Ընդունելության հայտերի գործընթացը կշարունակվի եւս 2 օր

20/07/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Այսօրվանից Երեւանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կսկսվի
Ռազմաբժշկական ֆակուլտետ դիմած ուսանողների դիմում-հայտերի ընդունման
գործընթացը: Այստեղ 30 տեղի համար դիմել է 134 ուսանող, որոնցից 3-ին
բժշկական հանձնաժողովը բուժզննման արդյունքում համարել է ոչ պիտանի, իսկ
9-ը պարզապես չեն ներկայացել: Երեկ կեսօրվա դրությամբ ԵՊԲՀ դիմել էր 691
դիմորդ: ԵՊԲՀ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն
Համբարձումյանի խոսքով իրենց մոտ մեծ պայքար է ընթանալու բուժական
ֆակուլտետ դիմած դիմորդների միջեւ, քանի որ այս ֆակուլտետը դիմորդներն
ավելի նախընտրելի են համարում:

Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում (ԵՏԻ) երեկվա դրությամբ գրանցվել էր
1500 դիմում-հայտ: ԵՏԻ Ընդունող հանձնաժողովի նախագահ Միքայել Թավադյանը
տեղեկացրեց, որ իրենց մոտ դիմորդները պայքարում են ավանդական՝
հաշվապահական հաշվառում, ֆինանսներ եւ վարկ, համաշխարհային
տնտեսագիտություն, կառավարում մասնագիտությունների գծով: ԵՏԻ Ընդունող
հանձնաժողովի նախագահը փաստում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի
դիմորդների քանակն աճել է: Չնայած այն բանին, որ Գյումրիում ԵՏԻ-ն ունի
մասնաճյուղ, գյումրեցիները նախընտրում են գալ Երեւան սովորելու: Այս
հանգամանքը Մ. Թավադյանը բացատրում է նրանով, որ այստեղ նրանց համար
մասնագիտությունների ընտրությունը մեծ է, ինչը հնարավոր չէ Գյումրիում,
որտեղ կա ֆակուլտետ միայն 3 մասնագիտությունների գծով:

Դիմորդների հոսքը շարունակվում էր նաեւ Երեւանի պետական
համալսարանում(ԵՊՀ), որտեղ երեկ կեսօրվա դրությամբ գրանցվել էր 3657
դիմում-հայտ: Այստեղ ամենաշատը դիմել են իրավագիտության (370), տեսական
տնտեսագիտության (348), անգլերեն լեզվի (231), կիրառական մաթեմատիկայի
(277) ֆակուլտետներ ընդունվելու համար:

Ինչպես տեղեկացրեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի
տեղակալ Գուրգեն Հովհաննիսյանը, դիմորդների թիվը մի քանի տասնյակով ավելի
է նախորդ տարվանից: Սակայն վերջինս հնարավոր է համարում այն հանգամանքը,
որ առաջիկա օրերին դիմորդների հոսքը պակասի եւ արդյունքում գրանցվի
նույնքան քանակ, որքան նախորդ տարի էր:

Հանրապետության բուհերում դիմորդների ընդունելությունը կշարունակվի մինչեւ
հուլիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները կսկսվեն հուլիսի 20-ից: