2007թ. համեմատ Երեւանի քաղաքապետի պաշտոնը որպես քաղաքական պաշտոն ընկալողների թիվը 2 անգամ նվազել է, բայց ընտրողների կեսը դեռեւս քաղաքապետի ընտրությունները քաղաքական է համարում: Ընդ որում, այդ 50%-ից միայն 12%-ն է նախընտրում ընդդիմադիր քաղաքական գործիչ, 20%-ը նախընտրում է իշխանական քաղաքական գործիչ, եւ 16%-ը` անկախ քաղաքական գործիչ:
Այս «արժանահավատ» տվյալները կարող էր հրապարակել, իհարկե, միայն «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, որը երեկ հրավիրված ասուլիսում պնդում էր, թե այդ եւ նմանատիպ այլ եզրակացություններին եկել է «անկախ» հետազոտություններ կատարելով: Սոցիոլոգի այս «հետազոտությունների» համաձայն` Հայ Ազգային կոնգրեսը 6 համեմատական վարկանիշերից 5-ում զիջում է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ ԲՀԿ-ին: Այսպես, ըստ նրա, ՀՀԿ-ի հաղթանակը ընտրություններում ցանկանում են 10 հարցվածներից 3-ը, ԲՀԿ-ինը` 2-ը, ՀԱԿ-ինը` ընդամենը 1-ը: Ըստ Ադիբեկյանի հետազոտության, ՀՀԿ-ին Երեւանի հիմնահարցերը լուծելու ունակ են համարում 10-ից 4-ը, ԲՀԿ-ին` 2-ը, ՀԱԿ-ին` 1-ը: ՀՀԿ-ի հաղթանակը չի ցանկանում 10 հարցվածներից 1-ը, ԲՀԿ-ինը`
0.5-ը, ՀԱԿ-ինը` 2-ը: Ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի մեջ վստահ են 10-ից 5-ը, ԲՀԿ-ի` 2-ը, ՀԱԿ-ի` 1-ը, եւ այլն: «ՀԱԿ-ի համար նպատակահարմար կլիներ առաջին համարում առաջադրել նախկին քաղաքապետին կամ թաղապետին»,- գրված է Ա. Ադիբեկյանի հետազոտության հաշվետվության մեջ: Սակայն, քանի որ Ա. Ադիբեկյանն անսահման «օբյեկտիվ» է, նա ասում է, թե իշխանությունները չեն հասկանում, որ վարչական ռեսուրսի օգտագործումը նվազեցնում է իրենց վարկանիշը: Այսպես, ըստ Ադիբեկյանի` քարոզարշավի ընթացքում սովորաբար իր վարկանիշն աստիճանաբար բարձրացնում է ընդդիմությունը, իսկ իշխանության վարկանիշը գնալով նվազում է: Եվ Ադիբեկյանը վստահ է, որ վարչական ռեսուրսի օգտագործումն իրականում նվազեցնում է իշխանական թեկնածուի վարկանիշը: «Եթե, օրինակ, գան եւ շենքում հայտարարեն, թե՝ եթե չընտրեք Բեգլարյանին, ձեր լիֆտը չի աշխատի, ապա բնական է, որ այդ շենքի մարդիկ կարող են մտափոխվել եւ չընտրել այդ թեկնածուին»,- կարծում է Ա. Ադիբեկյանը: Նրան վրդովեցրել էր ռուսական թերթերից մեկի այն հրապարակումը, որտեղ իրեն ստախոս էին անվանել` մեկնաբանելով, թե 2008թ. նախագահական ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին 5% վարկանիշ նկարողը այսօր 35% է վերագրում նրան: Ադիբեկյանը պարզաբանեց, որ այդ 35%-ը, որի մասին ինքն ասել էր մի քանի շաբաթ առաջ, իր կատարած հարցումների միայն մի բաղկացուցիչ մասն է եղել, եւ լրագրողներն իր նշած մյուս ցուցանիշները «բանի տեղ չեն դրել»: Դրա համար էլ այս անգամ Ադիբեկյանը որեւէ կոնկրետ վարկանիշ չնշեց, թեեւ հաշվետվության մեջ գրված էր, որ վարկանիշով առաջին տեղում է Գ. Բեգլարյանը: Այստեղ Ադիբեկյանը հասցրեց նաեւ գլուխ գովել` հայտարարելով, թե «Գելափը» միայն մի հարց է տալիս` ո՞ւմ ձայն կտաք, իսկ ինքը շուրջ 20 պարամետրերի վերաբերյալ հարցեր է տալիս ու տվյալներ է վերլուծում: Ի դեպ, Ադիբեկյանի հրապարակած հաշվետվություններում տվյալները վերաբերում էին միայն ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին: Մյուսները չկային, որովհետեւ, ըստ Ա. Ադիբեկյանի` իրեն պատվեր չէին տվել եւ կարող էին դժգոհել, եթե ինքը հրապարակեր դրանց վերաբերյալ տվյալներ: Այդ դեպքում կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀԱԿ-ն էլ է իրեն պատվեր տվել: «Ո՛չ»,- պատասխանեց Ադիբեկյանը` նշելով, որ իր պատվիրատուներից մեկը ՀՀԿ-ն է, իսկ մյուսի անունը ինքը չի կարող հրապարակել: Եվ ըստ Ադիբեկյանի՝ միայն այդ երեք ուժը իրական հնարավորություն ունեն հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը:
Հաղթահարելուն հարցման պահին մոտ են եղել նաեւ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, սակայն ՀՅԴ-ի ընդդիմադիր դառնալը, ըստ Ադիբեկյանի, կարող է ամեն ինչ փոխել: Թե որ ուղղությամբ կլինեն փոփոխությունները, կամ թե ՀՅԴ-ն կմեծացնի՞ արդյոք իր վարկանիշը` իրեն որպես ընդդիմություն ներկայացնելով, Ադիբեկյանը չգիտեր: Ընդհանուր առմամբ, ըստ նրա հարցումների, երեւանցիների 30%-ը հետաքրքրված չէ քաղաքապետի ընտրություններով, 70%-ը հետաքրքրված է, սակայն այս խմբի ներկայացուցիչների զգալի մասն էլ չգիտի, թե ովքեր են առաջադրված: Երեւանում վերջին 2-3 տարիներին 15 ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները, ըստ Ադիբեկյանի, ընտրողների 65%-ը գնահատել է դրական, իսկ մնացածը դրական փոփոխություններ չի տեսնում: Ադիբեկյանի հարցումները վերաբերել են նաեւ տնտեսական ճգնաժամին: Այսպես. հարցվողների 2/3-ը նշել է, որ ճգնաժամից տուժել է, իսկ 1/3-ը թեեւ նշել է, որ չի տուժել, բայց, այնուամենայնիվ, որոշակի լարվածություն է զգացել: