Լավագույն ավանդույթները շարունակվում են

05/05/2009

Շաբաթ օրը պաշտոնապես մեկնարկեց Երեւանի ավագանու` մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հենց առաջին օրը Երեւանի տարբեր համայնքներում կայացան ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցությունների «հանդիպումներն ընտրողների» հետ: Եվ եթե իշխանական կուսակցությունների հանդիպումներն առանձնանում էին ընդամենը նրանով, որ «լավագույն ավանդույթների» համաձայն՝ ավտոբուսներով մարդիկ էին բերվում, այ Ազգային կոնգրեսի` երեկ Արաբկիրում տեղի ունեցած հանրահավաքից հետո, էլի ավանդույթի համաձայն, ոստիկաններն արգելեցին քաղաքացիների երթը, որի մասին Երեւանի քաղաքապետարանին իրազեկում էր ներկայացվել: Սակայն երեկ լավագույն ավանդույթների շարունակությունն այսքանով չի ավարտվել. «Մոսկվա» կինոթատրոնում ընտրողների հետ հանդիպել է նաեւ ՀՅԴ-ն, որն էլ հավատարիմ մնալով իր ավանդույթներին, հանդես է եկել «նախընտրական նշանակության ընդդիմադիր հայտարարություններով»: Եթե ավելացնենք, որ երեկ հրապարակվել է նաեւ Երեւանի ընտրողների թվաքանակի հերթական ուռճացված ցուցանիշը, ապա կարելի է ասել, որ գոնե նախընտրական քարոզչության առաջին երեք օրերի տվյալներով՝ ամեն ինչ ընթանում է մեր «ավանդական մենթալիտետի» շրջանակներում: