Մերօրյա «քեոփսները»
Գլոբալ տնտեսական ճգնաժամը մարդկանց ստիպում է ավելի շատ մտածել եւ եկամուտներ ստանալու նորանոր եղանակներ գտնել։ Շատերը դա անում են օրինականության սահմաններում, սակայն քիչ չեն նաեւ այնպիսիք, ովքեր միջոցների մեջ խտրականություն չեն դնում՝ մանավանդ, երբ խոսքը վերաբերում է «օդից փող աշխատելուն»։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) Կալիֆոռնիայում ձերբակալել է Private Equity Management Group-ի ղեկավար Դեննի Փենգին (Danny Pang)։ Նշենք, որ PEMG-ն խոշոր ներդրումային հիմնադրամ է՝ 4 միլիարդ դոլար կապիտալով։ 42-ամյա Փենգն առայժմ մեղադրվում է այն բանի համար, որ փորձել է ընկերության հաշվից հանել 360 հազար դոլար։ Եվ որպեսզի գործարքը ոչ ոքի ուշադրությունը չգրավի, Փենգը գումարը բաժանել է փոքր տրանսակցիաների (յուրաքանչյուրը 10000 դոլարից ոչ ավելի), որից հետո ինքն ու իր օգնականները կանխիկացրել են այդ գումարը՝ 38 չեկերի միջոցով։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Ամենայն հավանականությամբ, շուտով գործարարին մեղադրանք կառաջադրվի, այսպես կոչված, Պոնցիի սխեման օգտագործելու համար։ Ավելի պարզ ասած, Փենգը փորձել է ֆինանսական բուրգ կառուցել։ Այժմ նրա ընկերությանը պատկանող բոլոր հաշիվները սառեցված են։
Փենգի դիմակը պատռեց «The Wall Street Journal»-ը՝ ապրիլի 15-ի հրապարակման մեջ ջրի երես հանելով գործարարի կարիերայի մի շարք հետաքրքիր մանրամասներ։ Հրապարակման հեղինակը պնդել էր, որ ֆինանսիստի բիզնես կրթության (MBA) դիպլոմը կեղծ է, քանի որ այդ դիպլոմը տված բուհի արխիվներում Փենգի մասին ոչ մի նշում չկա։ Իսկ Morgan Stanley ընկերությունը, որի փոխնախագահն է իբր ինքը եղել, հայտարարել է, որ Փենգն իրենց մոտ ընդհանրապես չի աշխատել։ Միակ ճիշտ տվյալն այն է, որ նա 3 տարի աշխատել է մի վենչուրային ընկերությունում։ Սակայն ոչ ոք չի իմացել, որ ընկերությունը նրան ազատել է՝ կասկածելով 3 միլիոն դոլար յուրացնելու մեջ։ Ինքը՝ բիզնեսմենը, հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ ինքնակամ վերադարձել է Թայվանից, որպեսզի գործի նախաքննության ընթացքում համագործակցի իշխանությունների հետ։
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս սա արդեն երրորդ նման աղմկահարույց դեպքն է։ 2008թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում ձերբակալվեց ֆինանսիստ Բեռնարդ Մեյդոֆը, որի կառուցած ֆինանսական բուրգի պատճառած վնասը գնահատվել է 50 միլիարդ դոլար։ Իսկ այս տարվա փետրվարին նույնատիպ մեղադրանք է առաջադրվել միլիարդատեր Ռոբերտ Սթենֆորդին։
1 միլիարդ ֆունտ՝ հարկերը հավաքելու համար
Հարկահավաքության խնդիրը, ինչպես պարզվում է, սրվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամենազարգացած երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում։ Բրիտանիայի Արքայական հարկային-մաքսային ծառայությունը հայտարարել է, որ 2009 թվականի ընթացքում կծախսի մոտ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ քաղաքացիների եւ ընկերությունների կողմից հարկերի խուսափումը կանխելու նպատակով։ Հարկերի ծավալը, որը անգլիացիները հրաժարվում են վճարել պետբյուջե, հաշվարկների համաձայն, կազմում է 2.4 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Այս հայտարարությունից մոտ մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ալիստեր Դառլինգը խոստացել էր բարձրացնել ամենահարուստ բրիտանացիների կողմից վճարվող հարկերը՝ հասցնելով 50%-ի։ Միջոցները հիմնականում կծախսվեն հարկատուների դեմ դատական հայցեր հարուցելու վրա։ Եթե Հարկային ծառայությունը նախկինում գերադասում էր հարկատուների հետ ունեցած վեճերը լուծել առանց դատարանի օգնության, ապա անցյալ տարվանից որոշում է ընդունվել համառ հարկատուների հետ հարաբերությունները պարզել դատարանի դահլիճում։ Հարկահավաքները համոզված են, որ այդ եղանակով իրենք կկարողանան ավելի շատ միջոցներ մուտքագրել պետական բյուջե։
Նշենք, որ այս 1 միլիարդ ֆունտը կազմում է հարկային մարմնի ընդհանուր բյուջեի մեկ քառորդը։ Հետաքրքիր է նաեւ, որ բրիտանացի հարկահավաքները նախընտրում են ավելի շատ գումարներ ծախսել համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա, քան հարկերի հավաքման։
Իրավիճակը Մեծ Բրիտանիայում իսկապես շատ խառն է։ Մի կողմից, պետությունը պետք է մեծացնի ծախսումները՝ տնտեսությունը աշխուժացնելու համար։ Մյուս կողմից, բյուջեի մուտքերը կտրուկ նվազել են՝ քաղաքացիների եկամուտների եւ ընկերությունների շահույթների նվազման պատճառով։ Եվ կառավարությունը ճգնաժամային պայմաններում միջոցներ է փնտրում՝ բյուջեն լցնելու համար։ 2008 թվականին Մեծ Բրիտանիայի բյուջեի դեֆիցիտը կազմել է 90 միլիարդ ֆունտ՝ 3 անգամ ավելի, քան 2007-ին։ Իսկ այս տարի այն է՛լ ավելի կմեծանա՝ հասնելով 175 միլիարդի։
British Petrolium-ը կորցնում է
Բրիտանական նավթային հսկա British Petrolium-ի (BP) շահույթը այս տարվա առաջին եռամսյակում 62%-ով նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա առաջին 3 ամիսներին ընկերության շահույթը կազմել է 2.4 միլիարդ դոլար։ Մինչդեռ անցյալ տարի այդ թիվը հասնում էր 6.2 միլիարդի։ Ընկերության ղեկավարները շահույթի անկումը բացատրել են մի շարք գործոններով, այդ թվում՝ ռուսական համատեղ ընկերության՝ THK-BP-ի եկամուտների նվազմամբ։ Նշենք, որ THK-ի շահույթն այս տարվա առաջին եռամսյակում ռեկորդային անկում է ապրել՝ նախորդ տարվա 744 միլիոնից իջնելով 134 միլիոն դոլարի։ Սա՝ այն դեպքում, երբ նավթի արդյունահանման ծավալները գրեթե չեն փոխվել։ Փաստորեն, հիմնական «մեղավորը» նավթի համաշխարհային գներն են։ Այսօր մեկ բարելի գինը տատանվում է 50 դոլարի սահմաններում, մինչդեռ 2008-ի հուլիսին նավթի գինը հասավ աննախադեպ՝ 147 դոլարի (մեկ բարելի դիմաց)։ BP-ի տնօրեն Թոնի Հեյուորդը իր աշխատակիցներին գրավոր տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են մոտ ապագայում կրճատելով աշխատավարձերը՝ նավթի 50 դոլար գնի ստեղծած իրավիճակին համապատասխան։ Այդուհանդերձ, ընկերությունը հավաստիացնում է, որ նավթարդյունահանման գործարաններն այս տարի ավելի ակտիվ կաշխատեն, քան անցյալ տարի։ Ի դեպ, եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո BP-ի բաժնետոմսերի գինը 1.4%-ով թանկացել է՝ քանի որ շահույթի նվազումն ավելի ցածր էր, քան կանխատեսվում էր։
1 միլիարդ դոլարի վնաս
Եթե BP-ն կարող է մխիթարվել, որ ճգնաժամի պայմաններում, թեկուզ քիչ, բայց շահույթ է ունեցել, աշխարհի խոշորագույն պղնձարդյունաբերող ընկերությունը՝ ArcelorMittal-ը ուրախանալու ոչ առիթ չունի։ Ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակը փակել է 1 միլիարդ դոլար մաքուր վնասով։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա առաջին 3 ամիսներին ArcelorMittal-ի մաքուր շահույթը կազմել էր 2.372 միլիարդ դոլար։ Ֆինանսական կորուստների պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է, որը հանգեցրել է ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկման։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերության արտադրանքի վաճառքի ծավալները նվազել են 50.7%-ով՝ կազմելով 12.122 միլիարդ դոլար (նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմում էր 29.8 միլիարդ դոլար)։ Սակայն մխիթարվելու մի փոքրիկ առիթ ArcelorMittal-ն, այնուամենայնիվ, ունի։ Այս տարվա առաջին եռամսյակի վնասն ավելի քիչ է, քան նախորդ տարվա վերջին եռամսյակինը, որը կազմում էր 2.6 միլիարդ դոլար։ Բայց չնայած վերջին եռամսյակի տխուր ցուցանիշներին, ընկերությունը նախորդ տարին փակել է 3.6 միլիարդ դոլար շահույթով։ Նշենք, որ ArcelorMittal-ը կազմավորվել է 2006թ.՝ եվրոպական Arcelor եւ հնդկական Mittal ընկերությունների միաձուլման արդյունքում։ Ընկերության գլխավոր բաժնետերը հնդիկ միլիարդատեր Լակշմի Միթթալն է։ Ընդհանրապես, մետալուրգիան ճգնաժամից ամենից շատ տուժած ոլորտներից մեկն է։ Դա պայմանավորված է մետաղների գների կտրուկ անկմամբ եւ պահանջարկի նվազմամբ։
GM-ը հրաժարվում է Pontiac-ից
Ամերիկյան General Motors (GM) ավտոմոբիլային ընկերությունը, որի գլխին կախված է սնանկացման վտանգը, հայտարարել է, որ այս տարի աշխատանքից կազատի եւս 21 հազար հոգու։ Աշխատակիցների կրճատման քայլն ընկերության վերակազմավորման ծրագրի մի մասն է կազմում։ Ծրագիրը, որը պետք է ավարտվի մինչեւ հունիսի 1-ը, անհրաժեշտ է՝ պետական վարկային միջոցներ ստանալու համար։ GM-ն այս տարի աշխատանքից ազատել է արդեն 10 հազար հոգու։ Բացի այդ, ընկերության ղեկավարները հաստատել են, որ 2010թ. վերջից կդադարեցնեն Pontiac մակնիշի մեքենաների թողարկումը։ Ընկերության գործադիր տնօրեն Ֆրից Հենդերսոնը նշել է, որ իրենք դժվարությամբ են կայացրել Pontiac-ից հրաժարվելու որոշումը։ Լեգենդար մակնիշը 83 տարվա պատմություն ունի եւ հայտնի է հատկապես Firebird եւ Trans Arm մոդելներով։ Հենդերսոնի խոսքերով, GM-ը պարզապես ռեսուրսներ չունի՝ Pontiac մակնիշը հեռանկարային դարձնելու համար։ Pontiac-ից բաժանվելուց հետո ընկերությունն ուշադրությունը կկենտրոնացնի իր մյուս մակնիշների վրա՝ Chevrolet, Cadillac, Buick եւ GMC։ GM-ի ղեկավարները նաեւ այլ քայլեր են ձեռնարկում՝ դժվարին իրավիճակից դուրս գալու համար։ Մասնավորապես, պարտքերի բեռը թեթեւացնելու համար ընկերությունը պարտատերերին առաջարկել է իրենց ձեռքի տակ եղած պարտատոմսերը փոխարինել ընկերության բաժնետոմսերով, այսինքն՝ հրաժարվել պարտքից եւ դառնալ փայատեր։ Առաջարկվող արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմում է 27 միլիարդ դոլար։ Ընկերությունը պատրաստ է նաեւ իր բաժնետոմսերի 50%-ը զիջել պետությանը՝ ֆինանսական օգնության դիմաց։ Նշենք, որ ամերիկյան կառավարությունը GM-ին արդեն իսկ 15.4 միլիարդ դոլարի վարկային միջոցներ է տրամադրել։
Մնացին առանց մետրոյի
Մոսկովյան մետրոպոլիտենի «Մարյինա ռոսչա» եւ «Դոստոեւսկայա» կայարանները ուղեւորների առջեւ պետք է այս տարի բացեին իրենց դռները։ Սակայն համաշխարհային ճգնաժամի պատճառով բացումը հետաձգվել է եւ տեղի կունենա հաջորդ տարի։ Ճգնաժամի պատճառով Ռուսաստանի իշխանություններն իրականացրին ծախսերի օպտիմալացում, որը չշրջանցեց նաեւ մետրոպոլիտենը։ «Այդ պատճառով էլ ոչ «Մարյինա ռոսչա», ոչ էլ ««Դոստոեւսկայա» կայարաններն այս տարի չեն բացվի»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է Մոսկվայի Հյուսիս-արեւելյան վարչական շրջանի պրեֆեկտ Իրինա Ռաբերը։
Ճգնաժամն ու մենք
ՀՀ կառավարությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար վարում է զգուշավոր քաղաքականություն եւ շարունակում տարբեր աջակցության ծրագրեր իրականացնել: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նրա` Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ ճգնաժամի պայմաններում տնտեսական անկումն ուղեկցվում է գնանկմամբ: «Կառավարությունը հաստատակամ է. ապագայի միտումը եւ ճգնաժամից օգտվելու հարցը մեզ համար արդիական է»,- ասել է նա` հավելելով, թե կառավարությունը նախորդ տարեվերջից աջակցում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, իսկ բոլորովին վերջերս էլ շինարարության ոլորտին 20 մլրդ դրամ հատկացնելու որոշում ընդունվեց: Ն.Երիցյանն անդրադարձել է նաեւ գործազրկության ցուցանիշներին` նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակում ավելի դրական միտում է նկատվում, քան 2007-ին: Եթե կառավարության աջակցությունը բիզնեսին շարունակական լինի, մի քանի հազար նոր աշխատատեղեր կստեղծվեն երկրում: Սակայն, ըստ նրա, միայն գումարի հատկացումով չպետք է սահմանափակվել, քանի որ` «անհրաժեշտ է ինստիտուցիոնալ կարողություններ ունենալ` այդ հատկացումները տեղ հասցնելու, քանի որ սխալ ծախսերի համար պատասխան են տալու սերունդները»: Ըստ նրա` ՀՀ կառավարությունը որդեգրել է զգուշավոր քաղաքականություն: «Մենք հետաձգել ենք այն ծախսերը, որոնք հրատապ չեն, սոցիալական ուղղվածություն եւ բնակչության կենսամակարդակի վրա անմիջական ազդեցություն չունեն»,- հայտարարել է Երիցյանը: Անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ցուցանիշի 6.1 տոկոսով նվազման հարցին` Ն.Երիցյանը նշել է, թե արձանագրված բացասական ցուցանիշն իրականում դժվար է փոխարինել դրականով: Սակայն, ըստ նրա` կան լավատեսական գնահատականներ, քանի որ «հուլիսից ֆինանսավորման նոր ալիք է սպասվում», այդ թվում` բյուջետային: «Տնտեսական աճի անկումը կանխելն այս տարի ոչ մի երկրի չի հաջողվել` չնայած այդ ուղղությամբ նախկինում հնչեցված բազմաթիվ հայտարարություններին: Այս պահին 4-5 տոկոս բացասական ցուցանիշ է արձանագրվել զարգացած երկրներում»,- ասել է Ն.Երիցյանը` վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծությունները: