Այս տարվա մարտի 20-ին Բրյուսելում կայացած գագաթաժողովի ընթացքում Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները հավանություն տվեցին Արեւելյան գործընկերության ծրագրին, որը նախատեսում է սերտացնել ԵՄ ռազմավարական համագործակցությունը հետխորհրդային վեց պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ:
Շուրջ մեկ ամիս առաջ հայաստանյան լրատվամիջոցներով տարածված այս տեղեկատվությունը հայաստանցիներին կարծես այնքան էլ չհետաքրքրեց։ Պատճառները տարբեր են. նախ՝ Հայաստանի հասարակությունը (այդ թվում` հասարակության ակտիվ հատվածը) կենտրոնացած է մեր ներքին խնդիրների վրա, եւ երկրի սահմաններից դուրս կատարվող զարգացումները մեզ այնքան էլ չեն հետաքրքրում։ Երկրորդ պատճառը տեղեկատվության պակասն է։ Գաղտնիք չէ, որ անգամ պետական պաշտոնյաների մի ստվար մասը չգիտի՝ որն է Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի տարբերությունը: Իսկ այդ բնագավառում արձանագրված վերջին զարգացումների, եվրոպական կառույցների, նրանց հետ համագործակցության եւ այդ համագործակցության ընձեռած հնարավորությունների մասին շատերը նույնիսկ պատկերացում չունեն։ Մինչդեռ, եթե ուղղակի հայտարարվեր, որ Հայաստանի քաղաքացիները կարող են հեշտությամբ Եվրամիության երկրների մուտքի թույլտվություն` վիզա ստանալ, մեկնել, օրինական կարգով աշխատել ԵՄ ցանկացած երկրում, այդ լուրը առավոտից երեկո կլիներ բոլորի ուշադրության կենտրոնում՝ սկսած թոշակառուներով, վերջացրած ուսանողներով։ Մինչդեռ նույն «Արեւելյան գործընկերության» ծրագիրը նման հնարավորություն նախատեսում էգ
Առաջին քայլերը
Ժամանակագրական կտրվածքով Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անցել են զարգացման մի քանի փուլերով: 1999 թվականից ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը։ Այն նպատակ ուներ նպաստել ժողովրդավարության, օրենքի իշխանության եւ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացին, ինչպես նաեւ՝ տնտեսական բարեփոխումներին եւ առեւտրի ազատականացմանն ուղղված քայլերին։ Ավելի ուշ Եվրամիությունը սկսեց իրականացնել «Եվրոպական հարեւանության քաղաքականություն» ծրագիրը, որը նպատակաուղղված էր թվով 17 երկրների հետ (այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի եւ աֆրիկյան երկրների) գործընկերության զարգացմանը։ Երկրներից յուրաքանչյուրի հետ կնքվեց Գործողությունների ծրագիր։ Հայաստանի գործողությունների ծրագիրն ընդունվեց 2006թ. նոյեմբերին։ Այդ ժամանակվանից ի վեր ԵՄ-ն նյութական եւ տեխնիկական աջակցություն է ցուցաբերել մեր Հայաստանին՝ տնտեսական, իրավական, կրթական, սոցիալական եւ այլ ոլորտներում։
Արեւելյան գործընկերության մասին
Եվ այսպես, ինչպես արդեն նշեցինք, Եվրոպան Հայաստանին առաջարկեց հարեւանից վերածվել գործընկերոջ։ «Արեւելյան գործընկերության ծրագիրն» ավելի սերտ համագործակցություն է ենթադրում, եւ շրջանակն էլ ավելի նեղ է։ Կարելի է ասել, այն նախատեսված է այն երկրների համար, որոնք հետագայում կարող են դառնալ ԵՄ անդամ (նշենք, որ ԱԳԾ նախաձեռնողներից մեկը՝ Լեհաստանը, ինքն էլ ԵՄ համեմատաբար նոր անդամ է)։ Իհարկե, դա հազիվ թե տեղի ունենա մոտ ապագայում: Ասվածի ավելի պատկերավոր վկայությունն է Եվրահանձնաժողովի հարեւանության եվրոպական քաղաքականության բաժնի տնօրեն Ջոն ՕգՌուրկեի հայտարարությունը, ըստ որի՝ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը «հետնամուտք» չէ ԵՄ թափանցելու համար։ Ինչպես նշված է Բրյուսելի գագաթաժողովի հայտարարության մեջ, ծրագրում ընդգրկված երկրները «ռազմավարական կարեւորություն» ունեն ԵՄ-ի համար: ԵՄ-ն մտադիր է խթանել տարածաշրջանում կայունության եւ բարեկեցության հաստատումը եւ հեռանկարում ավելի սերտ քաղաքական եւ տնտեսական ինտեգրման հասնել: Մոտ ապագայում նախատեսվում է գործընկերության պետությունների հետ ստորագրել ասոցիացիոն պայմանագրեր, որոնք էլ կսահմանեն համագործակցության հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները: Այս ամենի դիմաց Եվրոպան իր հարեւաններից ակնկալում է բարեփոխումներ ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության բնագավառներում: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը դուր եկավ ոչ բոլորին։ Առաջին հերթին՝ Ռուսաստանին։ Իսկ ի՞նչ է շահում Եվրոպան՝ գործընկերային հարաբերություններ հաստատելով անցումային փուլում գտնվող, ամենեւին ոչ հասուն ժողովրդավարությամբ երկրների հետ։ Ներկայումս Եվրամիության նախագահող երկրի՝ Չեխիայի ԱԳ նախարար Կարլ Շվարցենբերգի կարծիքով՝ լավ գործընկերներ։ «Սա հաղթանակ է ոչ միայն շահագրգիռ պետությունների, այլեւ, ամենից զատ, Եվրամիության համար»,- հայտարարել է նա։ ՌԴ-ն գտնում է, որ Եվրոպան այս նախաձեռնությամբ փորձում է թուլացնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ստեղծելով, այսպես կոչված, «Եվրոպայի Անկախ պետությունների համագործակցություն»։
Հայաստանը՝ գործընկերոջ կարգավիճակում
Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ առաջարկը, ինչպես առաջարկ ստացած մյուս երկրները։ Իսկ ի՞նչ ենք ստանում մենք դրանից։ Թվում է՝ պատասխանը պարզ է։ Ինչպես արդեն նշեցինք` արտոնյալ պայմաններ` կապված անցագրային ռեժիմի, աշխատանքի եւ ապրանք-ծառայությունների եվրոպական շուկա դուրս գալու հետ։ Հատկանշական է, որ հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները, հրապարակելով մարտի 20-ի բրյուսելյան որոշումը, իրենց կարճ հաղորդագրություններում անպայման նշել են, որ ԵՄ-ն նպատակ ունի մեծացնել գործընկեր 6 պետությունների տրամադրվող աջակցության չափը՝ հասցնելով մինչեւ 600 միլիոն եվրոյի: Սա անուղղակիորեն վկայում է, որ մեզանում դեռ արմատավորված է ամեն ինչ առաջին հերթին նյութական հարթությունում դիտարկելու սովորույթը։ Մինչդեռ գործընկերության ծրագրի հաջողության դեպքում դրա տված հնարավոր օգուտները, երկարաժամկետ հեռանկարում, ավելի կարեւոր են երկրի համար։ ԵՄ-ն գործընկեր երկրների համար սահմանել է մի շարք պայմաններ, որոնք բխում են հենց մեր շահերից։ Խոսքը վերաբերում է թե՛ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, թե՛ տնտեսական հարաբերություններին։ Այսինքն, այս հարցում հաջողություններ արձանագրելու հարաբերությունները մեծապես կախված են նաեւ մեզանից` քանի որ, ձեւական քայլերի դեպքում, ոչ մի արդյունք չի լինի։ Սա շատ նման է, երբ ծնողն իր երեխային խոսք է տալիս կիսամյակը գերազանց ավարտելու դեպքում հեծանիվ գնել։ Երեխայի համար այդ պահին կարեւորը հեծանիվն է, սակայն տարիներ անց հանուն հեծանիվի ստացած գիտելիքներն են նրան պետք գալու։ Ծրագիրը պաշտոնապես մեկնարկում է մայիսի 7-ին, եւ առաջիկա ամիսներին գոնե արտաքուստ պարզ կլինի` ինչն է մեզ համար ավելի կարեւոր` կարճաժամկետ նյութական օգնությո՞ւնը, թե՞ երկրի հեռանկարային զարգացումը։