Լուկաշենկոյին չեն սպասում

30/04/2009

Մայիսի 7-ին Պրահայում կայանալիք ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների գագաթաժողովի շուրջ արդեն բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում, մասնավորապես` այդ գագաթաժողովին Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցության հետ կապված։ Երկու երկրներն էլ ծրագրի մասնակիցներ են։ Մոլդովան արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Վորոնինի փոխարեն երկիրը կներկայացնի վարչապետ Զինաիդա Գրեչենայան, ինչը պայմանավորված է Մոլդովայի լարված ներքաղաքական վիճակով: Ինչ վերաբերում է Եվրոպայում որպես բռնապետ ընկալվող Լուկաշենկոյին, ապա Բրյուսելում երկար ժամանակ չէին կողմնորոշվում նրան հրավիրելու հարցում։ ԵՄ-ն բազմիցս ընդգծել է, որ գագաթաժողովին մասնակցելու հրավերներ ուղարկվում են երկրներին, ոչ թե այդ կոնկրետ պաշտոնատար անձանց։ Այդուհանդերձ, ներկայումս ԵՄ նախագահող երկրի՝ Չեխիայի ԱԳ նախարար Կարլ Շվարցենբերգը անցյալ շաբաթ մեկնեց Մինսկ եւ Լուկաշենկոյին հրավեր հանձնեց։ Սակայն հենց նույն օրը Շվարցենբերգի ղեկավարը՝ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում սեղմել Բելառուսի նախագահի ձեռքը։ Լուկաշենկոն էլ իր հերթին ԵՄ-ին կոչ է արել հստակեցնել՝ ցանկանո՞ւմ են իրեն տեսնել մայիսի 7-ի գագաթաժողովում, թե՞ ոչ։ Պատասխան, որպես այդպիսին, իհարկե, չի եղել։ Սակայն դատելով հնչող հայտարարություններից՝ Բելառուսի նախագահին Եվրոպայում չեն սպասում։ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով նախագահ Խավիեր Սոլանան կարծիք է հայտնել, որ Լուկաշենկոն գագաթաժողովին չի մասնակցի։ Իսկ թե մայիսի 7-ին ով կներկայացնի Բելառուսը պրահյան գագաթաժողովին, ըստ Սոլանայի, պարզ կդառնա ամենավերջին պահին։