Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հերքել է աշխատավարձերի ուշացումների կամ չվճարումների մասին տեղեկությունները: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պահի դրությամբ չկան չվճարումներ, ուշացումներ կամ ժամանակացույցի խախտումներ…. Չկան թերացումներ կամ չվճարումներ ոչ միայն ընթացիկ, այլ կապիտալ ծախսերի առումով: Բյուջեն կատարվում է ամբողջ ծավալով եւ ըստ նախատեսված ժամկետների»,- ասել է նա` հերքելով նաեւ այն տեղեկությունները, թե գանձապետական միասնական հաշվում հաշվեկշիռը զրոյին մոտ է: «Գանձապետական միասնական հաշվին ունենք բավարար գումար, որպեսզի կատարենք մեր բոլոր պարտավորությունները` թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերի առումով: Այնպես որ, բյուջեի կատարումը իրականացվում է բնականոն ընթացքով»,- ասել է Դավթյանը: Կարծում ենք՝ Ֆինանսների նախարարի այս հավաստիացումներին առաջին հերթին եւ ամենաշատը հավատացել են կենսաթոշակառուները, որոնցից շատերը երեկ թոշակը ստացել են… մետաղադրամներով: Խմբագրություն զանգահարած մի քանի կենսաթոշակառուներ պատմում էին, որ, ասենք, 32.000 դրամ կենսաթոշակից 26.000 դրամը ստացել են 500 դրամանոց մետաղադրամով: Թե ինչի մասին է դա վկայում, կարծում ենք՝ դժվար չէ կռահել: