Քննադատել են

02/05/2009

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջեւ ստորագրված` սահմանների համատեղ պահպանության մասին համաձայնագրի կապակցությամբ: ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ այն հակասում է 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրի 6 կետերին: Եվրամիությունում նախագահող Չեխիան հայտնում է իր լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը: Նշվում է, որ ԵՄ նախագահությունը պատրաստ է աջակցել Վրաստանում հակամարտությունների խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին: Անվտանգության հարցերը, ըստ ԵՄ հայտարարության, պետք է քննարկվեն համապատասխան միջազգային ֆորումներում, մասնավորապես՝ ժնեւյան դիսկուսիաների ընթացքում, որի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա մայիսի 18-19-ին: ՆԱՏՕ-ն եւս քննադատության է ենթարկել Ռուսաստանին: «Այդ քայլը չի համապատասխանում օգոստոսի 12-ի համաձայնագրին եւ չի նպաստում Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության եւ անվտանգության հաստատմանը»,- ասել է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Ջեյմս Ապատուրայը: