Եվրոպական պատուհան

30/04/2009

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում եվրաինտեգրման գործընթացը ամբողջությամբ դեռեւս ընկալված չէ: Եվ քաղաքական ուժերի, եւ հասարակության մեծամասնության համար եվրաինտեգրումը, եվրոպական քաղաքականությունը, միասնական Եվրոպան ավելի շատ տեղեկատվական թողարկումներից հնչող արտահայտություններ են, քան գործընթաց, որի մասնակիցն է պետությունը եւ որը լուրջ հեռանկարներ է խոստանում Հայաստանի համար: Ավելին` ի պաշտոնե «եվրոպական արժեքային համակարգի կողմնակիցներ» համարվող շատ գործիչներ` կախված քաղաքական կոնյունկտուրայից, ժամանակ առ ժամանակ իրենց թույլ են տալիս հայտարարել, որ Հայաստանի համար որպես Եվրոպայի այլընտրանք՝ կարող է հանդիսանալ իսլամական աշխարհը: Սակայն նման կարծիքների գոյությունը պայմանավորված չէ միայն քաղաքական նպատակահարմարությամբ: Հասարակության մի ստվար հատված եւս Եվրոպան ու եվրաինտեգրումը չի ընկալում որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղղություն: Իսկ դա իր հերթին՝ մեծապես պայմանավորված է նույն քաղաքական ուժերի ու գործիչների գործունեությամբ` եվրոպական արժեքներն ու Հայաստանը այդ արժեհամակարգում, կախված իրավիճակից, դրական կամ բացասական ներկայացնելու գործելակերպով: Քանի որ այս թեմայով հասարակական-քաղաքական քննարկումներում գերիշխում են առավելապես դեկլարատիվ հայտարարությունները: Եվրաինտեգրման մասին եւ դրական, եւ քննադատական կարծիքները մի դեպքում՝ գեղեցիկ ձեւակերպումներից, մյուս դեպքում` «ազգային մենթալիտետին անհարիր արժեքների թվարկումից» այն կողմ չեն անցնում:

Այս օրերին Հայաստան-Եվրոպա հարաբերություններում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գոնե ֆորմալ առումով նոր որակ են հաղորդելու Եվրոպայի հետ հարաբերություններին: Մայիսի 7-ին Պրահայում կայանալու է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովը: Հայաստանում եւ՛ հասարակությունը, եւ՛ քաղաքական ուժերը լայն իմաստով անտարբեր են եւ՛ այդ իրադարձության, եւ՛ դրա հնարավոր հետեւանքների նկատմամբ: Բոլորի ուշադրության կենտրոնում առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններն են, որոնք, ի դեպ, փոխառնվել են եվրոպական երկրներից: