«Վատ է, երբ ժամանակն առաջ է գնում, իսկ ավանդույթները նույնն են մնում»

20/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նիկիտա Միխալկովի այցը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր
իրադարձություններից էր: Ռուսական կինոյի ամենահաջողակ, լայն
հնարավորությունների տեր պրոդյուսերը, ռեժիսորն ու դերասանը առաջին հյուրն
էր, ում մրցանակ հանձնվեց՝ կինոյում մեծ վաստակի համար: «Մեր փառատոներում
այսպես է՝ եթե աստղը չի գալիս, ուրեմն իսկական աստղ է, իսկ եթե գալիս է,
ուրեմն ոչ մի աստղ էլ չի, այլ՝ անտեր շուն է»,- ասաց նա:

«Չեն մտածում՝ գուցե կարգին մարդ եմ»

«Միանգամայն անկեղծ եմ ասում՝ ամեն ինչ կարելի է ձեւացնել, մանավանդ՝
բեմում: Չի ստացվի միայն խաբել, որ լավ մթնոլորտ ենք ստեղծում: Կարելի է
գոռալ, եւ դա միայն գոռոց էլ կմնա: Հեշտ է լավ վերաբերմունքը ցույց տալ
մինչեւ ականջները ձգած ժպիտով: Այդպիսի ժպիտից բերանը կարող է եւ պատռվել:
«Ոսկե ծիրանում» ես համեստություն եւ ինչ-որ տեղ ամոթխածություն տեսա: Դա
շատ գեղեցիկ է, քանի որ բառակույտեր չեն ասվում: Ես նկատի ունեմ իմ հանդեպ
ցուցաբերած վերաբերմունքը: Չեմ ասում, արժանի՞ եմ դրան, թե՞ ոչ: Եթե մարդը
մրցանակների համար է աշխատում, ապա մրցանակները նրան երբեք չեն հերիքի:
Որքան տաս, այնքան քիչ կլինի: Անսպասելի ուրախությունը շատ ավելի թանկ է
եւ հուզիչ: Վերջերս նման մրցանակ ստացա իմ Հայրենիքում, ու ասացի, որ
հերոսություն ու արիություն էր պետք ինձ պարգեւատրելու որոշում կայացնելու
համար: Կյանքը բարդ է, իմ հանդեպ եղած վերաբերմունքն էլ է բարդ ու ոչ
միանշանակ: Առաջ դա ինձ խանգարում էր, իսկ հիմա կարծում եմ, որ ինչ-որ տեղ
լավ է, քանի որ ես ոչ մեկին չեմ ուզում բացատրություններ տալ: Մամուլն
ինձանից հրեշ է սարքում եւ հետո ինքն էլ սկսում է այդ հրեշից վախենալ: Դա
իրենց խնդիրն է: Չեմ պատրաստվում ասել, որ ես ուրիշ եմ, ավելի լավը, ինձ
ճիշտ չեք հասկացել: Կան մարդիկ, որոնք եթե հանկարծ իմ մասին լավ բաներ
գրեին, ես կվիրավորվեի: Դուք կարդում եք մամուլը, լավ տեղեկացված եք,
մշակութային նույն տարածքում եմ պտտվում: Իմ երկրում այսքան բարյացակամ
դահլիճներ չեն լինում: Արվեստի մարդը չի կարող անընդհատ գտնվել
ընդդիմության շարքերում, չի կարող միշտ պայքարել: Իհարկե, արվեստը ու
կինոն միայն այնտեղ են, որտեղ պրոբլեմներ կան: Եթե պրոբլեմ չկա, արվեստ ու
գրականություն չի լինում: Բայց չես կարող ստեղծագործել, երբ շուրջդ
կասկածներ ու մեղադրանքներ են: Ասում են, ես Կաննի փառատոն եմ գնում
սեփական զբոսանավով, եւ ի՞նչ՝ շատ նորմալ սուտ է: Կոմպրոմատ են փնտրում,
մտածում են՝ եթե իմ նավը ոչ ոք չի տեսել, ուրեմն կամ շատ լավ «մենեջեր»
եմ, կամ հզոր «տանիք» ունեմ: Չեն մտածում, որ կարող է ոչ մի նավ էլ
չունեմ, որ հանկարծ կարող եմ կարգին մարդ լինել: Ես չեմ ձգտել ամեն գնով
Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների նախագահ դառնալ: Այդ պաշտոնը 20 տարի առաջ
էր լավը՝ սեւ «Վոլգա», հարգանք ու պատիվ, սպիտակ հեռախոս, ցանկացած դուռ
բացելու հնարավորություն: Երբ եկան նորերը, Միությունը 72 մլն ռուբլի
ուներ, իսկ դոլարը 60 կոպեկ էր: Բոլորը սկսեցին իրար վրա կեղտ լցնել,
հասկանալով, որ պատիժ չեն կրելու: Ես 10 տարի Միությունից հեռու էի,
նույնիսկ չգիտեի դրա գոյության մասին, ֆիլմ էի նկարահանում, «Օսկար»
ստացա: Հետո տեսա, թե ինչ է կատարվում, ու նորից եկա, թեեւ իմ կապերի
օգնությամբ հանգիստ ու ապահով կարող էի ապրել: Միության կարիքների համար
ես ծախսել եմ այն փողերը, որոնք հանգիստ կարող էի ծախսել ընկերներիս ու
ընտանիքիս վրա»:

Ինտելեկտուալ mcdonald’s

«Ես ուզում եմ հասկացվել, այլ ոչ թե հասկանալի լինել: Որովհետեւ աշխարհի
որ քաղաքում էլ լինես, եթե անգամ «Մարիոթ» հյուրանոցում ես տեղավորվել,
դու նույն բանն ես տեսնում: «Continental breakfast»-ն ամեն տեղ նույնն է,
ու, եթե առավոտյան արթնանում ես, ասենք, «Շերատոնում», չես հասկանում՝ դու
Հոնոլուլուո՞ւմ ես, Չիկագոյո՞ւմ, թե՞ Երեւանում: Պետք չէ անել ուրիշների
նման: Ընդհանրապես ստեղծագործ աշխատանքում երկու սխալ ուղի կա. առաջինը,
երբ փորձում ես անել ուրիշների նման, եւ երկրորդը, երբ ուզում ես անել ոչ
ուրիշների նման: Հետաքրքիրն անհատականությունն է, մնացածը ես կարող եմ
ինտերնետում գտնել: Ինտելեկտուալ mcdonald’s-ը շփման լավ միջոց չէ: Այսօր
«Աննա Կարենինա» վեպն ինտերնետում կարելի է երեք էջում կարդալ:
Ինֆորմացիան ծով է դարձել, բայց արդյոք այդ ինֆորմացիան բարձրացրե՞ց մեր
վարպետությունը: Ուզում էինք դեպի Եվրոպա պատուհան բացել, բայց մի ամբողջ
պատ քանդեցինք: Ու հասկացանք, որ մեզ վրա թափեցին այն, ինչ ոչ մեկին արդեն
պետք չէ՝ սկսած ժամկետանց դեղերով ու հավի «բդերով», վերջացրած անորակ
կինոյով: Ի՞նչ է նշանակում՝ քաղաքակիրթ, դեմոկրատական երկիր. դրանք
վերացական բաներ են: Հարուստ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց մի ամբողջ
զորախումբ էլ պաշտպանել չի կարող, եթե իրենց կյանքը հարկավոր չէ գոնե 30
մետր շառավղում գտնվող մարդկանց: Այդ գիտակցումից հետո կծնվի նաեւ
ուրիշներին օգնելու անհրաժեշտությունը: Եթե կինո նկարահանելու համար փող է
տալիս գուլպաներ վաճառողը, նա պահանջում է այն կինոն, որը դուր կգա գուլպա
վաճառողին: Նույնիսկ, ոչ թե արտադրողին, այլ՝ վաճառողին»:

Կինո

«Կա լավ ու վատ կինո, ես որեւէ ժանրի դեմ չեմ: Ռուսական մարտաֆիլմեր
նկարահանվում են, բայց ավելի հեգնական երանգով: Եթե ռեժիսորը նկարահանել
չգիտի, բայց նրան փող են տալիս, նա արյունոտ ու անիմաստ բանից բացի ոչինչ
չի անի: Վախեցնելը միշտ ավելի հեշտ է, բայց ռուսական արվեստը միշտ հիմնվել
է կատարսիսի՝ մաքրագործման վրա: Մենք հիմա սկսում ենք կորցնել հարգանքը
կյանքի եւ մահի հանդեպ: Կարեւոր չէ, ինչի համար են սպանում, կարեւորը՝
ինչպես են սպանում: Իսկ Դոստոեւսկին 60 էջում մի պառավի սպանություն է
նկարագրել: Կինոն սինթետիկ արվեստ է ու ուղղակիորեն փողից է կախված:
Ուզենք թե չուզենք, այդպես է: Ամերիկյան կինոն ստեղծեց ամերիկյան
երազանքը, եւ ազգը սկսեց հետեւել այդ երազանքին: Կյանքը դարձավ կինոյի
նման. քայլում ես ամերիկյան քաղաքներով ու տեսնում, որ նույն շերիֆներն
են, որոնց կինոյում ես տեսել: Սովետական Միությունը հաղորդակից անոթների
հզոր մեխանիզմ էր ստեղծել: Իհարկե, սարսափելի ցենզուրա գոյություն ուներ,
բայց կինոն ավելի անկեղծ էր: Հիմա, կարծես, ամեն ինչ կարելի է: Բայց
պարզվեց, որ կլիպային մտածողությունը թույլ չի տալիս հասարակ, հուզիչ
պատմություն նկարահանել: Պարզվեց, որ ծիծաղեցնելն ու լաց լինել ստիպելը
դժվար է: Սովետական ժամանակ մենք բազմազգ կինոդպրոց ունեինք: Մարդը չի
կարող միայն ոստրեներ ուտել. նրան կարտոֆիլ էլ է հարկավոր:
Կինոկայսրության մեջ Տարկովսկու գոյությունը պայմանավորված է Գայդայի,
Դանելիայի գոյությամբ: Նրանք պետք է զուգահեռ ստեղծագործեն:

Կինոն մեծ հնարավորություններ ունի: «Սիբիրյան սափրիչից» հետո ես նման
մասշտաբային ֆիլմ չեմ նկարահանել: Ու երբ ընկերներիցս մեկն ասաց, որ
ուզում է պարզ, հասարակ պատմություն նկարել, որ մարդիկ խրճիթում նստեն ու
խոսեն, ես ասացի՝ այո, բայց թող պատուհանի տակով տանկերի դիվիզիա անցնի:
Սա կատակ է, բայց ես սիրում եմ կադրը հազարավոր մարդկանցով լցնել: Ուրիշ
հարց է, որ դա բարդ է ու ոչ միշտ է պետք, բայց հետաքրքիր է:

Ռուսաստանում ասում են՝ հավատում ես պատահականություններին, ուրեմն
հավատում ես Աստծուն: Տաղանդավոր մարդկանց օգնելու ընդհանուր դեղատոմս
չունեմ: Երկու օր առաջ ինձ մոտ եկավ մի հայ տղա, որը Սոչիից էր, ու ասաց,
որ հիանալի սցենարներ է գրում ու ֆիլմ նկարահանում: Նաեւ ցույց տվեց իր
ֆիլմի մասին գրված իր սեփական՝ շատ դրական գրախոսականը, որտեղ ինքն իրեն
գովում է: Երեւի պարզ է՝ ինչ տպավորություն թողեց ինձ վրա: Նայեցի նրա
ֆիլմը, տեսա, որ իրոք շատ հետաքրքիր է, եւ նրա ասածները ճիշտ են: Չգիտեի՝
ի՞նչ ասել, միայն խորհուրդ տվեցի ռեժիսուրայի բաժնում սովորել: Համոզված
եմ, որ իր համառությամբ ու վստահությամբ նա առանց օգնության էլ առաջ կգնա:
Ազգանունը, ցավոք, հիշել չեմ կարող, հասարակ ազգանուն է՝ «յան»-ով է
վերջանում»:

Կինոավանդույթներ

«Ժամանակն առաջ է գնում, ավանդույթները՝ փոխվում են: Դուք գնում եք առաջ,
ավանդույթները քայլում են ձեզ հետ: Ու նոր ավանդույթներ են ձեւավորվում:
Եթե դու գնում ես, իսկ ավանդույթները ետեւում են մնում, դա ավարտ է
նշանակում: Պետք է աշխատել չպոկվել արմատներից: Ձեր փառատոնը մի քանի տարի
հետո սեփական ավանդույթները կունենա: Գուցե արդեն ունի: Աստված չտա, որ
մտածեք՝ վերջ, ջնջում ենք անցյալը ու նոր բաներ անում: Կան նման փորձեր:
1917 թվականին արվեց նույնը, եւ այդ աղետը 70 տարի տեւեց:
Անհատականությունն է ազգի ու մշակույթի հիմքը: Եվ միայն իսկական ազգային
կինոն կարող է ինտերնացիոնալ կինո դառնալ: Երբ գնում եմ ուրիշ երկրներ,
ուզում եմ լսել՝ մենք սիրում ենք մերը ու առաջարկում ենք քեզ՝ նույնպես
սիրել մերը: Դա իսկական հայրենասիրություն է: Իսկ եթե ասում են՝ մենք լավն
ենք, որովհետեւ լավն ենք, դա շովինիզմ է: Ես օրինակ, երազում եմ սիրել մեր
իշխանություններին: Չի ստացվում, բայց ես շատ եմ երազում: Հիմարություն է
իշխանություն ընտրել՝ ատելու համար: Ո՞վ ասաց, որ արվեստագետն անպայման
պիտի իշխանության դեմ լինի: Թյուր տենդենց կա, որ ռուս արվեստագետը պետք է
աղքատության մեջ ապրի, կառապանի պես խմի ու ինչ-որ ծառի տակ թոքախտից
մահանա»: