Ինքնագիր տալը դերասանի խաչն է

20/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Բացվեց ու հիմնականում ընթացավ
անգլերեն լեզվով: Ինչպես ասաց Նիկիտա Միխալկովը՝ անգլիախոս փառատոնը երեւի
թե գոյության իրավունք ունի, սակայն չմոռանանք՝ ո՞ւմ համար ենք փառատոն
անում: «Եթե դիվանագետների ու հյուրերի համար է արվում, դա նորմալ է, իսկ
եթե «մերոնց» համար, ապա ուրիշ կերպ պետք է լինի: Բայց փառատոնը երիտասարդ
է, եւ շատ բաներ հետո կերեւան: Կարեւորը մթնոլորտն ու ներքին տակտն է»,-
ասաց նա: Իսկ մթոլորտը ստեղծվում է: Յուրաքանչյուր փառատոն վազք ու ամեն
տեղ հասցնել է նշանակում: Կինոդիտումներն ու հանդիպումները նոր են
սկսվում: Սակայն ամենահետաքրքիր հյուրերն արդեն Երեւանում են եւ ինքնագրեր
են բաժանում: «Երբ քեզ հրում են ու ինքնագիր ուզում, դերասանը պետք է
հասկանա, որ դա իր խաչն է ու դժգոհ չծամածռի դեմքը: Ես արհամարhում եմ այն
մարդկանց, ովքեր ասում են՝ օ՜, ինչպես եմ հոգնել: Մենք դրա համար ենք
աշխատում ու իրավունք չունենք մարդկանց հիասթափեցնել»,- ասաց Ն. Միխալկովը:

Փառատոնի կազամակերպիչներն ակնկալում են երիտասարդների ակտիվ
մասնակցություն: Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանը, ով
բազմաթիվ փառատոների է մասնակցել, ասաց. «Յուրաքանչյուր քաղաքում փառատոնի
հիմքն ուսանողներն են: Նրանք ծանոթանում են, զրուցում, հուզվում: Փառատոնի
ամենալավ նվերը կինոյի ծարավ ունեցող հանդիսատեսն է: Փառատոնն այն երեխան
է, ով անցյալ տարի ծնվեց: Հիմա պետք է մեծանա ու մարդկանց հրավիրի
Հայաստան»: