«28 տարվա ընդմիջումից հետո հարազատ Հայաստան եմ եկել ուղղակի լավ համերգ տալու: Այս երկիրն ինձ շատ հարազատ է, ունեմ հայազգի շատ ընկերներ, իսկ այսօրվա համերգն իմ լավ բարեկամների հետ համագործակցության արդյունք է»,- մայիսի 3-ին նշեց աշխարհահռչակ դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը: Ցավալին այն է, որ աշխարհահռչակ դիրիժորին ժամանակին Հայաստանից պարզապես վտարեցին նրա կոլեգաները: Այդքանից հետո նա չչարացավ, ընդհակառակը, շարունակեց իր գործունեությունը` չվաճառելով արվեստային իր սկզբունքները, երբեք չտրվելով շոու-բիզնեսի էժանագին պահանջներին, նա բարձունքների հասցրեց իր արվեստը եւ Մարիինյանի թատրոնի նվագախմբի համբավը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում Վ.Գերգիեւի ղեկավարությամբ Մարիինյանի թատրոնի նվագախումբը հանդես եկավ Գ.Մալերի ստեղծագործության կատարմամբ: Իսկ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացվեցին Ալ.Հարությունյանի, Էդ.Միրզոյանի, Ռ.Շչեդրինի, Պ.Չայկովսկու ստեղծագործությունները: Դիրիժորի խոսքով, Հայաստանում ղեկավարելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (1981թ.), ինքը ձեռք է բերել շատ հայ անվանի կոմպոզիտոր ընկերներ, այդ թվում` Էդ.Միրզոյանը, Ղ.Սարյանը, Ալ.Հարությունյանը, Ավ.Տերտերյանը, որոնց ստեղծագործությունները նրա ղեկավարությամբ նորովի, նոր մեկնաբանությամբ են հնչել նվագախմբի կատարմամբ: «Խորհրդային տարիներին հիանալի հնարավորություններ կային համագործակցելու, ժամանակակից կոմպոզիտորների նոր գործերին անմիջապես ծանոթանալու եւ հնչեցնելու համար: Դա հիանալի ավանդույթ էր ամբողջ խորհրդային տարածքում: Այսօր նման համագործակցության համար ահռելի գումարներ են հարկավոր, մեծ ջանքեր ու միջոցներ, սակայն այս ճգնաժամային պայմաններում դա իրագործելն արդեն անհնար է»,- նշել է երաժիշտը: Նա խոստացել է հնարավորին չափ հաճախ համերգներով այցելել Հայաստան: Մարիինյան թատրոնում բազմիցս կատարվում են հայ հեղինակների գործերը, իսկ առաջիկայում Վ.Գերգիեւը նախատեսում է բեմադրել Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Վ.Գերգիեեւն այս օրերին հասցրել է շրջել Հանրապետության հրապարակով, որտեղ փորձել է վերհիշել իր հայաստանյան տարիները: Դիրիժորին, սակայն, անհրապույր են թվացել հրապարակին հարակից այն նորակառույց, ժամանակակից շինությունները, «որոնք բավական փոխել էին հրապարակի դեմքը»: Երեւանյան այս համերգներն, ի դեպ, մոսկովյան «Զատկի փառատոնի» եւ երեւանյան «21-ի հեռանկարներ» փառատոների շրջանակներում են իրականացվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վ. Գերգիեւի հետ Հայաստան են ժամանել նաեւ բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան, մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, անվանի դաշնակահար Դենիս Մացուեւը: Արվեստի գործիչներին երեկ հյուրընկալել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Աշխարհահռչակ դիրիժորը նշել է, որ աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանն, իրավամբ, կարող է հպարտանալ: Սերժ Սարգսյանը Վալերի Գերգիեւին է հանձնել նաեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը` հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար: