Ի պատասխան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ը, բացառությամբ իր մասը կազմող մեկ կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ այդ հարցում պատրաստ է աջակցել իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին՝ «Միացում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ժիրայր Սէֆիլյանը «7 օր» կայքի թղթակցին ասել է. «Իմ կարծիքով` մեկ կազմակերպություն չի, որ տարակարծիք է նրանց կարծիքին: Նշեմ նաեւ, որ եկող օրերին մենք պատրաստվում ենք մեր պատկերացրած տեսակետի հետ կապված քաղաքական դաշտում քաղաքական հստակեցում մտցնել: Այսինքն` դուք կտեսնեք, որ միայն մենք չենք այս տեսակետին: Դա մի փաստաթուղթ է լինելու, որի տակ պետք է ստորագրեն տարբեր քաղաքական միավորներ, ովքեր համամիտ են մեզ հետ»: Լ. Տեր-Պետրոսյանի մեկ այլ դիտարկմանն ի պատասխան էլ, թե` հայ-թուրքական հարաբերություններում նաեւ դրական միտումներ կան Ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով, Ժ. Սէֆիլյանն ասել է. «Ես դեմ եմ եւ այն կարծիքին չեմ, որ դրական միտում կա այս հարաբերություններում: Ինչպե՞ս կարող է դրական միտում լինել արցախյան բանակցություններում, եթե միջնորդը դառնում է Թուրքիան, որը Ադրբեջանի եղբայրն է իրեն համարում»: