Իսկը Փուրթուլի դուքան

20/07/2005

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մեր աղբյուրներից
տեղեկացանք, որ մայիսի 26-ին մեր թերթում տպագրված «Փուրթուլի դուքանի
պես» հրապարակումը (որի հեղինակը Հակոբ Մարտունին էր) դժգոհություն էր
առաջացրել նախարարության աշխատակազմում: Հիշեցնենք, որ Հակոբ Մարտունին իր
հրապարակման մեջ ներկայացրել էր մեր մշակույթի ոլորտում տիրող անհեթեթ
իրավիճակը՝ բնութագրելով մշակույթի նախկին եւ ներկա նախարարներին, այդ
թվում՝ Հովիկ Հովեյանին: Նշենք, որ Հ. Մարտունին այս ընթացքում զբաղեցնում
էր Մշակույթի նախարարության աշխատակազմի Ժողստեղծագործության եւ արվեստի
բաժնի թատրոնների առաջատար մասնագետի հաստիքը: Հրապարակումից երկու շաբաթ
հետո Հ. Հովեյանը եւ աշխատակազմի ղեկավար Գ. Մանասյանը դիմել են
Քաղծառայության հանրապետական խորհրդին՝ առաջարկելով կրճատել վերոհիշյալ եւ
մի քանի այլ հաստիքներ:

Մեր ընթերցողների շրջանում այս հոդվածը դրական արձագանք ունեցավ,
որովհետեւ հոդվածագիրը ռեալ ներկայացրել էր նախարարության ղեկավարների ու
համակարգում պաշտոններ ստացած նրանց ազգականների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի
ու վերաբերմունքի հետեւանքով մշակույթի ոլորտի ապականումը: Հ. Մարտունին
Մշակույթի նախարարությունը համեմատել էր երեւանցիներին հայտնի Փուրթուլի
դուքանի հետ:

Եվ ահա Հ. Հովեյանը եւ իր աշխատակազմի ղեկավարը որոշեցին ազատվել Հ.
Մարտունուց, որը լինելով նախարարության աշխատակազմում, համարձակվել էր
ասել՝ մշակույթն այստեղ շփոթում են միջոցառման հետ: