Արսեն Սաֆարյանը նաեւ խոտի հոկեյի սպորտի վարպետ է

20/07/2005

Տարիներ առաջ սիրված երգիչ Արսեն Սաֆարյանի մտքով իսկ չէր անցնում, որ
ինքը հանդիսատեսի ծափողջույններին կարժանանա ոչ թե մարզադաշտում՝ խոտի
հոկեյի առաջնությանը, այլ բեմում՝ «Ազգային երաժշտական»
մրցանակաբաշխությանը: Սպորտում՝ խոտի հոկեյի ասպարեզում ոչ պակաս
հաջողությունների հասած Ա. Սաֆարյանի կյանքում երգը կտրուկ շրջադարձ է
կատարում:

– Ինչպե՞ս եղավ, որ սպորտը թողեցիր եւ մուտք գործեցիր երգարվեստ:

– Շատ պատահական ստացվեց: Պարզապես զգացի, որ երգն ինձ համար միայն հոբբի չէ, այլ արտահայտչամիջոց է:

– Երկար տարիներ, փաստորեն, խոտի հոկեյով ես զբաղվել: Այդ մարզաձեւը մեզանում որքանո՞վ է հայտնի:

– Այժմ այդ մարզաձեւը Հայաստանում չկա, իսկ նախկինում այն կենտրոնացված էր
Հրազդան քաղաքում, որտեղ ես մեծացել եմ: Շատ կարճ ժամանակահատվածում ես
դարձել եմ ազգային հավաքականի անդամ, որի կազմում մասնակցել եմ բազմաթիվ
մրցաշարերի` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Պարսկաստանում, եւ
ստացել սպորտի վարպետի կոչում:

– Սովորաբար հոկեյը սառույցի վրա՞ չեն խաղում:

– Իհարկե, հոկեյը սառույցի վրա են խաղում, բայց մեզ մոտ ավելի հեշտ է խոտերի վրա խաղալ:

– Ասում են, որ դու նաեւ կավե քանդակներ ես պատրաստում:

– Այո, դա դպրոցական տարիներին էր, եւ ես հիշում եմ, թե այդ զբաղմունքն
ինձ ինչ հանգստություն էր պարգեւում: Նույնիսկ մտածում եմ հետագայում
ունենալ սեփական փոքրիկ արվեստանոց: Քանդակել եմ տարբեր թեմաներով,
հիմնականում՝ կիսանդրիներ ու կանացի ֆիգուրներ:

– Ճի՞շտ է, որ քո շատ երգերի հեղինակը հարազատ եղբայրդ է:

– Այո, եղբայրս նաեւ համարյա թե իմ բոլոր երգերի խոսքերի հեղինակն է: Իմ
նոր ձայնասկավառակում կլինեն երգեր, որոնց եւ բառերի, եւ երաժշտության
հեղինակն Արթուր Սաֆարյանն է:

– Արտիստների կյանքն անցնում է ճամպրուկային տրամադրությամբ,եւ դու
բացառություն չես: Ինչպե՞ս է անդրադառնում դա քո ընտանիքի վրա, եւ ո՞վ է
դասավորում ճամպրուկներդ:

– Ինձ թվում է, դա այնքան էլ մեզ համար չէ ասված: Իհարկե, համերգներ ու
հյուրախաղեր լինում են. տա Աստված, ավելի հաճախ լինեն: Իսկ ընտանիքիս
բնականոն առօրյան այնքան էլ չի խաթարվում, քանի որ ճամպրուկներ քիչ են
դասավորվում: Դրանք հիմնականում ես եմ դասավորում, որովհետեւ իմ ամեն ինչի
տեղը ես պետք է իմանամ:

– Ո՞վ է զբաղվում քո բեմական իմիջի ու հագուստի ընտրությամբ: Կինդ ի՞նչ դեր ունի այդ հարցում:

– Առայժմ չկան մարդիկ, որ զբաղվեն կոշիկներիս, սանրվածքիս, կամ հագուստիս
ընտրությամբ: Հուսով եմ, որ հետո կլինեն, ու բոլորիս համար կգան
ժամանակներ, երբ իմիջմեյքեր ունենալը կլինի ոչ թե ճոխություն, այլ, ինչպես
ամբողջ աշխարհում է ընդունված՝ անհրաժեշտություն: Իսկ մինչ այժմ փորձում
եմ այդ ամենով ինքս զբաղվել՝ կողքից ինձ նայելով: Նման դեպքերում կողքից
նայելը շատ է օգնում: Իմ առաջին քննադատը կինս է: Հաճախ լինում են փոքրիկ
անհամաձայնություններ՝ այս կամ այն հագուստը սազո՞ւմ է, թե՞ չի սազում
ինձ: Իհարկե, ընդհանուր հայտարարի միշտ էլ գալիս ենք:

– Աշխարհում արվեստագետների ընտանիքները հայտնի են իրենց ոչ այնքան ամրությամբ ու համերաշխությամբ: Ի՞նչ ես մտածում դու այդ մասին:

– Հայկական հոգեկերտվածքի սահմաններում դա կարելի է հասկանալ երկու ձեւով:
Այսինքն, այդ ընտանիքները փլուզվում են մի պարզ պատճառով. նախքան
արվեստագետ լինելը՝ նրանք էլ սովորական մարդիկ են, որ ընտանիքում ունեն
բազմաթիվ պրոբլեմներ ու խնդիրներ: Պարզապես նրանց ճանաչված լինելը թույլ
չի տալիս մյուսների նման կոծկել այդ խնդիրները: Երկրորդ դեպքում դա արվում
է, որպեսզի իրենց այդ դաշտում միշտ հիշեն: Իհարկե, երկրորդ դեպքը
հասարակության վրա բացասական ազդեցություն է ունենում: Իմ ընտանիքն ամուր
հիմքերի վրա է, եւ մենք անում ենք ամեն ինչ՝ տան մթնոլորտը համերաշխ
պահելու համար: Վերջերս ինձ հասան խոսակցություններ, որ այնտեղ, որտեղ
մենակ չեմ, ուրեմն կնոջս հետ եմ: Հարց է ծագում, եթե ոչ իմ կնոջ, ապա ո՞ւմ
կնոջ հետ լինեմ: Հակառակ դեպքում էլ կասեն, որ Արսեն Սաֆարյանը կնամոլ է:

– Զբաղվածությունդ չի՞ գրգռում կնոջդ նյարդերը: Նա չի՞ բողոքում ուշադրության պակասից:

– Չի կարող չբողոքել, որովհետեւ կին է: Այդպես է, կանանց համար միշտ ամեն
ինչ քիչ է: Աշխատում եմ օրվա մի մասը հատկացնել աշխատանքիս, մյուսը՝
ընտանիքիս: Բնականաբար, պատահում է, որ մի օր էլ ընդհանրապես ժամանակ չի
լինում:

– Կարողանո՞ւմ ես ընտանիքում ասել՝ «ոչ»:

– Նայած թե խոսքը որ «ոչ»-ի մասին է: Տղամարդը պետք է կարողանա ասել «ոչ»:
Օրինակ, աղջկաս դժվարությամբ եմ ասում՝ «ոչ»: Բայց մտածում եմ, որ
«այո»-ներն էլ մի օր նրան կկանգնեցնեն դժվար իրավիճակի առջեւ ու կխանգարեն
ինքնահաստատվել այս կյանքում: Իսկ առհասարակ «այո»-ներն ու «ոչ»-երը պետք
է լինեն իրենց տեղերում:

– Կինդ քո ո՞ր երգն է ամենաշատը սիրում:

– «Չեմ կարող հեռանալ» երգը:

– Բեռնարդ Շոուն ունի մի այսպիսի ասացվածք՝ «Իդեալական ամուսինն այն
տղամարդն է, ով կարծում է, թե իդեալական կին ունի»: Ի՞նչ ես մտածում դու
այս մասին:

– Նման մեծությունների ասածը ես չեմ քննարկում ու չեմ քննադատում: Ինձ
մնում է միայն լսել, հասկանալ ու մարսել այդ մտքերը: Իսկ իդեալի մասին
խոսել ես չեմ սիրում, որովհետեւ այն հարաբերական է: Կատարելության ձգտում
են բոլորը, բայց կատարյալը միայն Արարիչն էր:

– Արսեն, գրեթե 8 տարի բեմում ես, բայց ինչո՞ւ մինչեւ հիմա 1 ձայներիզ ունես եւ չես ունեցել ոչ մի մենահամերգ:

– Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում սովորում է: Իսկ ես այդ 8 տարուց 4-5
տարին միայն սովորում եւ գտնում էի, հանդիսատեսին դեռ ոչինչ չունեի տալու:
Ես չեմ ափսոսում, որ մինչեւ այժմ ունեմ 1 ձայներիզ, իսկ մենահամերգ չեմ
ունեցել: Չեմ սիրում մի բան անել՝ ընդամենը մի բան արած լինելու համար:
Ինչպես ժողովուրդն է ասում՝ «ուշ լինի, նուշ լինի»: Այսօր արդեն
մենահամերգ ունենալու գաղափարը հասունացել է: Այս տարվա
հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսված է Երեւանում անցկացնել իմ առաջին
մենահամերգը, որը կկայանա կենդանի հնչողությամբ եւ Հայաստանի լավագույն
երաժիշտների ու պարային խմբերի մասնակցությամբ: Համերգի կազմակերպչական
մասն ապահովում է «Փի-Արտ» ընկերության պրոդյուսերական կենտրոնը: Հույս
ունեմ, որ այդ համերգին կհնչեն ինչպես՝ հին երգեր, այնպես էլ՝ իմ երկրորդ
ձայնասկավառակում տեղ գտած նոր ստեղծագործությունները: Ի դեպ, այդ
ձայնասկավառակն ունկնդիրը կարող է ձեռք բերել շուտով:

Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸ