Եթե արտասահմանյան կինոստուդիաներից մեկը որոշի սարսափ ֆիլմ նկարահանել,
ապա նողկալի տեսարաններ նկարահանելու համար կարելի է հրավիրել Արաբկիր
համայնքում գտնվող Կոմիտաս 19/ 8 հասցեում գտնվող բնակելի շենք: Շենքի
աղբատար խողովակներն արդեն խցանվել են, քանի որ աղբահանություն
ընդհանրապես չի կատարվում: Բարձրահարկ շենքի բնակիչները երեկ բողոքի ակցիա
էին կազմակերպել, որպեսզի հայտարարեն իրենց համայնքում տիրող անմխիթար
վիճակի մասին: Հետաքրքիր է, որ բնակիչներն արդեն պահանջելու փոխարեն
խնդրում ու աղաչում են, որ համայնքի աղբահանությունը կարգավորեն:
Բնակիչներն ինձ ուղեկցեցին շենքի նկուղ, որպեսզի ցույց տան, թե ինչ
անմարդկային պայմաններում են ապրում: Տեսարանը սարսափելի էր.
սանիտարահիգիենիկ այդ պայմանները կարող են իսկապես վատ հետեւանքներ
ունենալ: Նկուղում աղբի քանակությունից դռներն անգամ չեն բացվում եւ
քայլելիս ոտքի տակ վխտում են մեծ չափի առնետներ, իսկ աղբի հոտից
ընդհանրապես հնարավոր չէ այդ շենքի կողքով անցնել: Բնակիչներն ասում են,
որ արդեն վախենում են երեխաներին բակ թողնել, որովհետեւ խոլերան այլեւս
անխուսափելի է: Բնակիչները բազմիցս զանգահարել են թաղապետարան, բայց
արժանացել են կտրուկ մերժման, թե՝ «Ոչինչ էլ չենք անելու»: «Ե՛վ զանգում
ենք, եւ՛ կռվում ենք, եւ՛ խնդրում ենք, էլ չգիտենք, թե ինչ լեզվով
հասկացնենք, որ մենք հայտնվել ենք վտանգավոր իրավիճակում: Թաղապետարանից
ասում են՝ ուզում եք՝ բողոքեք, ուզում եք՝ նկարահանեք, ինչ ուզում եք՝
արեք, մեզ չեք վախեցնի»: 70-ն անց Սեդա Հովսեփյանը խնդրելով ասում է՝
«Օգնե՛ք մեզ, խնդրում եմ, թոռնիկներս բղավելով երեկ տուն մտան, երեխաները
լեղապատառ էին եղել, մուտքով բարձրանալիս առնետները ոտքի տակ վազվզել են,
ախր ո՞նց կլինի, երեխաներ են, վախից սթրես են ապրում: Զանգում-ասում ենք՝
գոնե մկան դեղ ցանեք, վախենում ենք խոլերայից, բայց դա էլ չեն անում:
Փողերը մեզնից թաղապետարանի ղեկավարությունը վերցնում է ու շենքի
պատշգամբները փակելով իրենց համար խանութներ են կառուցում, դա դեռ բավական
չէ՝ աղբով էլ խեղդում են»: Շենքի բնակիչները պնդում են, որ իրենք
պարտաճանաչ վճարում են աղբի համար ամսական 100 դրամը, եւ
համայնատիրությունը պարտավոր է 3 օրը մեկ անգամ աղբահանություն
կազմակերպել, բայց արդեն 4 ամիս է, աղբը կուտակվել է, հետեւաբար այդ
գումարները նպատակին չեն ծառայում, շորթվում են: Համայնատիրության
նախագահ-կառավարիչ Վլադիմիր Ղազարյանը երկար ժամանակ բնակիչներին համոզում
էր, որ վաղն իսկույնեւեթ աղբահանություն կկատարվի: Վ. Ղազարյանը մեր
հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ 4 ամիս աղբահանություն չի կատարվել,
պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, թե 4 ամիս աղբ չի հանվել: Աղբանոցի
տարողությունն այդքան մեծ չէ, որ 4 ամսվա աղբ կուտակվեր: Եթե ասեն, որ մի
մարդն օրական ուտում է 120 կգ հաց, կհավատայի՞ք: Ենթադրենք՝ օրական մեկ
մարդուց գոյանում է 1 կգ աղբ, դե եկեք հիմա գումարենք, թե քանի մարդ կա
շենքում ու բազմապատկենք, տեսնենք, թե ինչքան տարողությամբ աղբ ինչքան
ժամանակում կտեղավորվի այստեղ: Դե՛, թերացել են, ի՞նչ ասեմ, բայց վաղվանից
կգան, օրինավոր կերպով 3 օրը մեկ անգամ կտանեն»: Բնակիչները չհավատալով Վ.
Ղազարյանի մխիթարանքներին՝ պնդում էին, որ մինչեւ խոլերայի դեպք չլինի,
աղբը չեն տեղաշարժի: Մինչդեռ, նշենք, որ Արաբկիր համայնքում
աղբահանությունը կարծես թե համարվում է ավելորդ գործողություն, քանի որ
համայնքի գրեթե բոլոր փողոցներում աղբի նույն պատկերներն են: Օրեր առաջ
Բաղրամյան փողոցում, նախագահական նստավայրից քիչ Հ. Քոչար փողոցի
աղբարկղերի աղբը հասնում էր վերեւ փողոցի մինչեւ մեջտեղ: