ԲՀԿ-ն պաշտոն չի՞ ուզում

02/05/2009

Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» չի կարծում, որ քվոտայով ՀՅԴ-ին պատկանող պաշտոնները, որոնք այսօր թափուր են, պետք է զբաղեցնեն բացառապես ՀՀԿ-ականները. այս հարցին երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանել է. «Պարոն Ծառուկյանը երբեք պաշտոնակռիվ չի իրականացրել, երբեք պաշտոնի համար որեւիցե առեւտրի մեջ չի մտել: Այնպես որ, եթե հանկարծ այդպես է որոշվել, դա մեզ համար նորմալ է: Մենք մեր ուժերը կհավաքագրենք, որ ապագա խորհրդարանական եւ համապետական ընտրություններում, իսկապես, կարողանանք ավելի լուրջ մասնակցություն ունենալ եւ, հետեւաբար, նաեւ լուրջ նախարարական պաշտոններ ստանձնել»: Ի դեպ, նա երեկ նաեւ ասել է, որ Երեւանի քաղաքապետի քարոզարշավին ԲՀԿ-ի թիմին ներկայացնելու է անձամբ Գ. Ծառուկյանը: Դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ է անելու ԲՀԿ թեկնածու Հարություն Քուշկյանը, Խ. Գալստյանը պատասխանել է. «Բնականաբար, նա էլ` որպես ցուցակում առաջինը` լիարժեքորեն ներգրավված է լինելու բոլոր միտինգներում: Ուղղակի պարոն Ծառուկյանի խարիզման, հարգանքն ու սերը մեր ժողովրդի շրջանում այնքան մեծ է, որ պարոն Ծառուկյանին վստահելով` երեւանցին վստահելու է նաեւ պարոն Քուշկյանին ու մեր թիմին»: