Մեկուկես տարեկան Արամայիսը սովամահ է լինում

30/04/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դռան արանքից ներս ճողոպրած արեւը տեսնելով խավարի մեջ ծվարած մեկ ու կես տարեկան Արամայիսի կիսաստվերը` սեւազգեստ է դառնում ու հեռանում է: Արեւը բարկանալով մթագնում է…

Քաղաքային զուգարան հիշեցնող նրանց անդուր խրճիթի մթությունն ավելի է ընդգծում այս ընտանիքի անդամների ջղաձգված, հոգնած ու նյարդային դիմագծերը: Արդեն մեկ շաբաթ անլույս են ապրում, դրա համար էլ խրճիթի «մարդաչափ» առնետներն իրենց լրիվ տանտեր են զգում: Խավարի մեջ Արամայիսի հարազատները նմանվում են ուրվականների ու խառնվելով առնետների ստվերներին` տեսարանին անդրշիրիմյան սարսափ են պատկերում: Վախից տարակուսած խնդրում եմ, որ բոլորը «տանից» դուրս գան, որովհետեւ այս տան առնետները դառնում են միջատներ ու մարմնիս վրայով խլրտալով ինձ տանջում են:

Արամայիսն անսպասելի իրեն պատռելով ինքնամոռաց լաց է լինում, ճչում է: Գրկում է մայրը` 26-ամյա Աննան, բայց չի հանգստանում, լացից հեծկլտում է: Գրկում է պապը` Արամայիսը, կրկին չի հանգստանում, հետո գրկում է տատը` Գյոզալը, հետո` մորաքույրը` Աստղիկը… 1,5-ամյա փոքրիկ Արամայիսը սովին չի դիմանում… Անծանոթ, բայց իրենց ծանոթ մի կին գրպանից հանում է մետաղադրամն ու տալիս է Աննային. «Գնա հաց առ` թող ուտի, երեխեն սովամահ ա լինում»: Փոքրիկի ճիչը կամաց-կամաց հեռանում ու քիչ անց ընդհանրապես ընդհատվում է: Դիմացի փողոցից Աննան հաց է գնում ու վերադառնում է մի կտոր հացը ձեռքին, հանգստացած երեխան գրկին: Ասում է` «5000 դրամ լույսի պարտք ունենք, չենք կարում ճարենք տանք, արդեն մի շաբաթ անլույս ենք: Մենք հեչ, սովոր ենք, բայց երեխեն չի դիմանում: Երեկ մի մարդ մեզ տեսավ` խղճաց, գնաց երեք հատ մոմ առավ, բերեց-տվեց: Մթի մեջ կռիսները բարձրանում են մեր վրա: Սրանք սովորական կռիսներ չեն, է, կատվի նման գալիս, կպնում, քսմսվում են ոտքներիս, անվախ են»: Ծնված օրից առնետների միջավայրում ապրող փոքրիկ Արամայիսը չի էլ գիտակցում, որ սովորաբար մարդիկ եւ առնետները միեւնույն միջավայրում չեն ապրում: Արամայիսի ծնողների հույսը մաշվել, բզկտվել է, ու դարձել են անհույս, անապագա, առանց վաղվա օրվա սպասելիքի: Մայրը` Աննան, ժամանակ առ ժամանակ տեսողությունը կորցնում է: Ասում է` «Կուրանում եմ… պատահում ա, որ ընդհանրապես չեմ տեսնում, բայց հետո մշուշոտ աչքերիս առաջ լուսավորվում ա: Իմ մոտ արյան ռակ են հայտնաբերել: Անընդհատ բերանիցս արյուն ա դուրս գալիս: Մեկ-մեկ վատանում եմ, բայց դե… Մի քանի օր առաջ շտապօգնություն կանչեց մաման, բժիշկները դռնից ներս չարեցին, զզվանքով հետ դարձան, կարծես աղքատ մարդուն բուժօգնություն ցուցաբերել չի կարելի»: Կուրությունից խուսափելու համար Աննային աչքերի վիրահատություն է անհրաժեշտ, որը կատարելու համար նրանից 300 դոլար են պահանջել: Արյան քաղցկեղով հիվանդ Աննային մարդկության ցուցաբերած օգնությունը միայն այն է, որ առաջարկում են երեխային մանկատուն հանձնել, ու Աննային այդ «օգնությունը» ցավեցնում, դառնացնում է: Ասում է` «Ճիշտ ա, շատ վատ ա մեր վիճակը, անհույս ենք, բայց ես լավ մայր եմ, ես առանց երեխայիս կյանք չունեմ: Ամեն ինչ անում եմ, որ մի կտոր հաց ճարեմ, բայց…»: Բայց Աննային աշխատանք չեն տալիս միայն այն պատճառով, որ վերջինս արյուն է փսխում: Պատմում է` «Ընդունվել էի հացի փուռ, գիշեր-ցերեկ աշխատում էի: Աշխատանքի ժամին պատահական վատացա, սկսեցի աննորմալ հազալ, ու բերանիցս արյուն էր հոսում: Մարդիկ վախեցան, հուշտ եղան ու հանեցին գործից: Հիմա ուր դիմում եմ` չեն ընդունում, բայց ես շատ աշխատող եմ»: Աննան երկու քույրերի, որդու եւ ծնողների հետ ապրում է Էրեբունի համայնքում գտնվող նախկին դիահերձարանի եւ «ՏԷՑ-ի կռուգ» կոչվող փողոցների հատման մասում, Սովետի թվից մնացած, քարուքանդ եղած նախկին «վետերոկի» տարածքում: Հասցեն` Այվազովսկի 1: «Վետերոկի» պատերն աստիճանաբար փուլ են եկել, դարձել է ավերակ, իսկ Աննայենք հանգրվանել են, հավանաբար, «վետերոկի» զուգարանում: Այդտեղ ապրում, գիշերում, սնվում են, իսկ զուգարան գնում են հարեւան տարածքներում, ուր պատահի: Հարցնում եմ` «Բայց ի՞նչ է, երբեք տուն չե՞ք ունեցել»: Մայրը` Գյոզալը, պատասխանում է` «Տո ո՞նց չենք ունեցել: Մասիվում տուն ունեինք, ծախեցինք ու ընկանք փողոցները: 10 տարի առաջ ամուսնուս մոտ խոց հայտնաբերեցին, հետո խոցը պայթեց, ահավոր արյունահոսություն սկսվեց: Ո՞վ էդքան սովի, մթի մեջ ապրեր՝ հիվանդություն չստանար: Հետո էլ աղջկաս մոտ հիվանդություն առաջացավ: Սկսեց ամեն ինչից վախենալ, ձայներ լսել: Ո՞վ էդքան մթի, ցրտի մեջ ապրեր ու չգժվեր: Եթե հիշում ես՝ էն տարիներին անփող չէիր կարա հիվանդանոց ոտք դնել: Տունը ծախեցինք, որ հիվանդներին բուժենք, ու…»: Ու հիվանդներին բուժելուց հետո ընտանիքով հայտնվեցին փողոցներում: Վարձակալած բնակարանից դուրս եկան, որովհետեւ չկարողացան վարձը մուծել: Տիկին Գյոզալն ամուսնու ու երեք աղջիկների հետ սկսեց փողոցներում քնել ու առաջին, սոսկալի գիշերը հաղթահարելուց հետո, փողոցներում քնելը դարձավ կենսակերպ: Ընտանիքը ոտքի կանգնելու փոխարեն՝ այնքան ընկավ, որ այլեւս ի զորու չեղավ անդունդից դուրս գալ: Տիկին Գյոզալը պատմում է` «Տեսանք ճար չկա, ձմեռ, սառնամանիք, փետանում էինք: Մի օր էլ գնացինք Երեւանյան լճի տարածք ու էնտեղ ադյալներով պալատկա սարքեցինք, սկսեցինք ապրել: Մի 4-5 տարի դրսում, լճի ափին ենք ապրել, շատ խաղաղ էինք, համակերպվել էինք մեր ապրելակերպին: Գիտե՞ս՝ սկզբում ինչի չէի ուզում, որ մեզ նկարես, որովհետեւ մի օր եկան, հեռուստատեսության աշխատողները մեզ նկարեցին ու ծաղրանքով ասեցին` քարանձավի բնակիչները: Մարդիկ սկսեցին մեզ ճանաչել ու ծաղրել: Ճնշում, շշեր էին գցում մեր վրա: Մեր դարդը սրտներիս՝ մի հատ էլ ծաղրանքին էինք դիմանում: Գալիս թամաշա էին անում, խնդում էին մեր վրա: Հետո ստիպված էդ տեղից դուրս եկանք ու գնացինք Նաբերեժնի: Էլի պալատկա սարքեցինք ու ահագին էլ ընդեղ ապրեցինք: Օբյեկտների տերերն ընդեղից էլ քշեցին: Եկանք Կոմայգի, տեսանք՝ էլի անտուն, աղքատներ կան, որոնց դուք բոմժ եք ասում: Անտուններով հավաքվեցինք, իրար խաբար արեցինք, ու պարզվեց, որ 75 մեր նման մարդ հավաքվել ա: Որոշեցինք գնալ Քոչարյանի դուռը: Իմացան ու մեզ էնտեղից էլ քշեցին»: Մի խոսքով` տիկին Գյոզալենց էնքան քշեցին էստեղից էնտեղ, մինչեւ եկան-գտան «վետերոկի» այս փլատակները, որտեղից նույնպես շուտով կվռնդեն, որովհետեւ Ռուսաստանում ապրող տարածքի սեփականատերը վերադարձել է: Տիկին Գյոզալենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ոչ գրանցում ունեն, ոչ էլ` սեփականության իրավունք: Նրանց գոյության փաստի մասին սոցիալական ծառայությունները տեղյակ չեն, հետեւաբար՝ աղքատության ցուցանիշի մեջ այս ընտանիքը գոյություն չունի: Աննան ծննդաբերելուց հետո փաստաթղթերի բացակայության պատճառով անգամ չի կարողացել ստանալ նորածնի համար տրվող պետական գումարը: Պոլիկլինիկայում բժիշկները նույնպես տեղեկանք են պահանջում երեխայի առողջական վիճակը ստուգելու համար, մինչդեռ Աննան մշտական բնակության վայր չունի, հետեւաբար փաստաթուղթ ձեռք բերել չի կարող: Ընտանիքի միակ թոշակառուն տիկին Գյոզալն է, որը գործարանային 2-րդ կարգի հաշմանդամության համար ստանում է 22.000 դրամ: «Էլեկտրալամպերի գործարանում» աշխատելու տարիներին է ձեռք բերել հաշմանդամությունը: Տիկին Գյոզալի երեք աղջիկներն էլ առողջական ծանր խնդիրներ ունեն, բայց հաշմանդամության թոշակ, այնուամենայնիվ, չեն ստանում: Հաշմանդամության թոշակից չի օգտվում նաեւ տան տղամարդը` Արամայիսն, ում ճողվածքը կախվել, ոտքերի արանքից գնդի նման ծանրացել է: Արամայիսն ամեն օր այդ ավելորդ ծանրությունը քարշ տալով՝ փողոցների աղբարկղերը քարուքանդ է անում` շշեր, մետաղալարեր կամ ցելոֆան է գտնում եւ դրանք մաքրել-լվանալով՝ հանձնում, հացի գումար է վաստակում: Աղջիկը` 28-ամյա Աստղիկը, երազում էր դաշնակահարուհի դառնալ, բայց փողոցներում բացօթյա գիշերներ անցկացնելուց հետո սկսեց վախենալ մարդկանցից, վախենալ կյանքից ու ամեն ինչից: Վախերը դարձան ձայներ ու սկսեցին իրեն զայրացնել, հալածել: Խելագարվեց… Հիմա երբ ձայներ է լսում` վերցնում է աղբանոցից գտած սինթեզատորն ու ծնգծնգացնում է: Այդպես Աստղիկն առերեւույթ փորձում է խլացնել ներքուստ իրեն տանջող ձայները: Տիկին Գյոզալի կրտսեր աղջիկն՝ Անժելան, թաքնվել է: Հարցնում եմ` «Ո՞ւր է»: Մայրը պատասխանում է` «Պախկվել ա: Պետք չի, որ իրան տեսնեք, տենց ավելի ճիշտ ա»:

Գյոզալն ամուսնու, թոռնիկի ու երեք աղջիկների հետ, երկրորդ տարին է, ապրում է այս փլատակների մեջ: Տարածքի սեփականատերն օրեր առաջ տեղեկացրել է, որ մինչեւ մյուս ամիս ժամանակ է տալիս տարածքն ազատելու համար: Տիկին Գյոզալն ասում է` «Կարո՞ղ ա պադվալի կամ գոմի տեղ իմանաս: Մի տեղ ճարենք, ապրենք, ախր երեխեն չի դիմանում, իսկ մենք սովորել ենք, փողոցում էլ կմնանք»:

Փոքրիկ Արամայիսենց խրճիթում ամբողջ ուժով իրենց տանտեր համարող առնետները դառնում են միջատներ ու մարմնիս վրայով խլրտալով ինձ տանջում են: Գալիս եմ խմբագրություն, որտեղ գործընկերներս զրուցում են օրվա քաղաքական իրադարձություններից, ներքաղաքական վերադասավորումներից, «դաշնակցական-բարգավաճահանրապետական» քաղաքական խաղերից, որոնցից յուրաքանչյուրն իր նախընտրական ծրագրում դեռ վերջերս հայտարարել էր, թե իր ռազմավարական ծրագրի առանցքը սոցիալական արդարությունն է: Հիշում եմ սովից ճչացող փոքրիկ Արամայիսին, հետո հիշում եմ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, որտեղ Ֆրունզիկը մատը վերուվար անելով բացականչում էր` «Գիտահետազոտական… միտահետազոտական…»: