Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության շուրջ «միակողմանի» հայտարարության համար մեղադրում են վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ նախագահ Աբդուլլահ Գյուլին, քանի որ նրանց «չի հաջողվել, ինչպես հարկն է, ներկայացնել 1915թ. ողբերգական դեպքերի` թուրքական կողմի տարբերակը»: Ըստ թուրքական «Hurriyet»-ի, «Հանրապետական ժողովրդական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը քննադատել է Էրդողանի այն հայտարարությունը, որ Օբաման ցեղասպանության շուրջ իր ուղերձում փորձել է ցուցաբերել երկու կողմերին բավարարող մոտեցում: «Օբաման հայտարարությամբ է հանդես եկել այն ժամանակ, երբ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Հայաստանի հետ «Ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության է եկել»,- ասել է Բայկալը` ավելացնելով, որ այս իրավիճակն էլ ավելի է բարդացնում խնդիրը: