Թերակատարվող բյուջեի հարկային մուտքերը

30/04/2009

Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության ամփոփագրի` 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 84.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 98.9 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 45.6 եւ 50.3 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 9.5%-ով, ծախսերի գծով` 11.1%-ով: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետբյուջեի եկամուտները նվազել են 14.6%-ով կամ 14.4 մլրդ դրամով: 2009թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը կազմել են շուրջ 67.6 մլրդ դրամ եւ 45.1%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: Հարկերի ու տուրքերի 48.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 32.9 մլրդ դրամ եւ 21.7%-ով կամ 9.1 մլրդ դրամով զիջել 2008թ. նույն ցուցանիշը: Պետբյուջեի հարկերի ու տուրքերի 9.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով շուրջ 6.2 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 13.2%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով շուրջ 8.9 մլրդ դրամ: 2008թ. համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 20.9%-ով կամ 2.4 մլրդ դրամով: 2009թ. հունվար-փետրվար ամիսներին պետբյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է շուրջ 7.6 մլրդ դրամ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.2%-ը: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 15.8%-ով կամ 1մլրդ դրամով: Նկատենք, որ եկամտահարկի աճը ցույց է տալիս, որ մյուս հարկատեսակների գծով չկարողանալով կատարել բյուջեն, ՀՀ կառավարությունը կարողանում է գործատուներին ստիպել գրանցել նախկինում ստվերում գործող աշխատուժը: Իսկ խոշոր հարկատուները հանգստանում են` ավելի ու ավելի պակաս հարկ մուծելով: