ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Ծաղկաձորում հանդիպել է աշխարհի 15 երկրների 30 երիտասարդ քաղաքական, պետական գործիչների հետ, որոնք մասնակցել են ՄԻԱԿ-ի կողմից անցկացվող հավաքին: Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմի մեջ էր մտցվել` հաշվի չառնելով բնակիչների կամքը, դա կատարվել էր Սովետական Միության ՀԿԿ որոշմամբ: «Այդ տարիների ընթացքում, ինչ ԼՂ-ն գտնվում էր Ադրբեջանի կազմում, մշտապես համարում էինք, որ տեղի է ունեցել շատ մեծ անարդարություն, եւ պատահական չէր, որ երբ 1988թ. ԼՂ ինքնորոշման համար պայքարի փուլը սկսվեց, մենք, առանց երկմտելու, միանգամից մտանք այդ պայքարողների շարքերը, որովհետեւ պարտավոր էինք անել դա` որպես երիտասարդ մարդ, ում համար երկրի, հայրենիքի ճակատագիրը վեր էր ամեն ինչից: Յուրաքանչյուր երիտասարդ կարող է եւ պարտավոր է պատասխանատվություն վերցնել իր վրա, իսկ եթե խոսքը վերաբերում է երկրին, ապա այստեղ որեւէ մեկին խորհուրդ չէի տա երկմտել, սա ամենամեծ, վճռական քայլն է յուրաքանչյուր երիտասարդի կյանքում: 1988թ., երբ ելանք պայքարի, մենք մեկ նպատակ ունեինք, տեսնել ազատ-անկախ Հայաստան, ազատ-անկախ Ղարաբաղ: Փառք Աստծո, որ մենք կարողացանք մեր ժողովրդի հետ միասին հասնել այդ նպատակներին, ունենք ազատ-անկախ Հայաստան, որը տարեցտարի ամրապնդում է իր պետականությունը, եւ ունենք Ղարաբաղ, որը դե ֆակտո շատ վաղուց Ադրբեջանի կազմում չէ, եւ մենք հիմա մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեր երկրորդ երազանքն իրողություն դառնա»,- ըստ «Արմենպրեսի»՝ ասել է Ս. Սարգսյանը: «Մենք 1988-ից սկսած շատ մեծ գին ենք վճարել, որ ԼՂ ժողովուրդը հնարավորություն ունենա շարունակելու ապրել իր պատմական տարածքի վրա այնպես, ինչպես դա արել է հազարամյակներ: Շատ հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել, մեր ժողովուրդը մեծ զոհողությունների է գնացել, անհարմարություններ է ունեցել, եւ դրա նպատակը եղել է, որպեսզի ԼՂ ժողովուրդը կարողանա ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Երբ ձեւավորվում էր Սովետական Միությունը, ՀԿԿ-ն որոշում կայացրեց, որ հայերով բնակեցված պատմական տարածքներ` ԼՂ-ն ու Նախիջեւանը մտցվեն Ադրբեջանի կազմ: Նպատակը, կարծում եմ, բոլորին ակնհայտ է, այն էր, որ սոցիալիստական հանրապետություններն ամուր թելերով կապվեն Սովետական Միության հետ: Ինչպես գիտեք, Սովետական Միության Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր միութենական հանրապետություն կարող էր հանրաքվեի միջոցով դուրս գալ կազմից: Մեր պարագայում, որպեսզի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը երբեք չփորձեն իրենց այդ իրավունքներից օգտվել, այդպիսի քարտեզ գծագրվեց, եւ եթե ՀՀ-ն Սովետական Միությունից դուրս գալու ցանկություն հայտներ, ապա ԼՂ-ն մշտապես կմնար Ադրբեջանի կազմում: Երբեք Ադրբեջանի կազմում լինելու գաղափարը չեն ընդունել ԼՂ բնակիչները: Արդեն 20-ական թվականներից սկսած պայքար էր ընթանում Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ ՀՀ-ին միանալու, նույնիսկ Սովետական Միության ամենածանր տարիներին` 30-ական թվականներին, բազմաթիվ նամակներ, այդ թվում` կուսակցական առաջնորդների դիմումներ են գրվել, գործողություններ իրականացվել: ՀԿԿ ղեկավարներից Գրիգորի Հարությունովը դեռեւս 40-ական թվականներին Քաղբյուրո էր նամակով դիմել՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու համար: Երբ գորբաչովյան ջերմացումները սկսեցին գործել ԽՍՀՄ-ում, ԼՂ-ում նոր ալիք բարձրացավ, եւ 1991թ. Ադրբեջանին զուգահեռ՝ ԼՂ-ում անցկացվեց հանրաքվե, եւ Միության օրենքներին համահունչ՝ ԼՂ-ն դուրս եկավ Ադրբեջանի կազմից: Այնուհետեւ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ ագրեսիա, եւ ԼՂ ժողովուրդը, հայ ժողովուրդն ընդհանրապես, վճարելով մեծ գին, պաշտպանեց իր երկիրը, իրավունքները, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք»,- ասել է նա` հավելելով, թե երբ Ադրբեջանի ղեկավարները խոսում են հայկական ագրեսիայի մասին, ճիշտ չէ, որովհետեւ, եթե անցել է այդ գործողություններից 15 տարի, չի նշանակում, որ այդ իրողությունների պատճառահետեւանքային կապը խզվել է: