Երեկ խորհրդարանը 75 «կողմ», 6 «դեմ» եւ 12 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող 3 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: «Դեմ» էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այդ օրինագծում կային բազմաթիվ խոցելի դրույթներ, որոնք լայն լիազորություններ են սահմանում Ոստիկանության համար: Այս անգամ թեեւ որոշ դրույթներ մեղմացվել են, այնուամենայնիվ, այս տարբերակը նույնպես Ոստիկանության «օգտին» է: Եթե առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի դեպքում ոստիկանն իր հայեցողությամբ պետք է որոշեր, թե տվյալ պահին իր մոտ եղած հատուկ միջոցներից որը օգտագործի, այս անգամ արդեն սահմանված է, թե որ հատուկ միջոցը որ դեպքերում պետք է կիրառվի: Երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում նախագծի հեղինակ կառավարությունը ընդունել է պատգամավորների մի շարք առաջարկությունները, բազմաթիվ առաջարկներ էլ մերժել է: Օրինակ, չի ընդունել Վ.Դալլաքյանի առաջարկությունը եւ օրենքի նախագծից չի հանել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի դեպքում նշված «զգալի կուտակումներ» արտահայտության «զգալի» բառը: «Ես առաջարկել էի հանել «զգալի» բառը եւ ամրագրել, որ մարդկանց կուտակումների ժամանակ հրազենի կիրառումը արգելվում է, որովհետեւ մեկի համար 10 հոգին է զգալի կուտակում, մյուսի համար, ասենք, 10.000 հոգին: Եվ ես այն կարծիքին եմ, որ ընդհանրապես մարդկանց կուտակումների ժամանակ հրազեն չի կարելի օգտագործել: Դա ինձ համար սկզբունքային հարց էր, եւ դրա համար էլ դեմ եմ քվեարկում»,- ասաց պատգամավորը:
Իսկ ինչո՞ւ հանկարծ օրենքի հեղինակները որոշեցին «ետ վերցնել» վտանգավոր, բայց իշխանությունների համար նպաստավոր փոփոխությունների մի մասը: «Իմ տպավորությամբ՝ օրենքի հեղինակները ուսումնասիրել են մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված Ոստիկանության գործողությունները եւ փորձել են այս օրինագծում ինչ-որ ձեւով օրինականացնել այն անօրինականությունները, որոնք շատ դեպքերում թույլ են տրվել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Միաժամանակ նախագծում սահմանված է պատասխանատվություն, եթե Ոստիկանության զինծառայողները իրավաչափ գործողություններ չկիրառեն: Բայց Հայաստանի նման ժողովրդավարության ցածր մակարդակ ունեցող երկրում այս նորմերը չեն գործում»,- ասաց Վ.Դալլաքյանը: Նրա խոսքով, նախկին օրենքում կային տարածական տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող արտահայտություններ, որոնք որոշ դեպքերում հանվել են: «Թեպետ էլի վտանգավոր կետեր պահպանվել են: Բայց ես այն կարծիքին եմ, որ ընթացքում էլ հավանաբար նաեւ պատգամավորները կարող են նախագծի վրա փոփոխություններ կատարել: ՀՀ-ում անգամ լավ օրենքները չեն գործում, թեեւ ես այս նախագիծը չեմ համարում լավը: Օրենքների գործելու խնդիր գոյություն ունի: Ոստիկանությունը հասարակության վստահությունը չի վայելում, եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ուժային կառույցները, մասնավորապես՝ Ոստիկանությունը, օգտագործվում է ընդդիմության նկատմամբ որոշակի օպերացիաներ իրականացնելու համար: Այսինքն՝ Ոստիկանությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Ես այդ մտավախություններն ունեմ»,- ասաց նա: