«Աղջիկ ջան, հարբեցող չեմ: Բայց գիտեմ` վաղը կգնաք ու կգրեք, որ բոմժ եմ»,- ասում է Վաղարշակ Զաքարյանը:
63-ամյա Վաղարշակը կարկատել է անցյալի ծվեն-ծվեն եղած թանկ հիշողություններն ու լցրել դրանք այս կյանքում իր ունեցած միակ բանի` կեղտակորույս, հնամաշ ու «հաշմանդամ» մանկասայլակի մեջ: Երբ հիշողություններով լցված մանկասայլակը դատարկվում ու լցվում է փողոցներից հայթայթած կեղտոտ շշերով, մետաղների ջարդոններով ու աղբով` դատարկվում է նաեւ Վաղարշակի հոգին: Դառնում է անբան, անբախտ ու իմաստազուրկ: Երեկոյան վերջալույսն իր հետ բերում է տառապանքների շարան, իսկ առավոտի լույսը Վաղարշակին կտրում է անցյալից եւ առերեսում մարդկային աններողամտությանն ու անարդարությանը: Մեր հասարակությունը Վաղարշակի պես մարդկանց մերժում է:
Բաց երկնքի տակ ապրող այս տղամարդու գոյությունը հիշատակվում է անցյալով, քանի որ անցյալը դարձել է պիտակ ու դաջվել է նրա ճակատին: Երիտասարդ տարիքում Վաղարշակը սխալվել է. այնպես, ինչպես մեզանից ցանկացածն է աշխարհիկ գայթակղությունների խայծը կուլ տալիս, եւ այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը մեր կատարածի համար ներողամտություն է ակնկալում: Հանցագործություն է կատարել եւ դատապարտվելով 15 տարվա ազատազրկման` հայտնվել է ճաղերի ետեւում: Գլուխն ափերի մեջ առնելով՝ ասում է` «Զղջում եմ, էն էլ ո՜նց եմ զղջումգ Փող եմ սարքել, այսինքն` կեղծ դրամներ եմ իրացրել: Սխալս ճակատագրական եղավ: Ինձ տրորեցին ամեն կողմից, ինձ չներեցին, ես էլ ինձ չներեցիգ»: 15 տարվա կալանավայրի կյանքը Վաղարշակի անցյալը սիրուն փաթեթավորեց, ի պահ տվեց խցի անկյունում ու ներկայի համար «նստած-հելածի» տրամաբանությամբ նախաբան գրեց: Պատմում է` «Երբ կալանքս կրեցի ու ազատվեցի, եկա տուն ու տեսա, որ ես տուն չունեմ: 15 տարվա սպասումներս սառը ցնցուղի պես լցվեցին գլխիս: Իմ ազատազրկվելուց հետո կինս երկու երեխաներիս հետ հեռացել, լքել էր ինձ: Մայրս էր մնացել, բայց նա էլ մահացել էր: Եկա, տեսա` պետությունը բնակարանս պետականացրել է: Գաղութից դուրս եկա ու հասկացա, որ ոչինչ չունեմ»: 15 տարվա սպասումն անպետք փալասի պես դեն նետելով «աղբարկղի» մեջ` Վաղարշակն ազատության մեջ հայտնվեց անձրեւից հետո ցեխից դուրս եկող անձրեւորդի պես, որին սկսեցին մարդիկ տրորել, ոտնատակ տալ: Սկսեց գլուխը բարձին դնելու, գիշերելու տեղ փնտրել, բայց ստիպված եղավ գլուխը սառը ցեմենտին դնել ու գիշերել` ուր պատահի: «Եսիմ ուր ասես, որ չեմ մնացել: «Սասունցի Դավիթ» կայարանի անցումի տակ էի հիմնականում մնում: Քանի տարի էնտեղ եմ «ապրել»: Մի օր էլ միլիցեքն եկան, թե՝ գողություն ա կատարվել: Նստած-հելած մարդը միշտ էլ էդ ուդառի տակ ա: Ինձ էնտեղից դուրս վռնդեցին, ահագին հարցաքննեցին: Հետո պարզեցին, որ ես էդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունեմ, բայց մեկ ա` չթողեցին գիշերներն էնտեղ մնամ»: Հետո Վաղարշակը փողոցներից «Սովետի մոդելի» մի կոտրված մանկասայլակ գտավ, եղած իրերը լցրեց մեջն ու սկսեց փողոցներում շրջել: Շրջեց այնքան, մինչեւ «ՏԷՑ-ի կռուգի» եւ Էրեբունու նախկին դիահերձարանի` Այվազովսկի 1 հասցեի ամայի տարածքում գողտրիկ մի տեղ գտավ: «Եկա, զիբիլանոցներից մի կռավաթի սետկա գտա, դրեցի ստեղ, մի երկու փալասով փակեցի ու սկսեցի էս բնում ապրել: Երկար ժամանակ ա ստեղ եմ»,- ասում է Վաղարշակն, ով երեխաների մասին հարցերիս պատասխանում է կտրուկ եւ չի ցանկանում նրանց մասին որեւէ բան պատմել: Դրսում ապրող այս տղամարդն առավոտից իրիկուն մանկասայլակն առած շրջում է փողոցներով, քչփորում է աղբարկղերն ու այնտեղից հայտնաբերած շշերը, մետաղյա ջարդոնները՝ հավաքելով` հանձնում, հացի գումար է վաստակում: Ասում է` «Էս կալյասկեն ա իմ ունեցածն ու ապրուստի միջոցը: Անձրեւոտ օրերին չեմ կարողանում էդ գործն անեմ, իսկ ընդհանրապես սենց եմ փող աշխատում»: Վաղարշակը վստահեցնում է, որ հայաստանյան գործատուներն արդեն իրեն ճանաչում են, որովհետեւ բոլորից աշխատանք է խնդրել, բայց չեն ընդունել միայն այն պատճառով, որ վերջինիս անձնագիրը գտնվում է ՀՀ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա ստորաբաժանմունքում: Հարցնում եմ` «Բայց ինչո՞ւ է էնտեղ: Գո՞րծ կա հարուցված»: Պատասխանում է` «Չէ՛, չէ՛, աղջիկ ջան: Իմ տունը Շահումյանի շրջանում ա եղել: Ինձ դատեցին, նստեցի ու, երբ դուրս եկա` Շահումյանի քաղմասից անձնագիրս չտվեցին: Սկզբում ասում էին` պիտի ժամանակ առ ժամանակ ներկայանամ: Ոնց ասում էին` անում էի: Հիմա արդեն 10 տարի ա անցել, բայց չեն տալիս: Քննիչներն ասում են` գործ տուր, որ պասպորտդ տանք: Ասում եմ` ախր ես ի՞նչ գործ տամ ձեզ, ես էդ կյանքով չեմ ապրում: Ասում են` նարկաման, հանցագործ ծանոթներ կունենաս, արի գործ տուր մեզ, որ տանք: 10 տարի շարունակ ինձ ստիպում են, որ ես գործ տամ՝ նոր պասպորտս տան»: Վաղարշակ Զաքարյանը վստահեցնում է, որ այս տարիների ընթացքում Ոստիկանության աշխատակիցներին խնդրել, ասել է, որ իրեն աշխատանքի ընդունելու ու ապրելու համար անձնագիր է պետք, սակայն վերջիններս «շանտաժի» են դիմում: Հույսը կորցրել է, թե երբեւէ կարող է մի տեղ դիմել՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի համապատասխան փաստաթուղթ: Անձնագրի բացակայության պատճառով համակերպվել է, որ կյանքում չի ստանա ծերության թոշակ, չի կարող օգտվել առողջապահության ծառայություններից եւ չի կարող ունենալ ընտրելու իրավունք: Ասում է` «Փաստորեն ես հայ եմ, բայց Հայաստանում ոչ մի իրավունք չունեմ»:
Այնպես, ինչպես իր կեղտոտ հագուստով, չսափրված, չլողացած տեսքով չի կարող հայտնվել հասարակական վայրերում, չի կարող զրույցի մեջ մտնել շենքերի բակերի տաղավարներում հավաքված նարդի խաղացող տղամարդկանց հետ, չի կարող երեխաների կարոտն առնել փողոցում քայլող մի փոքրիկի շոյելով, որովհետեւ հասարակությունը դատավճիռ է կայացրել, Վաղարշակի ճակատին գրել է՝ «բոմժ», ու ուղարկել գրողի ծոցը:
Փալասներով սարքված Վաղարշակի վրանը դիմանում է ձմռան ցրտին, անձրեւներին ու այրող արեւին: Դիմանում է զրկանքներին, սովին ու մենակությանը: Հարցնում եմ` «Ո՞նց եք ցրտին դրսում քնում, դիմանում, կարո՞ղ է խմելու հետ սեր ունեք, հարբեցող եք»: Հեգնանքով պատասխանում է` «Չէ՛, չէ՛, աղջիկ ջան, հարբեցող չեմ: Բայց գիտեմ` վաղը կգնաք ու կգրեք, որ բոմժ եմ»: