Հայ հեռուստադիտողին այս շաբաթ հեռուստաէկրանից երկու կարեւոր լուր
հաղորդվեց. մեկը` լավ, մյուսը` վատ: Լավն այն է, որ Հայաստանն, ի վերջո,
դարձավ Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Դա նշանակում է, որ մենք
հնարավորություն կունենանք օգտվել եվրոպական առաջատար
հեռուստաընկերությունների լրատվությունից եւ տեխնիկական միջոցներից: Վատն
այն է, որ ԱԺ-ն արձակուրդ գնաց` առանց «Գովազդի մասին» օրենքի նախագիծը
վերջնական տեսքի բերելու: Ուրեմն, առնվազն մինչեւ օգոստոսի 29-ը ստիպված
կլինենք նույն քանակությամբ գովազդ «ընդունել»: Եվ դրանից հետո էլ հույս
չկա:
Կուզեի իմանալ` ինչո՞ւ
«Հայլուրի» սյուժեից տեղեկացանք, որ Հայաստանն ու Վրաստանը դարձան
Եվրոպական հեռարձակողների միության անդամ, Ադրբեջանը` ոչ: Կուզեի իմանալ`
ինչո՞ւ: Չիմացա: Փոխարենը ինձ տեղեկացրին, որ դրա համար շատ ջանք է
թափվել: Հատուկ շնորհակալության արժանացավ Շվեդիայում ՀՀ դեսպան Զոհրապ
Մնացականյանը: Իսկ փաստն այն է, որ ոչ միայն մենք եվրոպական
լրատվությունից օգտվելու հնարավորություն կունենանք, այլեւ իրենք՝ մերից:
Ցանկություն կունենա՞ն: Աստված չանի, որ նրանց հրամցնեն «Ար»-ի լրատվական
ծրագրով հուլիսի 7-ին եթեր տրված վերջին սյուժեի նման մի բան: Սյուժեն
(աշխարհում ընդունված է, որ լրատվական թողարկման սյուժեն 2-3 րոպեից ավելի
տեւողություն չունենա) տեւեց 15 րոպե: Գովում էին Անի-Քրիստիին: Խոսեցին
պրոդյուսեր Եղիշե Պետրոսյանը, հատվածներ ցուցադրեցին Անիի նախկին
ելույթներից: Հետո դարդ են անում, որ «Սլավոնական շուկային» Թուրքիայից
մասնակցելու է կոնսերվատորիայի դասախոս` օպերային երգիչ, Ադրբեջանից`
2004թ. «Ասիայի ձայն» տիտղոսակիր` միջազգային մրցույթների դափնեկիր: Բայց
եթե Անի-Քրիստին չհաղթի, ուրեմն՝ «Սլավյանսկի բազար դլյա սլավյան»: Որպես
հաղորդում գուցե վատը չէր, որպես լրատվական թողարկման սյուժե՝ «2»-ի էր:
Մի քիչ էլ շնորհակալությունների մասին: Նորաձեւ է դառնում` «հատուկ
շնորհակալություն այսինչ հագուստի սրահին՝ մեր այս գեղեցիկ հագուստը…»,
«շնորհակալություն ենք հայտնում այնինչ տաքսի ծառայությանը՝ մեզ արագ եւ
անվտանգ…»: «Նոր ալիքի» Արեւիկ Ուդումյանն էլ հատուկ շնորհակալություն է
հայտնում վիզաժիստ Աննային եւ վարսահարդար Մանանին: Ինքնին հասկանալի է,
որ հաղորդման վրա մեծ թվով մասնագետներ են աշխատում: Պատկերացնո՞ւմ եք`
Միխայիլ Լեոնտեւը շնորհակալություն հայտներ իր 5 րոպեանոց «Օդնակո»-ի վրա
աշխատող 300 հոգուն` անուն առ անուն: Այնպես որ, դեռ երկար ճանապարհ պետք
է անցնենք, որ եվրոպացիներն էլ ուրախ լինեն հայկական հեռուստատեսության
պատրաստած հաղորդումներից օգտվելու հնարավորության համար:
Բա գովա՞զդը
Հաղորդումներ կան, որ թվում է` ստեղծվել են գովազդելու համար: Կան
հեռուստաալիքներ, որ թվում է` նույն նպատակով են հիմնվել: «Երեւան»
հեռուստաընկերության հուլիսի 7-ի ծրագրից.
10.30-11.55 Ավտոշուկա
11.55-12.15 Տեղեկատու TV
12.15-12.45 Ակցեռն
16.35-17.30 Ակցեռն ժամ
18.25-19.40 Ավտոշուկա
20.15-21.00 Տեղեկատու TV
21.00-21.10 Ավտոշուկա+
23.00-01.50 Ավտոշուկա:
Եվ այդպես` ամեն օր, եւ այդպես` տարբեր ալիքներով: Ոլորտը կանոնակարգման
լուրջ կարիք ունի, իսկ մեր պատգամավորները հանգիստ խղճով արձակուրդ են
գնացել: «Ջիանի»-ի գովազդն էլ ամենուր է, երկարաշնչությամբ ու
անճաշակությամբ այն գերազանցել է «Ընտանեկան լոտոյին»:
Վերարժեւորման կարիք ունեցող եւս մեկ խնդիր: Ժամը 23-ը պատեհ է համարվում
մանկապատանեկան տարիքի հեռուստադիտողին «Բոնուս» հեռուստախաղի ցուցադրման
համար, այնինչ նույն ժամին մեկ այլ ալիքով սթրիփ-բարի գովազդ է: Սրանցից
որեւէ մեկի ժամը պետք է փոխվի:
Լավ զգալու առիթ
Հուլիսի 4-ին, նշելով Մհեր Մկրտչյանի ծննդյան տարեդարձը, «Կուլտուրան»
ցուցադրեց «Մեր մանկության տանգոն»: Ֆիլմն ինչ-որ բան կորցրել էր.
Գյումրվա բարբառը, ինչպես Թումանյանի բանաստեղծությունները, չես թարգմանի:
Սակայն միայն փաստը, որ ֆիլմը ցուցադրվեց, որ օրվան անդրադարձան մոսկովյան
«1-ին ալիքը», «Ռոսիա»-ն, խոսում է Մհեր Մկրտչյանի մեծության մասին:
Հուլիսի 11-ին «Ռոսիան» ցուցադրեց «Ծիծաղ արցունքների միջից. Լ.
Ենգիբարով» փաստագրական ֆիլմը: Ֆիլմը հաջողված էր բոլոր առումներով` եւ՛
նյութի ամբողջականության, եւ՛ շարադրանքի ոճի ու գեղարվեստական
հնարանքների: Եզակի ժամեր, երբ հայ հեռուստադիտողը, հեռուստացույցին
գամված, հպարտանում է իր հայ լինելով: Այն էլ` ո՛չ հայ հեռուստագործիչների
շնորհիվ:
Ապրելուց սարսափելի
Հաճախ հեռուստացույց դիտելն ավելի սարսափելի է, քան ապրելը: Հուլիսի 9-ին
«Արմենիա»-ի եթերով «Լրագրողական հետաքննությունը» վարող երիտասարդ
լրագրողուհին զվարթ ձայնով պատմում էր. «Չնչին վթարի դեպքում մեր խմելու
ջրի ծորակներից կարող է հոսել կոյուղաջուր, որը խմելով` դուք կվաստակեք
մալարիա, հեպատիտ C, աղիքային ինֆեկցիաներ, գրեթե 40 նոր վիրուսային
հիվանդություն: Այս ամենից խուսափելու ոչ մի հնար չկա` ո՛չ կարող ենք
կանխարգելել, ո՛չ կանխազգալ: (Ինչո՞ւ է, ուրեմն, այս ամենը պատմում Նելլի
Հարությունյանը. եթե սոսկ վախեցնելու՝ ապա ըստ «Ար»-ի «Ներշնչանք»-ի` ես
կարող եմ դրանից սթրեսի մեջ ընկնել եւ ինքնասպանություն գործել.-Ռ.Ա.):
Եթե ձեզ հաջողվի խուսափել այս ամենից, բացառված չէ, որ ձեր գլխին թափվի
մայրաքաղաքում օր օրի ավելացող վթարային շենքի պատշգամբը»: Եվ այսպես`
վտանգները բազմաթիվ են, ընտրիր քեզ հարմարը: Աղետները տարերային չեն
լինում, դրանք մենք ենք ծնում` չափազանց երկար սպասելով: Իհարկե,
«Շարմ»-ի` «Հաղորդել միայն հաճելի լուրեր» նախագիծը, որով այն «հաղթեց»
«Ա1+»-ին, բոլորովին էլ խելամիտ չէր, բայց բացատրելի չէ եւ այն, ինչ այսօր
անում է հեռուստատեսությունը: