«Սա քաղաքի կառավարման նոր մոդելի ընտրություն է»

07/05/2009

Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը եւ Տարոն Մարգարյանը մայիսի 6-ին քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Առաջին կանգառը Սարկավագի 131 եւ հարակից շենքերի բակն էր, ուր բազմաթիվ քանաքեռցիներ էին հավաքվել։ Այս բակում ընթացքի մեջ է բակերի բարեկարգման ծրագիրը։ Իսկ մեծ խաղահրապարակի շուրջ արդեն լուսավորություն էր անցկացվում։ Աշխատանքների ընթացքին հետեւում ու օգնում էին նաեւ բակի բնակիչները։ Մելիք-Մելիքյան 15 շենքի բնակիչ Շուրա Դադալյանը նշեց, որ վերջին ամիսներին աստիճանաբար նոր տեսք են ստանում իրենց բակերը, որ դրանք հիմա առավել բարեկարգ են, առաջիկայում էլ կասֆալտապատվեն նաեւ դեպի բակ մտնող ճանապարհները: Գ. Բեգլարյանը զրուցում էր բնակիչների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրները, ներկայացնում անելիքներն ու խնդիրները։ «Ես արդեն գիտեմ, թե ում եմ իմ ձայնը տալու: Ինձ դուր է գալիս Բեգլարյանի դիրքորոշումը՝ կապված Երեւանի սանմաքրման, բակերի բարեկարգման, կանաչապատման աշխատանքների հետ։ Առաջիկայում մեր Երեւանն ավելի գեղեցիկ կլինի»,- ասաց Շուրա Դադալյանը։

Իսկ Սարկավագի 5-րդ նրբանցքի 1-ին շենքում բնակվող Ծովինար Եղոյանը, ով հինգ երեխաների մայր է, մտածում է, որ գոնե այս անգամ թեկնածուները հուսախաբ չեն անի. «Ես ծնվել եմ Երեւանում, իմ երեխաներն էլ են ծնվել ու մեծանում են մեր սիրելի քաղաքում, նշանակում է` մեր ձայնը կտանք այն կուսակցությանը, այն մարդուն, ով մեզ հուսախաբ չի անի, ով կարդարացնի մեր հույսերը, ու իմ երեխաները կապրեն առավել բարեկարգ ու ծաղկուն Երեւանում»։

Բնակիչները Գագիկ Բեգլարյանից ու Տարոն Մարգարյանից ակնկալում էին ստանալ իրենց հուզող խնդիրների, հարցերի պատասխանները։ Շրջակա շենքերի թոշակառուների համար շատ կարեւոր էր, որ բակում զրուցարան կառուցվի, որտեղ նրանք կկարողանան հավաքվել, զրուցել, նարդի խաղալ։ Շատերին մտահոգում էր բազմաբնակարան շենքերի, հատկապես տանիքների ու վերելակների վիճակը։ Գ. Բեգլարյանը նշեց, որ այդ բոլոր խնդիրներին իրենք քաջատեղյակ են, եւ դրանք առաջիկայում համատեղ աշխատանքի շնորհիվ լուծում են ստանալու։ Սակայն թեկնածուները բնակիչների հետ զրույցում նշեցին, որ մինչ այդ առջեւում մայիսի 31-ն է, որտեղ սպասվում է մի ընտրություն, որը բոլորինս է. այսինքն` բոլորս պետք է մասնակցենք այդ ընտրություններին, անենք ճիշտ ընտրություն, ընտրենք նրան, ով կկարողանա վերացնել թերությունները ու այնպես անել, որ Երեւանը համաչափ զարգանա։ Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության կարգախոսն է՝ «Քեզ համար, Երեւան»։

Բնակիչները հանդիպման ժամանակ նշեցին, որ Երեւանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց շուրջ խորհրդային տարիներին էլ աշխատանքներ չեն տարվել. «Այդ խնդիրները մենք լուծելու ենք. լուծելու ենք` անհնարինը հնարավոր դարձնելով: Այսօր կարեւոր է, որպեսզի գիտակցենք, որ մայիսի 31-ին կայանալիք ընտրությունները առանձնահատուկ նշանակություն են ունենալու մայրաքաղաքի համար: Այս ընտրությունները ոչ միայն եւ ոչ այնքան անձերի ու կուսակցությունների, որքան քաղաքի կառավարման նոր մոդելի, նոր համակարգի ընտրություն է: Այսինքն` այսուհետ Երեւանի վաղվա օրվա, ապագայի որոշողը երեւանցին է լինելու: Երեւանի յուրաքանչյուր բնակիչ պետք է մասնակցի մայրաքաղաքային խնդիրների լուծման գործում, բնակիչների կարծիքը, դժգոհությունները, առաջարկները քաղաքային իշխանության կողմից անտարբերության չեն մատնվելու: Համոզված եմ, որ ընդամենը 1-2 տարի անց Երեւանը կունենա ամբողջովին լուսավորված փողոցներ, ասֆալտապատ ու բարեկարգ բակեր, մայթերով: Այսօր արդեն բակերի բարեկարգման ծրագիրն ընթացքի մեջ է»,- ասաց Գագիկ Բեգլարյանը` ավելացնելով, որ այդ ծրագրին շուտով կհաջորդի շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգումը։

Հանդիպման հաջորդ կանգառը Քանաքեռի կենտրոնում գտնվող Կազակների հրապարակն էր, որտեղ, չնայած հորդառատ անձրեւին, մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել։ Այստեղ եւս Հանրապետական կուսակցության թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը։ «Այսօր ընտրություն ենք անում Երեւանի ապագայի համար։ Եկել է այն պահը, երբ պետք է վստահենք ու պահանջենք, եւ վստահությունը պետք է վերափոխվի մեծ պարտավորվածության։ Ձեր վստահությունը մենք վերականգնելու ենք մեր աշխատանքով»,- ասաց Գ. Բեգլարյանը։

Աստղիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ