Պատրաստ են աջակցե՞լ

02/05/2009

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «հատուկ գնահատականի» է արժանացրել հայ-թուրքական հարաբերություններում նկատվող աննախադեպ տեղաշարժը: Ըստ նրա` ՀԱԿ-ը հիմնականում ոչ միայն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը, այլեւ «պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին»: Այդուհանդերձ, Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե` «Հակառակ լավատեսական կանխատեսումներին եւ հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ-թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Այս դեպքում հարց է առաջանում»: Լ. Տեր-Պետրոսյանի հավաստմամբ` Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ: Առաջին նախագահը երեկ նաեւ համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական այս պարտության հիմնական մեղավորը Հայաստանի վերջին 11 տարվա իշխանություններն էին` հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի, որոնք, նրա դիտարկմամբ` «բառացիորեն պղծեցին Ցեղասպանության սուրբ գաղափարը, այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի»: Չնայած սրան` Լ. Տեր-Պետրոսյանը դրական տարրեր է տեսնում այս գործընթացում։ «Այդուհանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը զուրկ չէ դրական տարրերից: Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»,- հայտարարել է նա: