ՀՅԴ-ն գնում է «Առաջ, Հայաստան»

05/05/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ՀՅԴ-ն Երեւանի ավագանու իր քարոզարշավը մեկնարկեց «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչեւ դաշնակցական ընկերների հավաքվելը էկրանի վրա ցուցադրվեց կարճ ֆիլմ Հրանտ Դինքի մասին, որում մեկ հիմնական միտք էր անցնում. «Եվս մեկ հայ սպանվեց թուրքի ձեռքով»: Կարճ դրվագ կար նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին. լուրերի թողարկման մեջ հաղորդավարը տեղեկացնում էր, որ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը» մեկնեց այսինչ քաղաք այսինչի հետ հանդիպման:

Իսկ թե ինչ կապ ունեն ցուցադրված ֆիլմն ու Ռ. Քոչարյանի ուղեւորությունների մասին պատմող ռեպորտաժները Երեւանի ավագանու ընտրությունների եւ ՀՅԴ քարոզարշավի հետ` մնում է միայն ենթադրել: Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ հայտարարեց. «Նախ կուզենայի, որ միանգամից պարզ լինի, որ երկու ծայրահեղ մոտեցումներն էլ մեզ համար անընդունելի են, եւ այդ մոտեցումներն ավելի շատ կոչված են մոլորեցնելու ընտրողին, քան թե ծառայելու բուն այս ընտրական նպատակներին: Առաջինը նախ վերաբերում է քաղաքական նշանակության գնահատմանը, եւ սա չափազանց կարեւոր խնդիր է, որովհետեւ այդ նշանակությունն առկա է, քաղաքական նշանակությունն այս ընտրություններին հստակ է, սակայն պետք է մի կողմից՝ խուսափել այդ նշանակության թերագնահատումից, եւ մյուս կողմից` դրա գերագնահատումից, եւ ճիշտ ընկալենք, թե ինչ ընտրությունների մեջ ենք մենք մտնում»: Ա. Ռուստամյանի ակնարկը «թերագնահատողների» մասով վերաբերում էր իշխանություններին, իսկ «գերագնահատողներն» էլ, ըստ այդ տրամաբանության` ընդդիմությունն է: «Թերագնահատողներն այնքան են այս ընտրությունների նշանակությունը նվազեցնում, գրեթե հավասարեցնում զրոյի, որ դա փորձում են ներկայացնել որպես պարզ, հերթական համայնքային մակարդակի ընտրություններ, որ սա պարզ աղբահանության, կանաչապատման հետ կապված խնդիր է, թաղային, բակային հարցեր լուծելու հետ կապված կենցաղային խնդիրներ են, որ պետք է լուծվեն այս ընտրություններում: Բնավ դա այդպես չէ: Իսկապես ավագանին պետք է դա իրականացնի, սակայն դա չէ միայն իր խնդիրը: Եթե այդպես լիներ, մենք կարող էինք բավարարված համարվել նախորդ կարգավիճակով, որ ուներ Երեւանը: Ուրեմն` սա չէ այս փոփոխության հիմքում ընկած, եւ միայն սա չէ, որ Երեւանի ավագանին պետք է իրականացնի: Եվ այսպիսի մոտեցման վտանգը հենց սա է` պարզունակացնել, ձեւական դարձնել այս ընտրությունները, սա համարել որպես հերթական` համայնքային մակարդակի ընտրություններ»,- Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց ոչ վաղեմի գործընկերների գործելաոճի մասին հայտարարեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Իսկ ինչ վերաբերում է արմատական ընդդիմությանը, այսինքն` այս ընտրությունները «գերագնահատողներին», ապա ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Մեզ համար հավասարապես անընդունելի է, եւ նաեւ երեւանցիներին մոլորեցման նպատակով է հրապարակ նետվում, որ այս ընտրությունների քաղաքական մակարդակն այնքան բարձր է, որ սա կարելի է համարել համապետական ընտրություններ, որի միջոցով իբրեւ մենք ձեւավորում ենք Հայաստանի իշխանությունները: Իսկապես մենք ձեւավորում ենք քաղաքային իշխանություններ, սակայն այս ընտրությունները ՀՀ իշխանություններ չեն ձեւավորում: Պետք է շատ լավ հասկանանք, որ պետք չէ սա ներկայացնել այնպես, որ քաղաքապետարանում հաղթելով՝ մենք կարող ենք ստեղծել, կարծես, պետություն պետության մեջ, եւ հաջորդ քայլը` հեշտությամբ իշխանափոխության իմաստով՝ արդեն իրեն սպասեցնել չի տա. ՀՀ նախագահը հրաժարական կտա, էս իշխանությունները կհեռանան: Դա այդպես չէ, եւ եթե որեւէ մեկին թվում է, որ այդպես է լինելու, նորից պետք է ասեմ, որ թյուրիմացության են մղում մեր երեւանցիներին, եւ եթե այդ մակարդակով են մտնում ընտրությունների, այդ ժամանակ շատ դժվարություն են ունենալու` անհաջողությունը հենց այդ խնդիրը լուծելու առումով ներկայացնելու: Եվ դրա վտանգը հենց առաջին հերթին կայանալու է նրանում, որ նոր հիասթափություն ենք առաջացնելու մեր քաղաքում, երեւանցիների շրջանում: Եվ մյուս կողմից, որպեսզի այդ պատասխանատվությունն այդ մեծությամբ եւ այդ ծավալով այդ քաղաքական ուժերի ուսերին չընկնի, նրանք նորից փորձելու են իրավիճակը սրել, առճակատման նոր դաշտ ստեղծել: Ահա այս երկու ծայրահեղ իրավիճակներից մենք պետք է խուսափենք»:

Իսկ ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը: Ըստ նրա` «բոլորիս աչքի առաջ այսօր Երեւանը ձեւախեղվում է», «մայրաքաղաքը պետք է մաքրել ապօրինի եւ ինքնակամ շինություններից», «պետք է պայքարել կրծողների եւ միջատների դեմ», եւ այլն:

Նա խոստացավ «դաշնակցական քաղաքապետարան ձեւավորելու դեպքում» քաղաքապետարանի բյուջեն եռապատկել: Ըստ նրա` այսօր Երեւանի բյուջեն գտնվում է «ստվերայնության բարձր աստիճանում»: «Բյուջեի նկատմամբ հսկողությունը մեր հաղթանակի դեպքում վերապահելու ենք ավագանու եւ քաղաքապետի ընդդիմադիր քաղաքական ուժերին: Մենք այստեղ վախենալու, թաքցնելու որեւէ բան չունենք: Եվ թող այն ուժը, որը մեզ ընդդիմադիր է լինելու՝ գնահատի եւ վերահսկի մեր գործունեությունը»,- ասաց Ա. Մինասյանը` չկոնկրետացնելով, թե «ընդդիմադիր» ուժ ասելով՝ ում նկատի ունի: Սակայն, ըստ ՀՅԴ-ականների տրամաբանության` իրենց ընդդիմադիր են նաեւ կոալիցիոն իրենց նախկին գործընկերները:

Նա անդրադարձավ նաեւ ազատ հավաքների եւ երթերի սահմանափակումներին` ասելով, թե այսօր մեր քաղաքացիները հաճախ են հանդիպում «այդպիսի անհարկի սահմանափակումների»: Խոստացավ ընտրվելու դեպքում գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի «այս սահմանափակումները չլինեն անտեղի, անհեթեթ»: «Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի ստեղծենք խոսքի ազատ ամբիոն, քանի որ նոր օրենքի համաձայն՝ Երեւանի քաղաքապետն ունի իր ենթակայությամբ նաեւ հասարակական կարգի պահպանման ծառայություն, երաշխավորելու ենք, որ այդ վայրում լինելու է թե Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը եւ թե՛ հասարակական կարգի պահպանման ծառայությունը, առաջնորդվելու է բացառապես քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ»,- ասաց նա` հավելելով, թե ՀՅԴ-ն այսօր դժվար իրավիճակում է, որովհետեւ «նոր-նոր ենք ընդդիմության կեցվածք որդեգրել, եւ իսկապես որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի նաեւ հասարակությունը լիարժեքորեն գիտակցի, թե ինչ է ընդդիմադիր Դաշնակցությունը 21-րդ դարի սկզբին»:

Իր ելույթը Ա. Մինասյանը եզրափակեց այսպես. «Մենք գնում ենք հաղթելու, ձեւավորելու դաշնակցական քաղաքապետարան, ձեւավորելու մարդու այն տեսակի քաղաքապետարանը, որտեղ բարոյականությունը, պրոֆեսիոնալիզմը, հանրության ու պետության նկատմամբ հարգանքը գերագույն արժեքներ են: Ուրեմն` առաջ հաղթանակ, առաջ մայիսի 31»: