Ռոման Բերեզովսկին հոգնել է

07/05/2009

Մերձմոսկովյան «Խիմկիի» ու Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Սովետսկի սպորտ-Ֆուտբոլ» պարբերականին տված հարցազրույցում պատմել է «տհաճե» հեռախոսազանգերի, Մոսկվայի «Դինամոյի» հանդեպ ունեցած համակրանքի, ինչպես նաեւ՝ դարպասապահներին բնորոշ տարօրինակ «ցանկությունների» մասին»: «Ապրիլի 2-ին ստացած հեռախոսազանգից հետո անծանոթ համարների զանգերին չեմ պատասխանում, իսկ այդ համարը պահպանել եմ բջջայինումս` «Այլանդակ» անվան տակ»,- ասել է Բերեզովսկին` անդրադառնալով իրեն սպառնացող հեռախոսազանգերի պատմությանը: ««Դինամոյի» երկրպագուները մինչ օրս ինձ շատ ջերմ են ընդունում. միգուցե, զգում են, որ այդ ակումբի հանդեպ առանձնակի վերաբերմունք ունեմ: 30-ամյակիս ինչ-որ բարձրաստիճան ոստիկաններ նվիրեցին բերետ ու վերնազգեստ, իսկ «Դինամոյի» երկրպագուները ծաղրածու են նվիրել, որի վրա գրված է. «Թող բոլոր հարձակվողները քեզ համար ծաղրածու լինեն»։ Նաեւ աստղ են նվիրել. Առյուծի համաստեղության աստղերից մեկն այժմ իմ անունով է: Չնայած, դեռ հեռադիտակով էլ չեմ տեսել այն… Չեմ սիրում «ԲԿՄԱ»-ի երկրպագուներին: Հակակրանքը նրանից է, որ երկու տարի առաջ քիչ էր մնում նստարանի մեծ կտորով գլխիս հարվածեին: Ես այդ կտորը նկատեցի, երբ մի քանի միլիմետր էր մնում, որ գլխիս դիպչեր: Մետաղադրամներ ու կրակայրիչներ՝ դա դեռ սովորական է, բայց որ պլաստմասսե նստարան… Տհաճ է նաեւ, երբ լազերային ցուցիչով աչքերդ են «կուրացնում»: Սամարայում վերջերս այդպես արեցին: Ամենավատն այն է, որ ոչ մեկին չես գանգատվի. ո՞վ է այդ պահին տրիբունաներում «դիպուկահարին» փնտրելու: Դարպասապահի համար նման լազերները իրական աղետ կարող են դառնալ… «Խիմկիի» հետ պայմանագիրս ավարտվում է 2011-ին: Չգիտեմ, կմնա՞մ այդքան ժամանակ ակումբում ու ֆուտբոլում ընդհանրապես… Եթե անկեղծ լինեմ, հոգնել եմ: Ոչ այդքան ուսումնամարզական հավաքներից ու ճամփորդություններից, որքան բարձրագույն խմբում տեղը պահպանելու պայքարից: Արդեն երկրորդ տարին է… Չգիտեմ, որքան դեռ կդիմակայեմ: Ուժեր կան, բայց արդեն զզվել եմ պարտվել, գնդակ բաց թողնել: Միգուցե, այս մրցաշրջանից հետո ընդհանրապես ավարտեմ կարիերաս: Բաժակը լցվել է… Նույնիսկ ոչ թե խաղադաշտից հեռանալու, այլ հերթական գոլից հետո բահը վերցնելու, փոս փորելու եւ հենց խաղադաշտում «ինքնահուղարկավորվելու»,- խոստովանել է 34-ամյա դարպասապահը: