– Քաղաքական ուժերի գնահատմամբ` ԱԺ-ում ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ընդունված համատեղ փաստաթղթում ավելի շատ իմիտացիոն բնույթ է կրում, քան բովանդակային: Ձեր գնահատմամբ` այն կարո՞ղ է դրական առաջընթաց ապահովել ՀՀ-ի համար:
– Ստորագրված ցանկացած փաստաթուղթ որեւէ առաջընթաց կարող է ապահովել այն դեպքում, երբ ստորագրող կողմերը, տվյալ դեպքում` Հայաստանն, այդ փաստաթղթի գործարկման, կիրառման համար որոշակի ջանքեր կիրառում է: Այսինքն` ստորագրված փաստաթղթի` ապագայում ձեւական կամ ոչ ձեւական լինելը ուղղակիորեն կախված է ստորագրողներից: Հետեւաբար, նույն քաղաքական ուժերի մոտեցումը, թե այդ փաստաթուղթը կարող է լինել զուտ դեկլարատիվ եւ ինչ-որ առաջընթաց չապահովել, ինձ համար իրապես անհասկանալի է, որովհետեւ նույն ԱԺ խմբակցությունները, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, ունեն որոշակի հնարավորություններ` նպաստելու այդ փաստաթղթի հիմնադրույթների իրականացմանը:
– ՀՀ-ի ժողովրդավարության ներկայիս մակարդակը, մասնավորապես՝ քաղբանտարկյալների առկայությունը, որքանո՞վ է թույլ տալիս ՀՀ-ին եվրաինտեգրման գործընթացում առաջընթաց արձանագրել: Դա լուրջ խոչընդոտ չէ՞ եվրաինտեգրման ճանապարհին:
– Ես հիմա չեմ մտնի իրավական ձեւակերպումների մեջ` քաղբանտարկյալ եւ այլն, որովհետեւ ես ամեն դեպքում համարում եմ, որ ցանկացած ձեւակերպում, բացի քաղաքական իմաստավորումից, ունի նաեւ որոշակի իրավական ձեւակերպումների անհրաժեշտություն: Ինչ վերաբերում է խոչընդոտել-չխոչընդոտելուն, ապա ցանկացած գործընթաց, որտեղ ժողովրդավարությունը տուժում է, խոչընդոտելու է եվրաինտեգրման գործընթացին: Դա չի սկսվում եւ ավարտվում ուղղակիորեն, այսպես ասած` ընտրական գործընթացներից բխող գործողություններով, որը նույնպես իր մեծագույն դերակատարումն ունի: Ցանկացած հարցում, ասպարեզում, որտեղ կա ժողովրդավարության չափանիշների ոչ լիակատար բավարարում, բնականաբար, դա խոչընդոտ է: