«Գործուղվել» է Իջեւան

02/05/2009

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտական տեսության ամբիոնի հանրահայտ եւ արդեն նախկին վարիչ Հարություն Մարզպանյանը, մեր տեղեկություններով, հիմա որպես դասախոս աշխատում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Այս տեղեկությունը մեզ հետ հեռախոսազրույցներում հաստատեցին թե՛ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ թե՛ նաեւ Իջեւանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանը: Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ Հ.Մարզպանյանը հայտնի դարձավ մի սկանդալային պատմությամբ. նա տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի 17-ամյա մի ուսանողուհու հետ անձնական կապ էր հաստատել ու փախել էր Հայաստանից: Բայց, ի վերջո, նրանք վերադարձել էին, եւ այդ սկանդալային պատմությունից հետո Մարզպանյանն ազատվել էր ամբիոնի վարիչի եւ դեկանի տեղակալի պաշտոնից: Բնականաբար, ԵՊՀ-ում դասավանդելու իրավունք նա այլեւս չուներ: Որոշ տեղեկությունների համաձայն` 55-ամյա Հ.Մարզպանյանը վերադառնալուց հետո գնացել է իր ուսանողուհու հոր մոտ` աղջկա ձեռքը խնդրելու համար, սակայն աղջկա հայրը նրան դուրս է արել տնից: Նաեւ տեղեկացնենք, որ Հ.Մարզպանյանը ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանավորյալն է, եւ հենց նրա հետ ունեցած կապի եւ մտերմության շնորհիվ էլ սկանդալային պատմության պատճառով հայտնի դարձած դասախոսն այսօր դաս է տալիս Իջեւանի ԵՊՀ մասնաճյուղի ուսանողներին: Հիշեցնենք նաեւ, որ 2008թ. հունիսին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություններին Հ.Մարզպանյանը նույնպես դրել էր իր թեկնածությունը: Նրան պաշտպանում էր ռեկտոր Ա.Սիմոնյանը: Մամուլում նույնիսկ հրապարակում եղավ, թե Ա.Սիմոնյանը նույնիսկ ԵՊՀ ուսխորհրդի անդամներին, որոնք ընտրելու իրավունք ունեցել են, խիստ հանձնարարական էր տվել ընտրել Հ.Մարզպանյանին: Սակայն այս անգամ ռեկտորի ջանքերը զուր են անցել, եւ նորից դեկան է ընտրվել Հայկ Սարգսյանը:

Երեկ մեզ հետ զրույցներում թե՛ Ս.Առաքելյանը եւ թե՛ Ա.Սիմոնյանը պնդում էին, որ Մարզպանյանը լավ մասնագետ է, ու հենց դրա համար էլ նրան նոր աշխատանքի են նշանակել: Բայց արդյո՞ք ուսանողուհու հետ կապված այդ պատմությունը ռեկտորներին չի մտահոգում, որ նրանք նորից դասավանդելու հնարավորություն են տվել արկածախնդիր տնտեսագետին: Համոզվա՞ծ են, որ Մարզպանյանը նույն քայլը չի փորձի կրկնել նաեւ Իջեւանում: Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Ա. Սիմոնյանն ասաց. «Բավականին մութ կետեր կան այդ պատմության մեջ, ես միանշանակ չեմ հավատում դրան, թեեւ չեմ էլ փորձել ավելի խորանալ այդ պատմության մեջ»: «Համոզված եմ, որ նման խնդիր այստեղ չի առաջանա»,- իր հերթին ասաց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտորը:

Ի դեպ, նաեւ տեղեկություններ կան, թե Հ.Մարզպանյանին որպես դասախոս գործուղելով Իջեւան, Ա.Սիմոնյանն, ի վերջո, ցանկանում է նրան այնտեղ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան դարձնել ու այդպես վերականգնել սկանդալային դասախոսի կարիերան: Այս տեղեկությունը, սակայն, երեկ հերքեցին մեր զրուցակից ռեկտորները: «Դա հնարավոր չէ, այնտեղ դեկան կա, եւ դեկանի ընտրություններ առաջիկայում չեն սպասվում»,- ասաց Ա.Սիմոնյանը:

«Մեզ մոտ սկզբունք կա, որ գոնե դեկանները պետք է տեղի բնակիչ լինեն եւ շաբաթվա 6 օրերին այստեղ աշխատեն: Իսկ Մարզպանյանն այստեղ ընդամենը կես դրույքով է աշխատում: Մյուս կողմից էլ` ես չեմ կարծում, որ նա ուզենա այստեղ դեկան աշխատել»,- ասաց Ս.Առաքելյանը:

Սակայն ոչինչ չի խանգարում, որ մինչեւ դեկանի ընտրությունները Մարզպանյանն Իջեւանում ավելի շատ դասաժամեր ստանա եւ արդեն ընտրություններին մասնակցելու իրավունք ունենա: Հատկապես, որ ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանն է Մարզպանյանի, այսպես ասած` «տանիքը»: