Երեկ «Ռոյթերզ» գործակալությունը մի տեղեկատվություն է հրապարակել, որը վերնագրված է՝ «Թուրքիան փորձում է հանգստացնել Ադրբեջանին` կապված Հայաստանի հետ ջերմացման հետ»: Հրապարակման մեջ աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարար Ահմեդ Դավիթօղլուն այդ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո փորձել է փարատել Ադրբեջանի մտահոգությունները` կապված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ: Աղբյուրը հիշեցնում է հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին եւ տեղեկացնում, որ դրա բացման խնդրում Ադրբեջանն իր շահերն ունի, եւ մտավախություն ունի, որ Թուրքիան անտեսում է դրանք: Ըստ «Ռոյթերզի», նախորդ ուրբաթ ադրբեջանական կողմի մտահոգությունները լսելու եւ դրանք փարատելու նպատակով Դավիթօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ: «Պատահական չէ, որ նախարարն իր առաջին հանդիպումն անցկացնում է ադրբեջանցի փոխնախարարի հետ: Մեր եւ Ադրբեջանի հարաբերությունների միջեւ որեւէ խզում չի եղել, եւ կարելի է սպասել, որ մոտ ապագայում բարձր մակարդակով շփումները կակտիվանան»: Հիշեցնենք, որ գալիք շաբաթ Թուրքիայի վարչապետ Էրդողանն այցելելու է Ադրբեջան եւ մայիսի 13-ին հանդիպում է ունենալու Իլհամ Ալիեւի հետ:
Դրանից հետո Էրդողանը մեկնելու է Մոսկվա, որտեղ մայիսի 16-ին հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ: «Ռոյթերզը» տեղեկացնում է նաեւ, որ Թուրքիայի առավել ընդգրկուն արտաքին քաղաքականության հայեցակարգի մշակող Ահմեդ Դավիթօղլուն պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է, որ, այսուհետ, ավանդական արեւմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքականությունից զատ, Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնելու նաեւ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի խնդիրներին: «Մենք պետք է փորձենք հարեւանների հետ զրոյական հիմնախնդիրներով քաղաքականությունը դարձնել առավելագույն հետաքրքրությունների քաղաքականություն»,- հայտարարել է Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը: