Թուրքական կողմը հասել է իր ուզածին

30/04/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեքշաբթի օրվա վերջում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովների նախագահներին եւ խմբակցությունների ներկայացուցիչներին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում առկա իրավիճակն ու վերջին զարգացումները:

Քննարկվել է, մասնավորապես, ապրիլի 22-ի գիշերը հրապարակված Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որտեղ հիշատակում կա «ճանապարհային քարտեզ» կոչված փաստաթղթի մասին: Է.Նալբանդյանի եւ պատգամավորների հանդիպումը տեւել է ավելի քան երկու ժամ եւ ընթացել է փակ դռների հետեւում: Ավելին, Է.Նալբանդյանը համաձայնել է պատգամավորների հետ հանդիպել եւ «անկեղծ» զրուցել միայն այն պայմանով, եթե նրանք գաղտնի պահեն այդ քննարկման մանրամասները: Պատգամավորները խոստացել են, ու երեկ նրանք արտգործնախարարի հետ ունեցած զրույցի վերաբերյալ, բացի գնահատականներից, այլ մանրամասներ չէին բացահայտում: Եվ ահա այդ հանդիպումից հետո էլ հայ հանրությանը անհայտ է մնում, թե ՀՀ իշխանությունները կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկում Թուրքիայի ու հայ-թուրքական հարաբերություններով շահագրգիռ մյուս տերությունների ղեկավարության ու կառույցների հետ: Ու թեեւ ՀՀ արտգործնախարարը խոստացել է «անկեղծ» խոսել, սակայն բանակցությունների կոնկրետ մանրամասներ պատգամավորների համար չի գաղտնազերծել: Օրինակ, չի մանրամասնել, թե ի՞նչ կետեր կամ գործողություններ է իր մեջ պարունակում այդ «ճանապարհային քարտեզը»: Եվ որոշ պատգամավորների` հատկապես՝ «Ժառանգության» ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, չի բավարարել Է.Նալբանդյանի «անկեղծությունը»: Ավելին` իշխանությունների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող տարաձայնությունները շարունակում են մնալ թե՛ «Ժառանգություն», եւ թե՛ ՀՅԴ կուսակցություններում: Չբացահայտելով հանդիպման ու տարաձայնությունների մանրամասները, այս երկու կուսակցությունների ներկայացուցիչները շատ հպանցիկ ակնարկում են, թե իշխանությունների, տվյալ դեպքում՝ արտգործնախարարի հետ հատկապես որ հարցերում համաձայն չեն:

«Մեր եւ իշխանությունների գնահատականներն այս գործընթացի նկատմամբ շարունակում են մնալ տարբեր: Մենք չենք տեսնում գործընթացի այն վստահությունը, ինչ տեսնում են մեր իշխանությունները: Իշխանությունները թուրքական կողմի վարքագծին տալիս են այլ բացատրություններ, մենք` այլ բացատրություններ: Իշխանությունները թուրքական կողմի վարքագծի հիմքում տեսնում են այլ շարժառիթ, մենք` այլ: Իսկ դրանք շատ լուրջ ազդեցություն են թողնում հետագա պրոցեսի վրա»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ թեկուզ այս տիպի քննարկումներն ավելի օգտակար են, քան լրատվամիջոցներում հնչող փոխադարձ մեղադրանքները: «Ժառանգության» ներկայացուցիչը նաեւ ճիշտ է համարում նման քննարկումների կազմակերպումը հասարակության տարբեր խավերի հետ` հասկանալու համար, թե նրանք ինչպես են վերաբերվում այս գործընթացին: «Որովհետեւ ընդամենը մեկ պատուհանից բավարար չէ հասկանալ ժամանակակից Թուրքիան, Ադրբեջանը եւ դրանց մտադրությունները: Հետեւաբար՝ սխալվելու հավանականությունը շատ մեծ է»,- համոզված է պատգամավորը:

Է.Նալբանդյանի բացատրությունները չեն բավարարել նաեւ երեք օր առաջ իրեն ընդդիմություն հռչակած ՀՅԴ-ին: Այդ խմբակցության ներկայացուցիչները շեշտում են, թե հանդիպումից հետո համոզվել են, որ իրենց գնահատականները ճիշտ են, եւ Դաշնակցության ընդդիմադիր լինելն այս պահին Հայաստանի համար հասունացած անհրաժեշտություն է: Դաշնակցությանը շատ ավելի բարկացրել է եռակողմ հայտարարությունը, որ հրապարակվել էր ապրիլի 23-ին: Ու թեեւ բանակցությունների բովանդակության մեջ

ՀՅԴ-ն դեռ հակահայկական տրամադրություններ չի տեսնում, այնուամենայնիվ, ունի տարբեր մոտեցումներ:

«Մարտավարական, սկզբունքային խնդիրները տարբեր են, եւ վտանգները, որ տեսնում ենք, մեր համար շատ ավելի զգալի են: Բացատրություններից հասկացա, որ խոսք պետք է գնա ոչ այնքան «ճանապարհային քարտեզի» մասին, որքան մտադրությունների հուշագրի մասին: Բայց մեզ համար հիմնական խնդիրն այն էր, թե հայտարարություն անելու համար ինչո՞ւ ընտրվեց այդ օրը, ինչո՞ւ դա կատարվեց այն համատեքստում, որ մեզ համար անբարենպաստ հայտարարություններ էին հնչում թուրքական կողմից: Եվ ընդհանրապես անհրաժե՞շտ էր այդ հայտարարությունը, թե՞ ոչ»,- ասում է Ա.Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական «Սաբահ» թերթում տեղեկատվություն հրապարակվեց, թե «ճանապարհային քարտեզը» բաղկացած է 5 կետերից` Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչումը, սահմանի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ «ճանապարհային քարտեզի» վավերացումը Թուրքիայի խորհրդարանում: Ս.Սաֆարյանը բովանդակային նմանություն է նկատել թուրքական թերթի այս տեղեկատվության եւ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ)` 2 շաբաթ առաջ տարածած հայտարարության մեջ: «Դրանք նույն ճգնաժամային խմբի առաջարկների խմբագրված տարատեսակն էին: Այն, որ «Սաբահի» եւ ՄՃԽ-ի կետերի բովանդակությունը նույնական են, միանշանակ է: Այն, որ ՄՃԽ-ն ոչ թե սեփական առաջարկներն է անում, այլ պարզապես հասարակություններին է հրամցնում այն, ինչ կա բանակցությունների սեղանին, դա ես գիտեմ եւ չեմ պատրաստվում իմ կարծիքը փոխել: Ես կարծում եմ, որ «Սաբահ» թերթում տպագրվածը բավականին մոտ է ճշմարտությանը: Ես դա ասում եմ՝ ունենալով տեղեկատվություն շատ այլ աղբյուրներից»,- ասում է պատգամավորը:

Մեր երկու զրուցակիցներն էլ կարծում են, որ հայ-թուրքական բանակցությունների ու հարաբերությունների հաստատման գործընթացում ծանրության ուժն առայժմ Թուրքիայի կողմն է: «Իմ խորին համոզմամբ՝ այդ հայտարարությունն ավելի շատ կարող է ծառայեցվել Թուրքիայի, եւ ոչ մեր շահերին»,- ասում է Ա.Ռուստամյանը: «Թուրքական կողմը հասել է նրան, ինչ ուզում էր` չեզոքացրել էր հայկական հարցի սպառնալիքը ԱՄՆ քաղաքականության մեջ: Սեպտեմբերյան 2:0 ֆուտբոլային պարտությանը հաջորդեց 3:0 դիվանագիտական պարտություն Հայաստանի համար: Մենք ուզում ենք, որ իշխանությունները հասկանան ստեղծված պահի կարեւորությունը, իրենց պատասխանատվությունը եւ պարտավորությունը սեփական հասարակությանը իրազեկելու այդ գործընթացների մասին եւ ոչ թե հատկապես լավատեսական հայտարարություն անեն»,- ավելացնում է Ս.Սաֆարյանը: