«Սոս մանկական գյուղն» աջակցության կարիք ունի

07/05/2009

Աբովյան քաղաքի գողտրիկ մի անկյունում անցյալ շաբաթ իր հյուրընկալ դռները բացեց «ՍՈՍ մանկական գյուղը»: Ժպտերես եւ երեւի թե մեր անակնկալ այցելությունից ավելի ոգեւորված երեխաները մեզ ուղեկցեցին դեպի իրենց տնակներից մեկը:

Գյուղի մանկավարժ Էդուարդ Թադեւոսյանը հրավիրեց մեզ, այսպես կոչված, «վարչական շենք», որտեղ տեղակայված են կինոդահլիճը, նկարչության դասասենյակը եւ այլ աշխատասենյակներ: Այստեղ, երեխաների ձեռքով ստեղծած նկարներով զարդարված ընդարձակ դահլիճում, մենք փորձեցինք պարզել, թե ինչով են ապրում «գյուղի» բնակիչները: Բարեգործական հիմնադրամ «ՍՈՍ մանկական գյուղը» Հայաստանում հիմնվել է 1989թ. աղետալի երկրաշարժից հետո, ԽՍՀՄ տարածքում առաջին նմանատիպ նախագիծն էր: Գյուղի հիմնադիրն է ավստրիացի մանկավարժ Հերմեն Գմայները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հերմեն Գմայները կորցրել էր իր ծնողներին եւ հետագայում նրան խնամում էր իր քույրը: Այս էր պատճառը, որ ավստրիացի մանկավարժը որոշեց ստեղծել մի նախագիծ, որի շրջանակներում ծնողներից զրկված երեխաները հնարավորություն կունենան ապրել մի մեծ ընտանիքում, որտեղ նրանց կխնամեն եւ կդաստիարակեն չամուսնացած կանայք` «մայրերը»: Առաջին նման մանկական գյուղը կառուցվել է Հ. Գմայների հարազատ Իմստ գյուղում: Եվ այսօր արդեն «ՍՈՍ» մանկական ճամբարները գործում են աշխարհի 130 երկրներում: Աբովյանի «ՍՈՍ» մանկական գյուղի13 առանձնատներում ապրում են անօթեւան 60 երեխաներ: Յուրաքանչյուր ընտանիքում ապրում են 4-6 երեխաներ: Այսպիսով գյուղի փոքրիկ բնակիչների համար փորձում են ստեղծել իրական ընտանիքի գաղափարը: Երեխաների 80%-ն ունեն ծնողներ, որոնք, սակայն, կամ իրենց երեխաներին պահելու հնարավորություն չունեն, կամ լքել են նրանց: Լինում են դեպքեր, երբ որոշ ժամանակ անց ծնողները վերադառնում եւ տանում են երեխաներին: Մանկական գյուղի տարածքում գործում են դպրոցը, մանկապարտեզը, նկարչության, երգի եւ արվեստի այլ ճյուղերի խմբակները, ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտը, կինոդահլիճը, որտեղ նաեւ սեմինարներ եւ հավաքներ են կազմակերպվում: Իսկ գեղեցիկ այգին լի է պտղատու ծառերով: Երեխաների մի մասը այցելում է Աբովյան քաղաքի դպրոցը, իսկ նրանց, ով սովորում է տեղում, որոշ առարկաներ, օրինակ՝ մաթեմատիկան, դասավանդում են նրանց այցելող ուսուցիչները: Իմ հարցին, թե ինչ մասնագիտություն ես ընտրելու դպրոցն ավարտելուց հետո, 13-ամյա Դիանան պատասխանեց, թե ուզում է ոստիկան դառնալ: «Ինչո՞ւ հենց ոստիկան»,- հարցնում եմ Դիանային: «Ուզում եմ, որ Հայաստանում գողերը քիչ լինեն,- պատասխանում է 13-ամյա աղջիկը, եւ ավելացնում,- Մի ժամանակ ուզում էի երկրաբան դառնալ` հիմա իմ հավաքած քարերը կբերեմ ցույց կտամ: Բայց հիմա արկածային գրականություն եմ կարդում, շատ է դուրս գալիս ոստիկանի աշխատանքը»: Անմիջական եւ անկեղծ Դիանան, պարզվում է, իրենց տանը երեխաներից ամենամեծն է: Նա ամենալավ օգնականն է իրենց խնամող Զառա մայրիկի համար: «Երեխաները միշտ զբաղված են դասերով, իրենց հետաքրքրություններով, խմբակներ են հաճախում, եւ միմյանց հետ շփվելու խնդիր էլ չունեն: Օրինակ, իմ տանը ապրում են 6 երեխաներ` աղջիկներ եւ տղաներ: Իհարկե, տղամարդու, հոր կարիքը զգացվում է, թեեւ ես եւ մեր բոլոր աշխատողները անում ենք ամեն ինչ` լիարժեք ընտանիքի մթնոլորտ ստեղծելու համար: Իմ դերը այստեղ ոչ միայն մայրությունն է` բառիս բուն իմաստով, այսինքն` խնամքը, երեխաների համար կերակուր պատրաստելը, դասերի պատրաստման օգնությունը, այլեւ ես դաստիարակում եմ երեխաներին»,- ասում է տիկին Զառան:

Մանկական այս գյուղի հետաքրքիր ու խնամքով լի առօրյան տեսնելուց հետո դժվար է պատկերացնել, թե այս երեխաները մանկական գյուղում ապրելուց հետո, 14-15 տարեկանը լրանալուց հետո տեղափոխվում եւ մինչեւ 21 տարեկանը լրանալն ապրում են Երեւանում գործող, այսպես կոչված, «երիտասարդների տանը»: Իհարկե, այստեղ նրանց դաստիարակում են ինքնուրույն եւ կարգապահ լինել` օգնելով ընտելանալ ընտանեկան կյանքին եւ ներգրավվել իրական կյանքի մեջ: «ՍՈՍ»-ի սաները հաճախ են լինում Երեւանում, այցելում են Երգի պետական թատրոն: Ի դեպ, թատրոնում սովորելու համար նրանք կարող են առանց քննության ընդունվել: Երբեմն երեխաներն այցելում են Հայաստանի տեսարժան վայրեր: Մանկական այս գյուղում այնպիսի զգացողություն է լինում, կարծես առանձին, աշխարհից կտրված մի պետություն լինի այն` իր խնդիրներով եւ առօրյա հոգսերով, որոնց լուծմանը ՀՀ պետական մարմինները չեն աջակցում: Սակայն կան անհատ մարդիկ, որոնք օգնում են իրենց հնարավորությունների չափով: Օրինակ, պարզվում է, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը «ՍՈՍ»-ի բարեկամն է, նա շատ հաճախ է լինում այս «գյուղում», շատ կապված է երեխաների հետ: Նրա «Մայրիկ» տեսահոլովակը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նկարահանել է հենց այստեղ: Տեսահոլովակը երգի ազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ մրցանակի եւ դրամական պարգեւի, որը փոխանցվեց «ՍՈՍ»-ին: Հայկական շոու-բիզնեսի աստղերից ոմանք հաճախ են օգնում` գալիս են, նվերներ են բերում, համերգներ եւ հանդեսներ են կազմակերպում, համակարգիչներ են նվիրում, որոնց շնորհիվ 2 ամիս տեւողությամբ համակարգչային դասընթացներ են գործում: Ժամանակ առ ժամանակ «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցներն են այցելում նվերներով եւ միջոցառումներ են կազմակերպում: Բայց այդ՝ ժամանակ առ ժամանակ հատկացող օգնությունը չի կարող ամբողջովին թեթեւացնել երեխաների հոգսերը: Իսկ «ՍՈՍ» մանկական գյուղը չունի մշտական հովանավոր, որը կարողանա մշտապես աջակցել այս գեղեցիկ ու խիստ կարեւոր ու մարդկային ծրագրին: Պետությունն ընդհանրապես որեւէ աջակցություն չի ցուցաբերում: Ի դեպ, Իջեւանում կառուցվում է արդեն 2-րդ «ՍՈՍ մանկական գյուղը», այս անգամ արդեն` քարե տներով:

Զարուհի ԱՎԵՏԻՍՅԱՆ