Չափազանց հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ինձ համար հետաքրքիր է եւ՛ «ճանապարհային քարտեզը» (ամեն ինչ կախված է միջազգային դրությունից եւ կատարողներից), եւ՛ Օբամայի ելույթը: Ես համամիտ չեմ իրավիճակին հոռետեսորեն նայողների, առավել եւս՝ այն ողբերգության վերածողների հետ: Լինել այդքան զգուշավոր, նրբանկատ, ուժեղ, ճկուն, համարձակ այնտեղ, որտեղ պետք է, լիովին տիրապետել ինֆորմացիային` սա մի բան արժե….: Բայց չէ՞ որ մենք հայ վերլուծական մտքի ոչ վստահելի լինելու, հոգեկան անհավասարակշռության, անհետեւողականության, ինքնասիրահարվածության եւ այլն հսկայական փորձ ունենք: Թե ինչ ընթացք եւ զարգացում կունենան այս իրադարձությունները, ցույց կտա մեր այս ներկա ժամանակը: Այս ամենը տեղի կունենա մեր աչքի առջեւ:
Ես դրական եմ գնահատում ինչպես հայ-թուրքական հարաբերությունների (դրանք չափազանց բազմաշերտ են) կարգավորման ուղղությամբ արված քայլը, այնպես էլ Օբամայի ելույթը: Ի՞նչ է նախ եւ առաջ ստանում Թուրքիան: Նա դուռ է բաց անում դեպի սեփական պատմությունը, ընդ որում` դա անում է ողջ միջազգային հանրության առաջ: Եվրամիություն մուտք գործելու ցանկություն ունեցող Թուրքիան այսօր երկու կիսալուծված խնդիրներ ունի` Կիպրոսն ու Հայաստանը. նրանք երկուսն էլ խոչընդոտ են թուրքական իրականության համար: Իսկ այդ վիճակը երկիմաստ է: Թուրքիան երբեք հավաքական խոսափող չի եղել մահմեդական աշխարհի համար, սակայն միշտ այդպիսին է ներկայացել: Թուրքական դիվանագիտությունը մեծ հանելուկ է ոչ միայն երիտասարդ հայ դիվանագիտության, այլեւ միջազգային դիվանագիտության համար: Ցանկալին իրականի տեղ ներկայացնելու ունակությունը Անկարայի հաղթաթղթերից մեկն է: Անկարան Կարսի պայմանագիրը մեջտեղ է հանել` թերեւս այն համարելով ամենաթույլ օղակը պատմական պայմանագրերի այն շղթայի, որոնք օրինական են դարձնում Թուրքիայի ներկայիս սահմանները: Սակայն, ներեցե՛ք, իսկ ի՞նչ ասենք այն մասին, որ Օսմանյան Կայսրության ապագաղութացումից օգտվեցին կայսրության բոլոր ազգերը, բացի հայերից: Ի՞նչ անենք արեւմտահայերի հետ, որոնք թուրքական իշխանությունների կողմից արտաքսվել են գրեթե քառորդ դարի ընթացքում` սկսած 19-րդ դարի վերջերից: Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր զոհն են երեք կայսրությունների, որոնք, ի ուրախություն բոլորիս, փլուզվել են: Բայց եթե Ռուսական Կայսրությունից մեզ բաժին է հասել Արեւելյան Հայաստանի մի մասը, ԽՍՀՄ-ից` Լեռնային Ղարաբաղը (իրավաբանորեն ձեւակերպված Ինքնավար մարզը` գումարած պատմական Ղարաբաղի որոշ մասը), ապա այսօրվա Թուրքիայի հետ ամեն ինչ այլ է: Թուրքիան ձգտում է դառնալ միջազգային հանրության մի մասը` մի ձեռքում ժողովրդավարության դրոշակը բռնած, մյուս ձեռքում` պանթուրքիզմը (իսլամական գործոնը): Այս հունով էլ հոսում է Հայաստանի, ինչպես նաեւ Կիպրոսի հանդեպ թուրքական քաղաքականության բուռն եւ բավականին պղտոր գետը: Եվ ընդհանրապես, կուզեինք իմանալ, թե Թուրքիային սահմանակից ո՞ր երկրի հետ Անկարան հիանալի հարաբերություններ ունի: Թուրքական Հանրապետության ստեղծման պաշտոնական դոկտրինան դեֆորմացիայի է ենթարկվում: Քաղաքակիրթ աշխարհին Թուրքիան պետք է ցույց տա, եւ նա դա ցանկանում է, թե ինչ եւ ինչպես է ինքը հասկանում հայ-թուրքական հարաբերությունները: Սա մեզ համար եւս առաջին լուրջ փորձությունն է: Հայկական քաղաքականության բազմավեկտորությունը միայն սկսվում է: Մի երկրից կախում ունենալը ստրկություն է, երկուսից կախում ունենալը` կրկնակի ստրկություն, բոլորից կախված լինելը` ազատություն: Ճիշտ այնպես, ինչպես միայն մի պրոբլեմից կախված լինելն է ստրկություն…
Հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո Վրաստանը գրեթե կիսով չափ կկորցնի տարանցիկ երկիր լինելու կարեւորությունը եւ ստիպված կլինի նոր հարաբերություններ կառուցել Երեւանի հետ: Եվ Երեւանը ազդեցության հաստատուն վեկտորներ կունենա հայերի նկատմամբ վրացիների դրսեւորած անթաքույց ազգայնամոլության վրա, որովհետեւ վրացիներին թվում է, թե հենց հայերն են ամենաթույլ, անպաշտպան օղակը: Հայ-թուրքական հարաբերությունների լավացումը առաջին ճեղքվածքն է առաջացրել նաեւ թուրք-ադրբեջանական կուռ հարաբերություններում: Այս ուղղությունն այնքան էլ միանշանակ չէ, ինչպես թվում էր: Ասել է թե՝ Թուրքիան Հայաստանի հետ ավելի կարեւոր հարցեր ունի, քան Ադրբեջանի հարցերն են: Ադրբեջանը պետք է այլ փաստարկներ գտնի խաղի համար, ավելի զուսպ լինի Հայաստանի հետ հարաբերություններում եւ հույս դնի ոչ թե ազգակցական կապերի եւ բանդիտական ընդհանուր անցյալի, այլ ավելի արժանավայել դրույթների վրա:
Այստեղ կարեւոր է Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի դերը: Պաշտոնական Երեւանը առաջին անգամ լրջորեն ոտք է դնում հարաբերությունների նոր փուլ. երկիրը հարաբերությունների այլ կոնֆիգուրացիա է ձեռք բերում: Իհարկե, համակարգված եւ խորը վերլուծության դեպքում Հայաստանը բավականին շատ խնդիրներ ունի, բայց ունի նաեւ ոչ պակաս փաստարկներ:
Մենք պետք է հասկանանք, որ այդ հարցերը վաղ թե ուշ պետք է դրվեին Հայաստանի եւ Թուրքիայի առջեւ: Ես կարծում եմ, որ ավելի լավ է հասունանալ եւ հասկանալ ծառացած խնդիրները, ապա հանգիստ լուծել դրանք (ինձ դուր չեկավ շտապողականությունը): Եվ այսպես, վերջին մեկ տարում տարածաշրջանում տեղի ունեցան երկու կարեւորագույն իրադարձություններ` Վրաց-օսական պատերազմը (օս եւ աբխազ ժողովուրդների կամքը հաշվի առնվեց գոնե մեկ պետության կողմից) եւ հայ-թուրքական հարաբերությունների լավացումը: Տարածաշրջանում փոխվել է փոխհարաբերությունների կոնֆիգուրացիան. օս եւ աբխազ ժողովուրդների ձայնը լսել չցանկացող Արեւմուտքն այժմ ստիպված է հասկանալու, որ կայսերական Ռուսաստանը չէ «ժողովրդավարական փոքրիկ Վրաստանից» խլել Օսեթիան եւ Աբխազիան, այլ դա այդ ժողովուրդների սեփական կամքն էր ռազմական ագրեսիայի դեմ հանդիման:
Օբամայի ելույթը Թուրքիայում, Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւ Օբամայի ելույթը Հայոց ցեղասպանության` Մեծ Եղեռնի առթիվ (այս տերմինն ամերիկյան նախագահի շուրթերին նույն միջազգային իմաստն է ձեռք բերում, ինչ որ Հոլոքոստը) ինձ հուշում են, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, որ սա միայն ուղղություն է, որը բազմակողմանի վերլուծության կարիք ունի, զգուշավոր, ոսկերչական մոտեցման, նաեւ կամքի, համարձակության եւ, բնականաբար, լիարժեք ինֆորմացիայի: Երեւանի արտաքին քաղաքականության բոլոր բաղադրիչների ներդաշնակ աշխատանքը պետք է բացարձակ լինի, քանզի սա արդեն ընթացող պրոցես է, որը որոշակի պահի ավելի ու ավելի մեծ թափ կհավաքի: Կարծում եմ` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, տարածաշրջանային բոլոր առաջնորդների եւ գլխավոր խաղացողների հետ ճիշտ աշխատելու դեպքում հայերը կարող են ակնկալել դրական արդյունքներ: Սակայն ոչ պակաս կարեւոր գործոն կդառնա ներքին քաղաքականությունը` հայկական արտաքին քաղաքականության լիարժեքության կարեւորագույն ինդիկատորը: