Հակառակվել գետի հոսանքին

20/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Իրանցի հայտնի ռեժիսոր Աբբաս Քիարուսթամին, ով վերջին 35 տարիների
ընթացքում ոչ մի հարցազրույց չի տվել, դիվանագիտորեն ասաց. «Փառատոնը ոչ
թույլ է, ոչ փոքր եւ ուշադրության կարիք ունի: Իրանում մենք բոլորս էլ մեկ
կամ երկու հայ ընկեր ունենք: Հիմա, իհարկե, հեղափոխությունից հետո, հայերի
թիվը պակասել է, բայց ես ազդված եմ հայ մշակույթից: Իմ հայ ընկերոջ տանն
առաջին անգամ տեսա, որ դանակով ու պատառաքաղով են ուտում»:

Ա. Քիարուսթամին մեծ պատասխանատվությամբ ու նրբանկատությամբ է մոտենում
մարդ էակի ներաշխարհին, նրա ֆիլմերի դիտումն աշխատանք է պահանջում:
Ինտելեկտուալ կինոյի նուրբ վարպետը գտնում է, որ ամերիկյան կինոն իր
բացասական ազդեցությունն է թողնում բոլորի վրա: «Եթե Իրանում որոշես
Հոլիվուդի չափանիշներով ֆիլմ նկարահանել, հովանավորներ կգտնես: Դժվար է
հակառակվել գետի հոսանքին: Իմ լսարանն այն մարդիկ են, ովքեր իմ ֆիլմերը
կարողանում են մինչեւ վերջ նայել, նույնիսկ, եթե չեն սիրում ինձ»,- ասաց
նա: Իրանցի ռեժիսորները կինոցենզուրան իրենց ներսում են տեղադրում եւ
ֆիլմի սկզբից սահմանափակումներ անում: «Ցենզուրան այն պատն է, որից պետք է
լինում այն կողմ թռչել»,- ասաց նա: Երեկ ցուցադրվեց Ա. Քիարուսթամիի
«Տասը» ֆիլմը եւ բացվեց նրա ֆոտոինստալացիաների ցուցադրությունը: