Ըստ Համարբերգի` ճիշտը համաներումն է

05/05/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի կարծիքով՝ ճիշտ կլինի համաներում հայտարարել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված անձանց նկատմամբ:

Այս մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակությունում փոխարինելով Րաֆֆի Հովհաննիսյանին, մասնակցել է ապրիլին կայացած լիագումար նիստին: «Ինչ վերաբերում է նախկին «7-ի գործով» քաղբանտարկյալներին, նա (Համարբերգը.- Հ.Մ.) նշեց, որ ինքը վստահ է, որ լուրջ ապացույցներ գոյություն չունեն գործի մեջ, եւ ինքը որեւիցե ապացույցի, որը իրապես կարող է վերաբերել նրանց, չի առնչվել: Ահա այսպիսի գնահատական տվեց Համարբերգը եւ ասաց, որ ամենակարեւորը, որ այս տխուր եւ ողբերգական էջը ինչ-որ չափով մեր պատմության մեջ փակենք, ամենաճիշտ տարբերակը համաներում հայտարարելն է»,- նշեց Զ. Փոստանջյանը: Ըստ նրա, ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի նիստում Հայաստանի հարցի քննարկումը տեւել է մոտ 20 րոպե, որի ընթացքում ելույթ են ունեցել ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ինքը: Զ. Փոստանջյանը նշեց, որ իր 5 րոպեանոց ելույթը տրամագծորեն տարբերվել է Դ. Հարությունյանի ելույթից: Հարությունյանը, Զ. Փոստանջյանի ներկայացմամբ, խոսել է ԵԽ ԽՎ բանաձեւերի կատարման դրական ընթացքի մասին, իսկ ինքը հիշեցրել է, որ Հայաստանում դեռեւս կան քաղբանտարկյալներ, քաղաքացիները հետապնդվում են քաղաքական հայացքների համար, իսկ երթեր ու ցույցեր անցկացնելու իրավունքը իշխանությունները սահմանափակում են: Զ. Փոստանջյանի ասելով՝ իր ելույթից հետո խոսել է նաեւ ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: «Պրեսկոտի հակադարձումն այն էր, որ այս ամենը քննության ընթացքի մեջ է, որ կա դրական տեղաշարժ, գործը դատարանում է»,- նշեց նա: Զ. Փոստանջյանը ասաց նաեւ, որ ինքը խոսել է Հայաստանի հարցով մյուս համազեկուցողի` Ժորժ Կոլոմբիեի հետ ու վերջինիս ասել, որ համազեկուցողների գործունեության անաչառության հարցում հայ ժողովուրդը կասկածներ ունի: «Եթե իրավիճակը Հայաստանում այսպես շարունակվի, եթե ՀՀ իշխանություններն էլ գործուն միջոցներ չձեռնարկեն առաջին հերթին ձերբակալված անձանց բացթողնման հարցում ու հետո էլ արդար դատաքննություն չապահովեն մարտիմեկյան 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար, իսկ համազեկուցողների դիրքորոշումն էլ չփոխվի ու չդառնա առավել անաչառ, ապա մենք կարող ենք հրաժարվել համազեկուցողներից: ԵԽ ԽՎ-ում կա հատուկ զեկուցողների ինստիտուտ, եւ ես կարող եմ իմ հնարավորություններից օգտվելով` դիմել հատուկ զեկուցողներին»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը: Այդ դեպքում, ըստ նրա, հատուկ զեկուցողը գուցե ավելի անաչառ ու անկողմնակալ լինի: «Ամեն դեպքում մենք անընդհատ վերահսկողության տակ ենք, եւ որքան էլ որ ոմանք խոսեն, թե մի քայլ առաջ ենք, միեւնույն է, այս կրիզիսային իրավիճակից դուրս չենք եկել»,- հայտարարեց Զ. Փոստանջյանըգ Նա նաեւ նշեց, որ ԵԽ ԽՎ նստաշրջանի համար ելույթ էր պատրաստել Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ, որտեղ պետք է խոսեր նաեւ ԼՂ հարցի մասին: Սակայն իր ելույթը ժամանակի սղության պատճառով բանավոր չի հնչել, այն տեղադրվել է ԵԽ ԽՎ պաշտոնական կայքէջում եւ համարվել ընդունված, որից հետո, ըստ Փոստանջյանի, իրեն են մոտեցել ադրբեջանցի եւ թուրք պատվիրակներ: «Նրանք ասում էին, թե դուք սխալ եք, Ցեղասպանություն չի եղել, իսկ ինչու եք մենակ Դուք խոսում այդ մասին, եւ այլն»,- ասաց նա: Ըստ Փոստանջյանի, ցանկացած թեմայի շուրջ զեկույցի շրջանակներում թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչները առիթ են գտնում նշելու, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: «Մեր պատվիրակները պետք է պարտադիր հակադարձեն, ու մենք էլ պետք է մեր քարոզչությունն իրականացնենք այդ կառույցում: Հայաստանն այդ դաշտում հսկայական անելիք ունի»,- նշեց նա` հավելելով, որ ի տարբերություն հայկական փոքրաթիվ պատվիրակության, ադրբեջանական եւ թուրքական պատվիրակություններն ավելի մեծ կազմ ու մեծ հնարավորություններ ունեն: