մուծումների մասին է: Նախորդ տարիներին բյուջետային պարտավորությունները կատարելու համար հարկային մարմիները հաճախ էին դիմում կանխավճարային գանձումների մեթոդին: Հատկապես մեծ կանխավճարներ անում էին խոշոր ընկերությունները: Պետությունն այդ ընկերություններին միշտ պարտք էր: Բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով այս տարի խոշոր ընկերությունները խոշոր վնասներ են կրում: Հետեւաբար, ի վիճակի չեն մեծ գումարներ թողնել կառավարության տրամադրության տակ: Այս ընկերությունները հիմա հարկերը «մուծում» են (իրականում հաշվանցում են) նախկին մուծումներից: Հաշվանցում են հատկապես խոշոր արտադրական ձեռնարկությունները, որոնց կառավարությունը պարտադրում է չկրճատել աշխատատեղերը` սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: «Արդյունքում»՝ խոշոր ընկերություններն իրական փողեր դեռ երկար չեն մուծի բյուջե: Նման թերակատարումների պարագային կառավարությունը շրջանառության մեջ է դրել հետեւյալ նախադասությունը. «ՀՀ կառավարության կողմից ճշգրտված եռամսյակային ծրագիրը եկամտային մասով կատարվել է 103,1 տոկոսով, ծախսայինը` 90,9»: Կատարման հնարքի ողջ հմայքն ամփոփում է «ճշգրտված» բառը: Բյուջեի կատարումը, պատկերավոր ասած, երեք նախնական ստուգիչ ժամկետներ ունի: Դրանք եռամսյա կատարողական ցուցանիշներ են: Մարտ ամսին հարազատ կառավարությունը՝ տեսնելով, որ չի հաջողում բյուջեի կատարումը` ինքն իր համար ճշգրտել է կատարման գրաֆիկը: Ճշգրտել ու մյուս եռամսյակների վրա է բաշխել թերակատարվող թվերը: Վերաբաշխել է իր իսկ ծրագրային պլանն ուրանալով: Ուրացման նման հնարավորություն հայրենի կառավարությունն ինքն իրեն կարող է շնորհել եւս երկու անգամ: Աքլորականչն այս առումով կլինի տարվա վերջին: Ինչը մեր կառավարությանը հնարավորություն կտա «ճշգրտելու» անվան տակ եւս երկու անգամ ուրանալ իր աշխատանքային պլանը: Երկրորդ եռամսյակի վերջին եւ երրորդ եռամսյակի վերջին: «Ուրացման» գինը հասարակությունը կիմանա, երբ կամփոփվի 2009-ի բյուջեն: