Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ազնվամորին ժողովրդական բժշկության մեջ
Ազնվամորին վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1,5մ բարձրության թուփ է: Ծաղկում է հունիս ամսին, իսկ պտուղներն աճում են հուլիս-օգոստոս ամիսներին: Բուժման նպատակով օգտագործվում են հասուն պտուղները, որոնք պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, C (մինչեւ 45 տոկոս), B1, B2, B6 վիտամիններ, սախարոզա, գլյուկոզա, ինչպես նաեւ՝ դաբաղանյութեր, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր եւ երկաթ:
Թարմ հումքը չորացնում են արեւի տակ` բարակ շերտով փռած վիճակում կամ նույնիսկ ջեռոցում, իհարկե, ավելի օգտակար է արեւի տակ չորացրած պտուղները: Չորացրած վիճակում կարելի է պահել համարյա 2 տարի:
Ազնվամորին լայնորեն օգտագործել են բոլոր հնագույն ժողովուրդները` որպես հակաբորբոքային եւ ջերմություն իջեցնող միջոց. պտուղների եփուկը` կարմրուկի, իսկ պտուղները` լնդախտի, սակավարյունության, ստամոքսի ցավերի, մարսողության խանգարումների ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում տալ ջերմող հիվանդներին: Իսկ մեծերն ասում են, որ դրա ծաղիկների թուրմից պատրաստված թրջոցները շատ լավ են օձի կծածի դեպքում: Ընդհանրապես որոշ տեղերում էլ տերեւներն օգտագործում են որպես վերքամոքիչ:
Այն նույնիսկ օգնում է էկզեմայի դեպքում: Մեր ընթերցողներից մեկը գրում է, որ սիստեմատիկորեն ազնվամորի ուտելով` նա բուժել է էկզեման:
Տիբեթական բժշկության մեջ պտուղներով, տերեւների թուրմով ու եփուկով բուժում են նեւրասթենիայով, նեւրոզներով ու այլ վարակիչ հիվանդություններով հիվանդներին: Ավետրալիայում այն օգտագործվում է որպես վիտամիններով հարուստ հումք եւ հազը հանգստացնող միջոց:
Բույսի ծաղիկների եփուկը` թրջոցների ձեւով, նշանակում են դեմքի պզուկների, կարմիր քամու, աչքի կոպերի բորբոքումների, թութքի, մալարիայի, կանացի մի շարք հիվանդությունների բուժման նպատակով:
Գիտականորեն հիմնավորված է, որ պտուղները միզամուղ, քրտնամուղ եւ խորխամուղ են:
Ազնվամորին օգտագործվում է եւ առանձին, եւ բազմաթիվ դեղաբույսերի (լորենու ծաղիկ, տատրակի տերեւ, անիսոնի սերմեր, կաղնու կեղեւ, հազարատերեւուկ եւ այլն) հետ համակցված: Սակայն բույսն ունի նաեւ հակացուցումներ: Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, այդ պատճառով չի կարելի նշանակել պոդագրայով կամ երիկամային ախտահարումով հիվանդներին: Իսկ երբեմն էլ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա` մաշկային ցանի, քորի եւ աղեստամոքսային տրակտի խանգարումների ձեւով:
Ժողովրդական միջոց ոտքերի ու ձեռքերի քրտնելու դեմ
Ոտքերի ու ձեռքերի չափից շատ քրտնելուց կօգնի ձեզ ազատվել կաղնու կեղեւը: Աղացած 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե եփել 1 բաժակ կաթի մեջ, քամել ու ավելացնել 0,5 բաժակ ջուր: Այնուհետեւ ձեռքերը դնել այս լուծույթի մեջ: Պրոցեդուրան կրկնել ամեն երեկո, այնքան ժամանակ, մինչեւ քրտնարտադրությունը քչանա:
Ոտքերի համար շատ լավ են շատ տաք ջրով ու կալիումի պերմանգանատի թեթեւ լուծույթով վաննաները: Ոտքերն այնքան պետք է պահել այդ լուծույթի մեջ, մինչեւ ջուրը գոլանա:
Օգտակար խորհուրդ կորյակների համար
Հավաքել համեմատաբար մատղաշ եղինջ, օրինակ՝ մայիսին, ապա այն անցկացնել քամիչով, ստացված զանգվածն անցկացնել թանզիֆի կտորով: Ստացված հյութը խմեք օրը 3 անգամ: Այն երկար պահպանելու համար կարելի է մի քիչ մեղր ավելացնել եւ դնել սառնարանում, իսկ, որպեսզի ավելի հաճելի լինի խմելը, կարելի է մի քիչ կիտրոն խառնել: Եղինջի օգտակարության աստիճանը, կարելի է ասել, անհավանական շատ է: Այն օրգանիզմից դուրս է հանում բոլոր խարամներն ու թույները, որ կուտակված են աղիների տարբեր մասերում, բարձրացնում է արյան տոկոսը, լավացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը եւ իր մեջ պարունակում է B,E խմբի A, C, K վիտամիններ, որը շատ լավ է մաշկին: