Գուցե հենց այդ պատճառով Գոգոլը չէր կարողանում երկար մնալ ու ապրել անծայրածիր ռուսական տարածքներում: Նա սիրում էր դրանց մտովի Հռոմից նայել, որտեղ ժամանակ առ ժամանակ վրա էին հասնում տարածության մոնղոլական ծարավի նոպաները: Նա ձերբազատվում էր այդ նոպաներից այն բանով, որ մի ճարպիկ ուղեկցորդ էր վարձում եւ ջղաձիգ շրջելով դեսուդեն էր նետվում հռոմեական Կամպանյայում, քանզի անմիջապես Ռուսաստան գնալու հնարավորություն չուներ եւ չէր կարող շրջել Եվրասիայի անծայրածիր տափաստաններով:
Սակայն նույնքան ցայտուն էին ահուդողի նոպաները Ռուսաստանի կայսերական տարածության հանդեպ: Այդ մասին է վկայում, նամակներից եւ Գոգոլի կենսագրության որոշ պահերից բացի, այստեղ ներառելով հանկարծակի եւ աննպատակ մեկնումները Ռուսաստանի տարածքից դուրս, նրա հայտնի դրվագը «Մեռյալ հոգիներից», որը գրվել էր Իտալիայում: Այն սկսվում էր այս խոսքերով՝ «Ռուսաստան, Ռուսաստան, տեսնում եմ քեզ…»:
Գաղափարայնացված սովետական գրականագիտությունը այդ հատվածում զուտ քաղաքացիական քնարերգություն էր տեսնում եւ երբեք չէր նկատում այն խորունկ, ոչ մոնղոլական սարսափը, որը ծագում էր Գոգոլի հոգում մեն միայն ռուսական տարածության մասին մտածելիս: Պատկերացնելով այդ տարածությունը Հռոմում, նա այդ մասին այսպես էր գրում.
«Եվ ահեղաբար ինձ կկալի վիթխարի տարածությունը, սարսափելի ուժով արտացոլվելով իմ խորքում»:
Գոգոլն, ի տարբերություն Պուշկինի, բազմիցս հատել է կայսրության սահմանը: Նա նույնիսկ նրանից շատ հեռու է գտնվել, երբ գրել է այս խոսքերը: Բայց նույնպես, ինչպես եւ Պուշկինը, նա չէր կարողանում «դուրս պրծնել անծայրածիր Ռուսաստանի սահմաններից»:
Նրա տարածությունը վրա էր հասնում Գոգոլին եւ այստեղ, Իտալիայում, նրան ցուցանելով իր անհաղթահարելիությունը եւ «սարսափելի ուժը»` ինչպես որ Պուշկինին Արփաչայ գետի մոտ:
Առավել սուր հակասականությամբ էր ներթափանցված Տյուտչեւի վերաբերմունքն առ Ռուսաստանի տարածությունը: Տյուտչեւի գիտակցությունը չափազանց երկատված էր: Նա արտաքին գործոց մինիստրության աստիճանավոր էր, պրոֆեսիոնալ դիվանագետ, մոլի քաղաքագետ եւ միաժամանակ «երկրի երեսին գոյություն ունեցող մեծագույն քնարերգակներից մեկը», ինչպես նրա մասին ասել է Աֆանասի Ֆետը:
Տյուտչեւն իր կյանքի համարյա մեկ երրորդը անցկացրել է Արեւմտյան Եվրոպայում, լինելով դիվանագիտական ծառայության մեջ Մյունհենում եւ Թուրինում: Ռուսաստան նա շատ հազվադեպ էր այցելում: Բայց, երբ նրան բախտ էր վիճակվում մտնելու կայսրության սահմանները, նրա ահագնացող տարածությունը նրան հուսահատության գիրկն էր նետում: Ռուսական ճանապարհային կայարաններից իր կնոջը՝ Էրնեստինային, նամակներ ուղարկելով, նա գրում էր, որ խրվում է «նողկալի, անընդգրկելի, սկյութական հարթավայրի մեջ»:
Բանաստեղծի նամակներից երեւում է, որ նա տանել չէր կարողանում վիթխարի տարածությունները շատ պատճառներով: Սակայն հիմնական պատճառն այն էր, որ Տյուտչեւը հավասարության նշան էր դնում տարածության եւ մահվան միջեւ: Մահվան հետ մեկտեղ՝ նա տարածությունը կոչում էր իր «ամենաոխերիմ թշնամին»:
Ի տարբերություն Գոգոլի, Տյուտչեւին ամենեւին չէր գրավում ճամփորդության փորձն այն աշխարհ՝ ինչ-որ տեղ Կամչատկա կամ Ճապոնական ծովի ափեր անվերջանալի երկար ճանապարհի տեսքով: Նույնիսկ փոխադրությունները Եվրոպայով եւ Ռուսաստանի եվրոպական մասով նրան անտանելի էին թվում: Երկաթուղու հայտնվելը նա իր նամակներից մեկում ողջունում էր տենդագին հույսով.
«Ախ, մի հայհոյեք երկաթուղիները, որովհետեւ դրանք հանգստացնում են իմ երեւակայությունը իմ ամենասարսափելի թշնամու` տարածության առումով, ատելի տարածության, որը սովորական ճանապարհներին խեղդում եւ անգոյության մեջ է ներմղում մարմինն ու հոգին մեր»:
Այսպիսով, տարածությունը թշնամի է: Տարածությունն ատելի է: Տարածությունը հոգին ներմղում է անգոյության մեջ: Սակայն այդ դեպքում մենք ի՞նչ ենք տեսնում:
Հենց Տյուտչեւը նոր Չինգիզխանի պես 19-րդ դարի կեսին իր «Ռուսաստանը եւ Արեւմուտքը» քաղաքական տրակտատում, որը ֆրանսերեն էր գրված, ստեղծում է ամենաարմատական եւ հիրավի մոնղոլական «Կայսրության վարդապետությունը»: Տյուտչեւի այդ վարդապետությունը ենթադրում է ռուսական տարածության ընդլայնումը աներեւակայելի չափերի: Տյուտչեւի երեւակայությունն ուրվագծում է ինչ-որ համաշխարհային «Համապարփակ Միապետություն», կամ «վերջնական Կայսրություն»: Այն գտնվում է ռուս արքայի ղեկավարության տակ եւ ունի տարածություններ, որոնք անհամեմատելիորեն գերազանցում են պատմական մոնղոլաոլորտը: Այդ գերկայսրությունը, որ գրավում է Աշխարհի համարյա ողջ Հյուսիսային կիսագունդը, որը բանաստեղծը գնահատում է` որպես Ասորական, Պարսկական, Մակեդոնական, Հռոմեական Կայսրությունների ժառանգորդ: Նա կայսրության սկզբունքի միակ օրինական կրողն է: Իսկ կայսրությունն, ըստ Տյուտչեւի (ճիշտ նույնպես, ինչպես ըստ Չինգիզխանի), մարդկության համար պիտի լինի մեկը` կայսրությունը սկզբունք է, այն անբաժանելի է: Տարածության մահացու ուժի մասին տրակտատում, բնականաբար, ոչինչ չի ասվում: Բայց ավելի հատկանշական է մի այլ փաստ:
Թվարկելով աշխարհի «բոլոր» կայսրությունները, Տյուտչեւը ոչ մի անգամ չի հիշատակում Մոնղոլական Կայսրությունը, ասես այն երբեք գոյություն չի ունեցել աշխարհի երեսին:
Ի՞նչ պատճառով է նա զանց առել, իրականությունից ջնջելով այդ բացարձակապես իրական եւ ամենավիթխարի միջնադարյան պետությունը, որն ահարկու հզորություն ուներ:
Պատմաբանի կամ գրականագետի սթափ ուղեղը կգտնի այդ հարցի շատ պարզ պատասխանը` Տյուտչեւը սլավոնասեր էր եւ մտքով անգամ չէր կարող անցկացնել, որ «կայսրության սկզբունքը» Ռուսաստանը Մոնղոլիայից է ժառանգել: Սակայն բանն այնքան էլ պարզ չէ, որքան կարող է պատկերանալ ռացիոնալ գիտակցությանը: Տյուտչեւը, ամենից առաջ, ռուս գրող էր: Իսկ դա նշանակում է, որ մեծ եւ ահարկու մոնղոլական տարածությունը, որը ներկլլել ու յուրացրել էր Ռուսաստանը «կայսրության սկզբունքի» հետ, նրա համար այն առանձնահատուկ իրականությունն էր, որը ցանկալի է տեսնել եւ չնկատել. թե ինչը ոգեւորում եւ ճնշում է, ինչը վանում եւ ձգում է, եւ ինչը պետք է պահպանվի զգացմունքներում եւ ինչից ավելի լավ է ազատվել:
Վենետիկի ստվերը
Նիցշեի սերն առ Վենետիկ` նույնքան խորհրդավոր երեւույթ է, որքան եւ նրա խելագարությունը: Նա չպետք է որ սիրեր այդ քաղաքը: Արտաքին պարագաների` արեւի լուսավորության, օդի, կլիմայի, եղանակի, բնապատկերի, ժամանման վայրի քմահաճ դյուրընկալությամբ, Նիցշեն կարող է համեմատվել միայն Գոգոլի հետ: Իրական, սակայն շատ խորհրդավոր հիվանդություններով ուղեկցվող, ճշգրիտ ախտորոշման չտրվող, սուր մելամաղձոտությունը` դաժան, օտարների աչքին թատերական ցայտունության հասնող, ընդ որում, չմոգոնած տառապանքները բնության զանազան երեւույթներից` անսովոր զգայունությունը առ հոտերը, հնչյունները, փողոցային ամբոխի կազմն ու տրամադրությունը. հոգեվիճակների կտրուկ փոփոխություններն այս կամ այն քաղաքի շրջակա տեսարաններից ու ընդհանուր մթնոլորտից, վաղաժամ կամ անհապաղ մահվան հաճախակի կանխազգացումները, որ ստիպում էին փախչել այլ վայրեր եւ հընթացս տենդագին կտակ կազմել (Գոգոլն առաջին անգամ փորձարկել էր այդ ժանրը մահվանից տասներկու տարի առաջ Վիեննայից Հռոմ ուղեւորվելիս, Նիցշեն` քսան տարի առաջ` Բազելից Վերին Էնգադին ուղեւորվելիս), կախվածությունը շրջակա միջավայրի ամենաանորսալի հատկանիշներից, ներառելով այստեղ այնպիսիք, ինչպիսին է «էլեկտրականության առկայությունը օդում» (Նիցշեի դեպքում) եւ «դժնդակ տրամադրությունը օդում» (Գոգոլի դեպքում). այդ ամենը նույնչափ եւ միեւնույն հարակայությամբ դրսեւորվում էր երկու գրողների բնույթում:
Ինչպես եւ Գոգոլը, Նիցշեն անդադար տեղաշարժվում էր Եվրոպայով մեկ` իր տեղը գտնելու փնտրտուքով` ոչ թե ինչ-որ հիասքանչ ու հարմարավետ վայր, որը ընդունված տեսակետից գրավիչ կողմեր ունի, այլ մի վայր, ուր հատկապես նա` Նիցշեն կկարողանար լավ զգալ, մտածել, գրել: Այդպիսի վայրը պետք է համապատասխաներ պայմանների բարդագույն զուգակցումների, որոնք պարտադրվում էին օրգանիզմի միաժամանակ բոլոր համակարգերից` նյարդային ու արյունատարից սկսած՝ մինչեւ ոսկրայինն ու մկանայինը: Ընդ որում, պարտադրվում էին կտրուկ կերպով: Նվազագույն շեղումները պահանջվող պայմաններից` օրինակ, արեւի բացակայությունը մի քանի օրվա կամ նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում, խոնավության թռուցիկ հոտը օդում, ջերմաստիճանի տատանումները, անձրեւը, ցածր սահող ամպերը եւ այլն. դրանց կարող էին հետեւել գլխացավի նոպաները, սրտխառնուքը, անքնությունը, փորացավերը, տեսողության խախտումը, ջղաձգումները, եւ, ի վերջո, այն հոգեվիճակը, որը ինքը՝ Նիցշեն կոչում էր «Մռայլ անհույս մելամաղձ»:
Խոնավ եւ քարե Վենետիկը, որից չեն երեւում լեռները, եւ որը չի կարելի մեկուսի քաղաք կոչել, որ ներգծված է բնության վեհապանծ համայնապատկերում եւ մի խումբ աննշմար բնակիչներով (այդպիսին էր, մոտավորապես, Նիցշեի բնակավայրի իդեալը), թվում է, թե նույնիսկ չպետք է որ Նիցշեին այդքան սիրելի Շվեյցարիայից դուրս բերեր: Ի դեպ, նրան նույնիսկ ինքն՝ Իտալիան, այնտեղից դժվարությամբ դուրս բերեց: Սկզբում նա լոկ զգուշորեն աչք էր ածում: 1872-ի օգոստոսին նա փորձի համար բնակվեց Բերգամոյում եւ այդ քաղաքից հարավ չի իջել, քանի որ երկյուղում էր հեռանալ լեռներից, լեռնային օդից, լեռնային լճերից, ալպիական բնապատկերներից: Բերգամոյից նա հեռացավ մի քանի օրից` փախավ շվեյցարական Սպլյուգեն գյուղակը, որը տեղակայված է լեռնաբերձ ճանապարհի վրա, եւ այնտեղից հայտնեց բարոն Գերսդորֆին, որ իրեն զգում է «լիովին գոհ ընտրած կացարանից»:
Ավելի ուշ, տեղից տեղ դեգերելով, նա ամեն դեպքում առաջացավ դեպի հարավ` Իտալիայի խորքերը: Սակայն հանրահայտ քաղաքը ծովալճի կղզիների վրա նա չէր փութում տեսնել: Նրա ցանկացած հարավային ուղեւորություն (Հռոմ, Նեապոլ, Սորենթո) պահանջում էր, որպես կանոն, անհապաղ հյուսիսային ուղեւորություն` ալպիական քաղաքներ եւ գյուղաքաղաքներ… Վենետիկ նրան կանչեց Պետեր Գաստը` նվիրված ընկերն ու երկրպագուն, ով տարված էր կոմպոզիտորությամբ եւ առանձնանում էր գործուն երեւակայությամբ (երբ Նիցշեն խելագարվեց, նրան ամենից հաճախ էր թվում, թե փիլիսոփան խելագար է ձեւանում): Բնակվելով Վենետիկում, Գաստը բազմիցս համառորեն այնտեղ էր հրավիրում Նիցշեին, ով զանազան պատճառներով` հիմնականում իր առողջության համար երկյուղելով` հրաժարվում էր այդ ուղեւորությունից: Սակայն այնպես պատահեց, որ մի անգամ Գաստն ինքը եկավ Նիցշեի ետեւից Ռիվուի Գարդա կղզին եւ նրան իր հետ Վենետիկ բերեց: Դա պատահեց 1880 թվականի մարտին: Քաղաքում տեղատարափ անձրեւներ էին գալիս: Գաստը սարսափած էր: Նա հրաշալի գիտեր, թե ինչ աղետալի ազդեցություն կարող է ունենալ Նիցշեի վրա վատ եղանակը, հատկապես այնպիսի քաղաքում, ինչպիսին Վենետիկն է, որտեղ չկան բնության սփոփիչ տեսարաններ, այլ կան լոկ ծովալճի ջրանցքներով բաց թողնված մեռյալ ջրերը: Բայց հրաշք տեղի ունեցավ: Ոչ անձրեւը, ոչ խոնավությունը, ոչ ծովալճի նեխահոտը, ոչ նույնիսկ մթնշաղով պատված նեղլիկ փողոցները` ոչինչ չէր կարող նսեմացնել այն հիացական զգացմունքը, որ ծնել էր Նիցշեի մեջ Վենետիկը:
Հիացմունքը վաղանցուկ չեղավ: Վենետիկը, ուր Նիցշեն բազմիցս եկավ, նրան այնքան գրավեց ու ապշեցրեց, որ իր սիրահարության մասին առ այն նա գրում եւ խոսում էր նույն հարատեւությամբ, որով Գոգոլը գովաբանում էր իր երանելի վայրը` Հռոմը: Մինչեւ իր գիտակից կյանքի վերջը Նիցշեն պնդում էր, որ Վենետիկը միակ քաղաքն է, որ նա կարող է տանել, որում նա երջանիկ է եւ որում նա իրեն միշտ «լավ եւ հաճելի է» զգացել… Ինչո՞ւ:
Պատասխանել այդ հարցին, խոհածելով, թե Վենետիկն, անշուշտ, հիասքանչ քաղաք է, անհնար է: Հիասքանչ քաղաքներ անպայմանորեն (առանց բազմաթիվ տարաբնույթ պայմանների) Նիցշեի համար գոյություն չունեին:
Հրաշքի ետեւում իրոք որ ինչ-որ հրաշալի բան կար: Վենետիկի կառուցվածքը լիովին համընկնում էր Նիցշեի ուղեղի կառուցվածքին:
Նրա խոսքերն առ այն, որ «Վենետիկը բաղկացած է հարյուր առանձին միասնություններից, եւ դրանում է նրա մոգական հմայքը», կարելի է կիրառել նրա ցանկացած գրքի պարագայում:
Կենդանության օրոք նրա հրատարակիչ Շմեյցներին մեկ անգամ չէ որ հունից հանել է այն հանգամանքը, որ Նիցշեն նրան առաջարկում էր ոչ թե ամբողջական ստեղծագործություններ, այլ ասույթների հավաքածուներ` անորսալի թելի վրա շարված անջատ միասնություններ: «Հասարակությունը չի ուզում ասույթներ կարդալ»,- հայտարարում էր նրան հրատարակիչը: Սակայն դա Նիցշեի անհաղթահարելի ոճն էր: Այդպես էր նա կամենում եւ միայն այդպես կարող էր նա գրել… ինչպես «գրված է» Վենետիկը, ուր առանձին վերցրած ամեն մի անկյուն կամ ծովալճի կղզի ավարտուն քաղաք է կամ ճարտարապետական աֆորիզմ: Դա՝ առաջին հերթին:
Երկրորդ համընկնումը առավել զարմանալի է: Վենետիկը վիթխարի լաբիրինթոս է, առանց որեւէ նմանավորության: Բավական է ճամփորդը շեղվի ընտել երթուղիներից, եւ մոտակա նրբանցքները մեկեն նրան կհափռեն, կպտտացնեն, կշրջեն եւ փութով կփոխանցեն այլ նրբանցքներին, կամուրջներին, փողոցներին, որոնք նրա պատկերացումները երկրի ծագերի եւ սեփական կողմնորոշումների մասին միանգամայն անորոշ կդարձնեն: Նա երկար կհածի անել, խեղդված տարածության մեջ, ուր չկա ոչ հարավ, ոչ հյուսիս, ոչ հորիզոններ, ոչ ուղղություններ, եւ ոչ իսկ երկինքը, այլ կան միայն քարե անցումները եւ լույսի բարակ շերտը գլխավերեւում. նա գերու կվերածվի: Սակայն այդ լաբիրինթոսի յուրաքանչյուր գերյալի a priori հայտնի է, որ նրա ծայրին կա մի այնպիսի բան, որից ամեն ինչ կփոխվի: Իսկ հատկապես` կա Սան Մարկոյի հրապարակը, ուր վաղ թե ուշ դուրս կբերեն խճճված փողոցներն ու նրբանցքները: Եվ այնտեղ, այդ հրապարակի վրա, կկատարվի ինչ-որ բան, ինչը շատ նման է ֆիզիկոսների մտածածին, երբ խոսում են սինգուլյարության, Մեծ Պայթյունի, Պլանկի դարաշրջանի եւ տիեզերքի էքսպոնենցիալ ընդարձակման մասին: Տեղի կունենա վենետիկյան լաբիրինթոսային տարածության պայթուցիկ եւ շլացուցիչ ընդարձակումը: Ակնթարթաբար կծավալվի տոնական նյութը` վիթխարի գունավոր դրոշները, Սան Մարկոյի տաճարի շողանքը, կենդանի ծովը, որը սողում է դեպի հրապարակը: Եվ ամեն ինչ կդրվի իր տեղը` հորիզոնը, երկրի, արեգակի, երկնքի կողմերը: Սակայն այդ պայթյունի ուժն ու անսպասելիությունն այնպիսին են, որ գիտակցությունը եւս կհայտնվի մի առանձնահատուկ վիճակում, այնպես, որ ասես նրան կբացվի ինչ-որ երջանիկ գաղափար… Հենց այդպիսի սխեմայով էր տեղի ունենում Նիցշեի մտավոր գործունեությունը: Դա թափառումն էր մտքերի լաբիրինթոսում ինչ-որ մեծ պայթուցիկ գաղափարի որոնումներում, որը պետք է ցնցի եւ բերի էյֆորիայի վիճակի, վսեմագույն սարսափի եւ երջանկության, ինչպես, օրինակ, Մեծ Վերադարձի գաղափարը (Բորխեսին հետեւելով, որ Նիցշեն առաջինը չէ այն հայտնաբերել, Սան Մարկոյի հրապարակի դեպքում նույնն է` երբ այն բացվում է միգամած տարածության մեջ պտույտներից հոգնատանջ ճամփորդի հայացքի առաջ, նրա մեջ այն զգացողությունն է ծնվում, թե նա առաջինն է բացահայտել դրա առկայությունն աշխարհում): Ըստ էության, Նիցշեի փիլիսոփայության մեջ դրանից զատ այլ մի համակարգ չկա: Նա ասույթներով էր նշում իր հածումների ուղիները եւ շարունակում էր ներշնչանքով շարժվել դեպի որոնելի մեծ գաղափարը, ինչպես Վենետիկի այցելուն ներշնչանքով շարժվում է փողոցների մթին լաբիրինթոսից առ ամենապայծառացնող Սան Մարկոյի հրապարակը: Վենետիկի կառուցվածքը, ինչպես եւ տիեզերքի ոչ այլ մի օբյեկտ, դիզվում էր Նիցշեի գիտակցության կառուցվածքի վրա: Պատահական չէ, որ «Արշալույս» գրքում, որը սկսել էր գրվել Վենետիկ առաջին այցելության ժամանակ եւ կրում էր «Lգombra di Venezia» («Վենետիկի ստվերը») սեւագրային վերնագիրը, Նիցշեն գրում էր. «Եթե մենք կամենայինք եւ խիզախեինք ստեղծելու ճարտարապետություն ըստ հոգու մասին մեր պատկերացումների, մենք լաբիրինթոս կստեղծեինք»: Եվ պատահական չէ, որ «Չաստվածների մթնշաղում» պնդում էր` «Աֆորիզմը, ապոֆեգմա, որոնցում ես առաջին վարպետն եմ գերմանացիների մեջ, ըստ էության, «հավերժության» կերպերն են:
Պատահական կարելի է համարել այն փաստը, որ Նիցշեն հայտնվեց Կարլո Ալբերտոյի հրապարակում Թուրինում իր ուղեղի մթագնության կամ վերջնական պայծառացման առաջին օրը (նայած ինչպես դիտես. չէ որ այնտեղ նա կարեկցանքի նոպայի մեջ գրկել էր կառապանի ծեծած ձիուն): Խելացնորության համար, անշուշտ, նախատեսվել էր Սան Մարկոյի հրապարակը Վենետիկում, որտեղ նա պետք է համբուրեր աղավնիներին:
Գոգոլը եւ օդը
Գոգոլը օդը սիրում էր: Շատ էր մտածում նրա մասին, գրում էր: Օդը նրա համար անզգալի, թափանցիկ, անգույն, միասեռ ինչ-որ բան չէր: Ամենայն շարժման ժամանակ օդը Գոգոլի համար շատ նկատելի փոխվում էր, ինչպես ճանապարհին փոխվում են բնապատկերները: Մի անգամ նա գանգատվեց Միխայիլ Պոգոդինին, որ ճանապարհը Ավստրիայից Իտալիա նրա վրա կազդուրիչ չազդեց: «Այստեղ օդի փոփոխությունները քիչ էին»,- բացատրում էր նա: Գոգոլը երբեք չէր ասում, թե նա օդ է շնչում: Նա այն «խմում էր», «ներքաշում էր», «լսում էր», իր վրա զգում էր նրա «տաք համբույրները», տեսնում էր նրա «անտեսանելի երկնային փայլը»: Եվ այդ պատճառով նա զգում էր օդի փոփոխությունները նույնքան պարզորոշ, ինչպես բնապատկերների փոփոխությունները: Ինչո՞վ: Ամեն ինչով` աչքերով, ականջներով, լեզվով, մաշկով, քթով: Քթի մասին, դե, իհարկե, առանձին է պետք ասել:
Աստված պատահաբար չէր Գոգոլին բոլոր իմաստներով սուր եւ երեւելի քիթ պարգեւել: Աշխարհի երեսին եւ ոչ մի գրող չունի որպես իր արտաքինի առավելապես իմանալի խորհրդանիշ՝ իր դեմքի ինչ-որ միակ եւ առանձին վերցրած մի մաս: Մենք չենք կարող, համենայն դեպս, մենք լուրջ պատճառ չունենք, ասենք՝ մեկուսի վերցրած խորհրդածել, օրինակ, Պուշկինի փոքրիկ ճմռթված դնչի մասին կամ Կաֆկայի մեծ, մանկաբար ցցված ականջների մասին:
Գոգոլի քթի մասին կարելի է եւ պետք է լրջորեն խոսել: Թեկուզ այն պատճառով, որ այդ հայտնի քիթը` կպչուն, նրբազգաց, աչքի ընկնող եւ մտքում ծնվող, արդեն միայն նրա մասին մտածելուց, այդ քիթը ակնհայտորեն արտահայտում է Գոգոլի ֆիզիկական բնույթի կարեւորագույն հատկությունը` նրա ձգտումն առ օդը, նույնիսկ որոշ ագահությունն առ օդը, ինչը Գոգոլի դեպքում հասնում էր զվարթ խելացնորության: «Ինչ օդ է,- գրում էր նա 1838 թվականի աշնանը հռոմեական օդի մասին Մարիա Բալաբինային.- Թվում է, հենց քիթդ վեր քաշես, ապա ամենաքիչը 700 հրեշտակ մտնում են քթանցքներդ… Հավատացեք, որ հաճախ միմիայն քթի վերածվելու ցանկություն է առաջանում, որ այլեւս ուրիշ ոչինչ չլինի` ոչ աչքեր, ոչ ձեռքեր, ոչ ոտքեր, բացի մի ահագին քթից, որի անցքերը կարգին դույլերի մեծության լինեն, որպեսզի կարելի լինի հնարավորինս շատ մեջդ աշուն եւ անուշահոտություններ ներքաշել»:
Հատկանշական է, որ մայոր Կավալյովի քթի հետ հակառակ փոխակերպությունը կատարվեց: Քթի վրա հայտնվեցին եւ աչքեր, եւ ձեռքեր, եւ ոտքեր, եւ պետական խորհրդականի համազգեստ: Սակայն փոխակերպության էությունը նույնն էր` քթով, այդ հիմնական օրգանով, որով Գոգոլը համտեսում էր երկրի փոփոխական օդը, հասնել գոյի ինքնուրույնությանը: Այստեղ հարկ է իհարկե ասել, ամեն ինչում փոխաբերությանը ենթարկվելով` համտեսում էր օդերը: Սակայն միայն Գոգոլը, ով խորապես զգում էր օդի ցայտուն բազմազանությունը, նրա վառ մասնատվածությունը, տրված էր ազատ` առանց մտավոր ճիգի, ինչն անհրաժեշտ է քերականության կապանքներից ազատվելու համար` հոգնակի թվով գործածել օդ գոյականը: Արքունիքի ֆրեյլին Ալեքսանդրա Սմիռնովային, օրինակ, նա այսպես էր նկարագրում Փարիզի օդը, հաղորդելով նրան 1845 թվականի իր ուղեւորության մասին` «Դե, Փարիզը, կամ ավելի ճիշտ՝ Փարիզի օդը, կամ առավել ճիշտ՝ Փարիզի բնակիչների օդերի գոլորշիացումները, որ կենում են այստեղ օդի փոխարեն, ինձ քիչ օգնեցին եւ նույնիսկ կրկին խափանեցին տեղափոխությամբ եւ ճանապարհով ձեռքբերվածը»:
Օժտված այնպիսի տեսողությամբ, որն ունակ էր օդը անթափանցության աստիճանի գունազարդելու եւ խտացնելու, մինչեւ ակնառու իրեղենությունը, նա կարող էր տեսնել «Տների, տաճարների եւ ապարանքների խաղացկուն խայտաբղետությունը» ոչ թե օդում, այլ օդի վրա` «նրբին երկնային օդի, որ շողում էր անըմբռնելի լազուրով» («Հռոմ»):
Օդը Գոգոլի համար տիեզերքի ամենազգալի էանյութն էր, որի մասին է վկայում եւ այն հանգամանքը, որ նա լրիվ բնականորեն, նույնիսկ իր խոսքի անսովորությունը զգալու տեղիք չտալով, օդի վերաբերյալ գործածում էր մի այնպիսի բայ, ինչպիսին է «օգտվելը»: Օգտվել օդից: Նա մի անգամ այդպես էլ գրել էր մորը, բացատրելով նրան, թե ինչու հիմա չի կարող վերադառնալ Իտալիայից` «Այս երկրի բարերար օդը փրկարար ազդեցություն է գործում: Եվ միայն դրա երկարաժամկետ օգտագործումը կարող է ազատել ինձ իմ հիվանդությունից»:
Ինչ-որ յուրահատուկ հոտառությամբ նա զգում էր ոչ միայն իրեն շրջապատող օդը, այլ իրենից հեռու, աշխարհի բոլոր մյուս օդերը: Հենց այդ պատճառով էլ նա մի անգամ կարողացավ տալ մոլորակային օդի ընդհանրական բնորոշումը: Դա պատահեց 1844 թվականի հունվարի 2-ին: Գոգոլն այն ժամանակ ապրում էր Նիցցայում` «բնավորվել եմ Նիցցայում», ինչպես նա գրում էր ընկերներին: Նա այնտեղ թաքնվում էր գեշ եղանակից, անդադար անձրեւներից, որ հետապնդում էին նրան ձմռանը ողջ Եվրոպայով մեկ: Նիցցայում, ուր նա բնակվել էր ծովափին, խաղաղ արվարձանում, եւ որտեղ հիանալի եղանակ էր: Օդի մեջ քամու նշույլ իսկ չկար: Առավոտից իրիկուն շողում էր վառ արեւը: Ջանալով «մեկուսի եւ խոհածություններին տրված կյանք վարել», Գոգոլը դիտավորյալ խուսափում էր ռուս ծանոթների հետ հանդիպումներից` Վիլգորսկիների, մեշչերսկաների, Սոլոգուբների ընտանիքների հետ: Նա նույնիսկ իրեն արգելում էր հաճախ հանդիպել իր սրտակից բարեկամուհուն` ֆրեյլին Սմիռնովային, որովհետեւ Նիցցայում նա մտադիր էր տաք-տաք աշխատել: Եվ մտադրությունն այդ այնքան հաստատակամ էր, որ նա, ըստ իր արտահայտության, պատրաստ էր նույնիսկ «Բռնի ստիպել իրեն ինչ-որ բան անել»: Սակայն, չնայած բոլոր ջանքերին, որ համալրվում էին հիասքանչ եղանակով եւ մտախոհ առանձնությամբ, գործը առաջ չէր գնում: Չէր գրվում: Ինչ-որ անպարզ, անորսալի մի բան նրան կարոտի ու տվայտանքի մեջ էր նետում, խանգարում էր «ինչպես հարկն է աշխատել»:
Հունվարի երկուսին Գոգոլը, ինչպես միշտ, վաղ առավոտյան ծովափ ելավ, որպեսզի մոտիկից դիտի այն: Նա կանգնեց ափին, ունկնդրեց եւ նայեց լուսաբացի ծովային հեռաստաններին, տարուբերեց բարալիկ քթային թեւիկները: Եվ հանկարծ հասկացավ, թե բանն ինչ է: Օդը: Այդ ձմեռ օդի հետ ինչ-որ բան էր պատահել:
Վերադառնալով տուն, Գոգոլը կարճ ուղերձ հղեց բանաստեղծ Նիկոլայ Յազիկովին, որտեղ ի թիվս այլ բաների՝ հաղորդում էր.
«Զգում եմ անհասկանալի կարոտով միախառնված հոգեկան անհանգստություն, այժմ ինչ-որ ամենուր սփռված հիվանդություն կա, ի հետեւանս օդի ծանր դարսդարսման»:
Բացի Յազիկովից եւ հենց Գոգոլից, ով շուտով հեռացավ Նիցցայից միեւնույն անզուսպ կարոտով, ոչ ոք չգիտեր ճշմարիտ վիճակի մասին օդում: