«Եվրատեսիլի» վարկանիշը Ֆիլիպ Կիրկորո՞վն է գցում

07/05/2009 Անի ՀԱՐՈՅԱՆ

Մայիսի 12-ին Հայաստանն արդեն չորրորդ անգամ կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Երեկ այս թեմայի շուրջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բանախոսներ` երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ «Էմփիրեյ» խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանն անդրադարձան Ինգա եւ Անուշ Արշակյաններին, ովքեր եւ այս տարի ներկայացնելու են Հայաստանը:

Ս. Մանուկյանն ասաց, որ չնայած քույրերի հանդեպ իր դրական վերաբերմունքին, երգի ընտրությունը անհաջող է համարում, որովհետեւ երգում պարսկական, հնդկական նրբերանգներ կան: Ըստ նրա` Անուշն ու Ինգան կարող էին շատ ավելի լավ ֆորմատի երգ ներկայացնել, մասնավորապես՝ նրանց ռոքային շատ գեղեցիկ «Գութան» ստեղծագործությունը: Շուշան Պետրոսյանը եւս վստահեցրեց, որ իր ցանկությունն էլ էր, որպեսզի Արշակյանները ներկայանային հենց այդ երգով: Բայց քանի որ երգի ընտրությունն արդեն կատարված է, եւ շատ քիչ ժամանակ է մնացել մրցույթին, այլ բան չի մնում, քան նրանց հաջողություն մաղթել: «Էմփիրեյ» խմբի մեներգչի խոսքերով, ինքն ընդհանրապես այս մրցույթի հանդեպ լավ տրամադրվածություն չունի։ «Կարծում եմ, որ Եվրատեսիլը «ճ» կլասի մրցույթ է, ու առանձնապես մրցույթի վարկանիշն ընկավ, երբ ժյուրիի նախագահ ընտրվեց մուտացիան չավարտված դեգեներատ Ֆիլիպ Կիրկորովը»,- վստահեցրեց երգիչը: Իսկ Շուշան Պետրոսյանը, վերջին չորս տարին է, որ լուրջ հետեւում է այս մրցույթին, եւ համարում է, որ այս մրցույթի համար լուրջ ձեռքբերումներ են երգչուհի Սելին Դիոնը եւ շվեդական «Աբբա» խումբը: «Չեմ սիրում այդ մրցույթը, բայց քանի որ մերոնք են արդեն գնում, բնականաբար, անտարբեր մնալ չեմ կարող: Այս չորս տարիների ընթացքում ամեն տարի մի բան միշտ շատ եմ սիրել. առաջին տարին, երբ Անդրեն էր մասնակցում, տեսահոլովակն էի շատ սիրում, երկրորդ տարին` Հայկոյի մասնակցությամբ, շատ սիրում էի երգը, իսկ վերջին` Սիրուշոյի մասնակցության ժամանակ, քանի որ ես շատ սուբյեկտիվ եմ նրա նկատմամբ, ես պարզապես Սիրուշոյին եմ սիրում»,- ասաց Շ. Պետրոսյանը: Իսկ ինչ վերաբերում է Անուշ եւ Ինգա Արշակյանների մասնակցությանը, ապա վերջապես իրականացել է Շ. Պետրոսյանի վաղեմի ցանկությունը, բայց Հայաստանում տեղի ունեցած նախընտրական փուլի ժամանակ, ինչպես եւ խոստովանեց երգչուհին, Արշակյանների «Նոր պար» երգը չհավանելու պատճառով նա քվեարկել է «Dorians» խմբի օգտին: Շ.Պետրոսյանը վստահեցրեց նաեւ, որ բացի հանդիսատեսի ընտրությունից՝ նախընտրական փուլի ժամանակ Եվրատեսիլի ժյուրիից հատուկ խումբ է ներկա եղել, որն էլ հենց թելադրել է երգի ֆորմատը, այսինքն` բացի հանդիսատեսի քվեարկությունից, «Եվրատեսիլի» ներկայացուցիչների ընտրությունը եւս եղել է Ինգայի եւ Անուշի «Նոր պար» երգը: Իսկ ռուսական «Ֆրեշ Արտ» ընկերության հետ համագործակցության իմաստը Շուշան Պետրոսյանը դժվարանում է բացատրել։ «Ես այդ եռյակին մի քիչ չեմ հասկանում, քանի որ չեմ կարող հասկանալ շպարված տղամարդուն: Ինձ դուր չի գալիս, որ աղջիկների կերպարները համակովկասյան են, ընդ որում, ոչ այնքան հայկական, որովհետեւ աղջիկները շատ են հայկական, հայեցի են երգում, կարծում եմ, որ դա իրենց ներքինը չէ»,- վստահեցրեց Շուշան Պետրոսյանը: Իսկ Սարգիս Մանուկյանի համար պարզ չէ, թե ինչու հայ մասնագետները չեն զբաղվում մասնակցող երգչի կերպարի ստեղծմամբ, երբ այս մի քանի տարիների փորձից պարզ դարձավ, որ դրսի մասնագետների հետ համագործակցությունն այնքան էլ հաջող չէ: Ինչ վերաբերում է այն աղմուկին, որ ստեղծվում է ամեն տարի մրցույթից առաջ, Ս. Մանուկյանի վստահեցմամբ, մեր իրականությանը մշտապես անհրաժեշտ են թեմաներ. «Որոշ ժամանակ սերիալների թեմաներն էին, հետո Մշակույթի նախարարության հրամանն էր կենդանի կատարման մասին, ի դեպ, վերջերս պարզ դարձավ, որ 5-6 տարի շոու-բիզնեսում գործունեություն ծավալած երգիչ-երգչուհիները սկսել են գնալ վոկալի դասերի»: Բանախոսները, ովքեր սկզբունքորեն չեն մասնակցում որեւէ մրցանակաբաշխության, անդրադարձան նաեւ ամենամյա հայկական մրցանակաբաշխություններին: Ըստ Սարգիս Մանուկյանի`շատ զարմանալի է, թե ինչպես է հնարավոր երաժշտական ինդուստրիայից շատ թույլ լինելով՝ տարեկան 3-4 մրցանակաբաշխություն կազմակերպել: Բանախոսները չկարողացան անտարբեր մնալ նաեւ ներկայումս ամենաշրջանառվող՝ քաղաքապետի ընտրությունների թեմայի նկատմամբ: Ռոք երգիչը հավաստիացրեց, որ ինքը երբեք չի մասնակցել Հայաստանում տեղի ունեցող եւ ոչ մի ընտրության, ինչպես նաեւ իրենց խումբը չի մասնակցել ոչ մի նախընտրական համերգի, քանի որ չեն ուզում, որ իրենց երաժշտությունն օգտագործվի նմանօրինակ նպատակների համար, բացի դրանից, ռոք խմբերի մասնակցությունը նման համերգներին բավականին թանկ հաճույք է: Իսկ Շուշան Պետրոսյանը վերհիշելով բոլոր թեկնածուներին, վստահեցրեց, որ այդ ցուցակում իր համար նախընտրելի թեկնածու է ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Բայց Երեւանի թեմայից չշեղվելով, Շուշան Պետրոսյանը նեղսրտեց, որ Երեւանում վերացել է բոհեմ ասվածը, վերջինիս վստահեցմամբ՝ հիմա արվեստագետները համախմբվում են որեւէ պրոյեկտի շուրջ, իսկ պրոյեկտը շատ կոպիտ է եւ հաշվարկված: Իսկ թե ինչու է Հայաստանում բոհեմական կյանքը ընդհատակ անցել՝ Շ. Պետրոսյանն ասաց. «Մեզ մոտ չգրված օրենքով կամ ինչ-որ մեկը սխալմամբ որոշել է, որ հայկական մշակույթի դոմինանտը փոփ երաժշտությունն է, որտեղ հիմնականում ոչ ուսյալ երիտասարդներ են, ովքեր չափազանց ինքնաբավ են եւ ավելորդ են համարում ներկայացումների ու համերգների գնալը, խոսքն, իհարկե, փոփ համերգների մասին չէ»: Վերջում բանախոսներն առաջարկեցին այս ամենը հաղթահարելու իրենց տարբերակները, Ս. Մանուկյանն առաջարկում է չնայել եւ չտեսնել այն, ինչ հրամցնում են հեռուստառադիոընկերությունները: Իսկ Շ. Պետրոսյանն առաջարկում է, որ Մշակույթի նախարարության աջակցությամբ այն արժեքավոր համերգները, որոնք, այնուամենայնիվ, տեղի են ունենում հայ իրականությունում, շատ ավելի հասանելի լինեն մարդկանց: