Ա. Ենիգոմշեանը ծնվել է Բեյրութում եւ ավարտել տեղի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բաժինը: 1980թ. Շվեյցարիայում ԱՍԱԼԱՅԻ զինյալ մի գործողության ժամանակ կորցրել է տեսողությունն ու ձախ ձեռքը: 1995թ.-ից նա բնակվում է Հայաստանում եւ տնօրինում է «Մոնթե Մելքոնյանի» անվան հասարակական կազմակերպությունը:
– Վերջին շրջանում Հայաստանում ամենաշատ արծարծվող թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է: Ձեր կարծիքով` սահմանների բացումը ի՞նչ կտա Հայաստանին:
– Բացի սպառնալիքներից՝ էականում ուրիշ բան չի տալու: Սա ասում եմ ոչ թե որպես զգացական խոսք, այլ այդ եզրակացության կարող ենք հանգել` եթե մի քիչ ուսումնասիրենք այն, թե ով` ինչ է շահելու: Սահմանները բացելու դիմաց ու նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց Թուրքիայի կողմից պահանջվում են կարեւոր, էական հարցերի շուրջ զիջումներ, որոնց արդյունքում Հայաստանը միայն վնասով է դուրս գալու:
– Իսկ որո՞նք են այդ սպառնալիքները:
– Ես ուզում եմ հարցը երկու մասի բաժանել: Առաջինը` եթե սահմանը բացվի առանց որեւէ զիջումի Հայաստանի կողմից, ես կարծում եմ, որ էլի Հայաստանը տուժելու է: Իսկ եթե սահմանը բացվի քաղաքական կամ ռազմավարական զիջումների գնով, ապա բազմապատկվելու են այդ վնասները:
– Խոսքն ի՞նչ վնասների մասին է:
– Մինչ այդ հարցին պատասխանելը՝ եկեք նախ խոսենք, թե սահմանների բացումից ովքե՞ր են շահ ստանալու: Մենք պիտի իմանանք, որ այսօր Թուրքիան դարձել է տարածաշրջանային ինքնուրույն ուժ: Եթե սառը պատերազմի ժամանակ Թուրքիան հիմնականում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի պատրաստած գործակատարն էր, ապա այսօր, երբ սառը պատերազմից անցել է շուրջ երկու տասնամյակ, Թուրքիան տարածաշրջանում ձեռք է բերել որոշակի ինքնուրույնություն` եւ՛ Մերձավոր Արեւելքում, եւ՛ ինքնուրույն է ԱՄՆ-ից ու հանդես է գալիս արաբաիսրայելական հակամարտությունում իր քաղաքականությամբ, ինչպես նաեւ՝ Իրանի, Իրաքի պարագայում նա եւս ինչ-որ չափով իր քաղաքականությունն է տանում: Սա երեւում է նաեւ Սեւծովյան տարածաշրջանում: Անցյալ տարի նա որոշակի սահմանափակումներ դրեց ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ռազմանավերի Սեւ ծով դուրս գալու մուտքի դիմաց: Թուրքիան ինքնուրույն քաղաքականություն է ուզում իրականացնել նաեւ Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում, որտեղ մեծ դերակատարություն ունենալու համար խանգարող գործոնը Հայաստանի հետ հարաբերություններ չունենալու փաստն է: Իսկ եթե նա ունեցավ բնականոն հարաբերություններ, ապա Հայաստանի վրա հաստատապես իր ազդեցությունը կբազմապատկի:
– Սահմանների բացումից մեր երկիրը չի՞ շահելու:
– Արտաքին առեւտրում ներմուծողների եւ արտահանողների փոխադրական ծախսերը մի քիչ պակասելու են, արտաքին առեւտուրը հեշտանալու է:
– Այսօր նաեւ այն մտավախությունը կա, որ ռուս-թուրքական 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրի ուրվականն է վերադառնում, ավելի ճիշտ` նույն թվականին Մոսկվայի պայմանագրին հաջորդած Կարսի հոկտեմբերի 13-ի պայմանագիրը: Այս անգամ ի՞նչ շահ ունի Ռուսաստանը:
– Սահմանների բացման դեպքում կա ռուս-թուրքական շահերի համընկնում: Ռուսաստանի նպատակներից մեկն է` Հարավային Կովկասում Արեւմուտքի ազդեցությունը հեռացնել եւ Եվրոպայի վրա ունենալ իր էլեկտրաէներգիայի պաշարների առավելությունը: Բոլորս էլ գիտենք, որ Եվրոպայով անցնող գազը կամ ռուսական է, կամ էլ անցնում է Ռուսաստանի տարածքով: Դա էլ մեծ լծակներից է: Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի գազը չանցնի Հարավային Կովկասով կամ Թուրքիայով, այլ անցնի Ռուսաստանով:
– Այդ դեպքում ի՞նչ քաղաքականություն կվարի Ռուսաստանը 1921թ. բարեկամ Թուրքիայի հետ:
– Թուրքիան կունենա իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, կավելացնի իր ինքնուրույնությունը, Ռուսաստանը իր հետապնդած երկու շահերին էլ կհասնի` գազի անցկացումն իր տարածքով, Հայաստանում էլ ձեռք կբերի տնտեսական նոր լծակներ: Իսկ նման պայմաններում Ռուսաստանը որպեսզի Ադրբեջանից ստանա այն, ինչ ուզում է, պետք է Հայաստանին պարտադրի արցախյան հարցի ադրբեջանամետ լուծումը: Երեք կողմն էլ կունենա իր շահերը (Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի մասին է):
– Ձեր կարծիքով՝ իսկ ԱՄՆ-ը ի՞նչ օգուտ է փնտրում հայ-թուրքական սահմանների բացման համատեքստում:
– ԱՄՆ-ը ջատագովում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որովհետեւ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը պայմանավորված է Հայաստանի եւ Թուրքիայի լարվածությամբ: Այսինքն` Հայաստանը Ռուսաստանի կարիքը զգում է, որովհետեւ կա Թուրքիայի գործոնը: Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարելավվեն, Հայաստանը կարիք չի ունենա կամ նույնքանով կարիք չի ունենալու Ռուսաստանի ներկայությանը: Դրանով իսկ Ռուսաստանի ազդեցությունն իր վերջին գլխավոր հենարանից զրկվելու է: Դա մի շահ է, որ ակնկալում է ԱՄՆ-ը: