Սխալ հասցեատիրոջն ուղղված հարցեր

30/04/2009

Երեկ Ազգային ժողովի եւ կառավարության հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Մինչեւ կոնկրետ հարցերին անցնելը Ր. Հովհաննիսյանը Տ. Սարգսյանին կոչ է արել մի կողմ թողնել «առանց նախապայմանների բառախաղը» եւ լինել թափանցիկ, ինչպես մեկ տարի առաջ խոստանում էր վարչապետի պաշտոնը ստանձնելիս: «Ժառանգության» ներկայացուցիչը նախ հարցրել է` արդյո՞ք Տիգրան Սարգսյանը կամ որեւէ այլ պաշտոնյա պատասխանելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, ով ցանկանում է, որպեսզի ՄԱԿ-ը Հայատանին ճանաչի որպես օկուպանտ: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրել է նաեւ, թե հայկական կողմից որեւէ մեկը հիշեցնելո՞ւ է արդյոք Թուրքիային` ով է օկուպացրել Հայաստանի պատմական տարածքները, Շահումյանը, Դաշտային Ղարաբաղը: Հաջորդ հարցը վերաբերել է ապրիլի 22-ին հայտարարված ճանապարհային քարտեզի դրույթներին: «Այբ` ոչ թե նախապայմաններ, այլ ինչ դրույթներ է պարունակում համապարփակ շրջանակը, որը համաձայնեցված է կողմերի միջեւ: Բեն` ինչ դրույթներ է պարունակում «ճանապարհային քարտեզն» այդ լույսի ներքո, եւ գիմ` երբ խոսվում է համաձայնեցված հիմքերի մասին, կոնկրետ ո՞ր դրույթներն են այնտեղ պարունակված, կոնկրետ, հստակ Ազգային ժողովի եւ հայ ժողովրդի առաջ, խնդրեմ»,- հարցրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի պատասխան՝ Տ.Սարգսյանն ասել է, թե քաջ գիտակցում է, որ հայ-թուրքական հարաբերությունը զգայուն թեմա է հայ ժողովրդի համար թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի տարածքից դուրս: «Եվ մենք մեր արտահայտություններում, մեր գնահատականներում պետք է լինենք շատ զգույշ եւ ճշգրիտ, նամանավանդ, երբ խոսքը գնում է դիվանագիտական հարաբերությունների հիմք դնելու մասին Թուրքիայի հետ: Եվ մենք շատ քաջ գիտակցում ենք, որ սա զգայուն թեմա է: Դրա համար փորձում ենք մեր հայտարարություններում լինել շատ ճշգրիտ»,- հայտարարել է Տ. Սարգսյանը` նշելով, թե հասկանում է, որ խոսքը ոչ թե հայ-թուրքական բանակցության կետերի մասին է, այլ՝ որ տարբեր են այդ հարաբերության մասին պատկերացումները: «Այսինքն՝ մենք շատ քաջ գիտակցում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն, որպեսզի մենք հաստատենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ եւ բացենք սահմանները: Մենք դա լավ գիտակցում ենք: Եվ այն, որ այս բանավեճը պետք է լինի, որ այդ քննարկումները պետք է լինեն, այդ քննարկումները լինելու են հրապարակային, ոչինչ չունենք թաքցնելու, եւ մեր ժողովուրդը, եւ դուք` ժողովրդի ներկայացուցիչներն այստեղ, հնարավորություն եք ունենալու տալ ձեր գնահատականները, նամանավանդ, որ փաստաթուղթն անխուսափելիորեն հայտնվելու է Ազգային ժողովում: Այդ տեսակետից ես ձեզ հավաստիացնում եմ, որ որեւիցե գաղտնի պայմանավորվածություն, գաղտնի սկզբունք, գաղտնի կետեր, որոնք մենք ձեզ չենք ներկայացնելու, չկա եւ չի լինելու այդպիսի բան: Որոշումները լինելու են ձեր որոշումները»,- ասել է Տ. Սարգսյանը` հատուկ ավելացնելով, թե եւս մի կարեւոր բան է ասելու: Իսկ այդ «կարեւոր ասելիքը» եղել է ընդամենը հետեւյալը. «Մեր պատկերացումներն են այդպիսին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող լինել եւ չպետք է լինի հակաթուրքական, այլ պետք է լինի պրոհայկական»: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ համաձայն չէ այդ բնութագրման հետ, եւ խոսքը հենց պրոհայկական քաղաքականության եւ այն վերջապես ներկայացնելու հրամայականի մասին է: Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ հարցրել է Տիգրան Սարգսյանին, թե արդյո՞ք հայ-թուրքական համաձայնության մեջ առկա է Կարսի պայմանագրի հաստատման եւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համաձայնություն: «Ներկա դրությամբ Հայաստանն ընդունե՞լ է արդյոք որեւէ մեկ դրույթ սահմանների հետ կապված, ճանաչման հետ կապված, որոնք Կարսի պայմանագրի կրկնությունն են կամ բովանդակության մասն են կազմել, եւ արդյոք կա՞ այդ պատմականությանը նվիրված հանձնաժողովի ընդունումը որպես դրույթ»,- հարցրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի պատասխան՝ Տ. Սարգսյանն ասել է, որ այդ մասին հանգամանալից եւ հստակ պատասխանել են հանրապետության նախագահն ու արտգործնախարարը: «Չեն եղել եւ չկան այդպիսի կետեր, քանի որ նշվում է, որ մենք գնում ենք հարաբերությունների ստեղծման առանց նախապայմանների: Իսկ ձեր կողմից բոլոր այդ նշված կետերը ենթադրում են, որ կա ինչ-որ նախնական պայմանավորվածություն եւ նախնական ինչ-որ պայման: Եվս մեկ անգամ Ձեզ հավաստիացնում եմ, որ որեւիցե նախապայման չկա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու եւ սահմաններ բացելու շուրջ: Չկան այդպիսի նախապայմաններ, որովհետեւ հայկական կողմը ի սկզբանե հստակ հայտարարել է, որ մեր քաղաքական դիրքորոշումը` 1990 թվականից սկսված, չի փոխվել, որովհետեւ մենք դեռեւս 1990 թվականին ենք հայտարարել, որ Հայաստանը կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների, եւ եւս մեկ անգամ Ձեզ հավաստիացնում եմ, որ այս սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Տիգրան Սարգսյանը: