Հովեյանի հզոր անձը

20/07/2005

Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը «media.am» ինտերնետային կայքին տված
հարցազրույցում հայտարարել է, թե ինքը չի կարող ԱԼՄ-ի հետ «գոտեմարտի մեջ
մտնել»՝ նկատելով, թե այն օգնում է բացահայտելու՝ «կշեռքի ինչ նժարների
վրա են գտնվում գեղագիտական մեր հնարավորություններն ու պոտենցիալը»։
«Կան, չէ, փորձարարական թատրոններ, որտեղ ինչ փորձ ասես՝ անում են։
Ընդունենք, որ սա էլ փորձարարական հեռուստատեսություն է կամ օֆիս, որտեղ
գալիս են այն մարդիկ, ովքեր դրա կարիքն ունեն։ Սարյանի ցուցահանդեսը
դիտում են 10 մարդ, իսկ Վերնիսաժի «գեղանկարչի» գործերը՝ խառնամբոխ գյուղը
կամ քաղաքում կուտակված գեղցիական (գյուղացիական չասեմ, որովհետեւ ես էլ
եմ գյուղացի), ռաբիսական, շրթներկի, դիմափոշու եւ «Կրասնայա Մոսկվայի»
խառնուրդով մի զանգված։ Եվ չպիտի զարմանաս, որ, ասենք, արմավենու ֆոնի վրա
Մասիս սար եւ հակառակը տեսնես։ Իսկ Սարյանի նկարչությունը կարող են
չհասկանալ, ասեն՝ սարը սարին նման չէ…,- ասել է «յոթնաթեւ արծվի» մասին
ԵՊՀ օրհներգի խոսքերի հեղինակ, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը՝
շարունակելով,- այն, ինչ տրվում է կառավարության կողմից, բավարար է. մնում
է, որ փուչիկ չթռցնենք եւ զվարճանքը տարբերենք պրոֆեսիոնալ արվեստից։
Այդպես եղել է եւ կլինի. մենք ունենք թագավորական արյուն, ունենք
իշխանական արյուն, դավաճանական արյուն, անշուշտ, Ցռան Վերգոյի տարբերակն
էլ ունենք, եւ ունենք պլեբեյական արյուն, որը պիտի մաքրվի։ Քանի որ արդեն
անկախ ենք, ամեն օր ու ժամ մեր արյունը, մեր գիտակցությունը, մեր
գեղագիտական ընկալումը, մեր ճշմարտությունը մաքրվում է»,- ասել է
մշակույթի նախարար Հովեյանը։ Հարցին, թե ինչու է իր գլխավորած
նախարարությունն անընդհատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում,
Հովեյանը պատասխանել է. «Երեւի այդպես էլ պիտի լիներ. մեր հանրապետության
99 տոկոսը կամ երգում է, կամ պարում է, կամ ասմունքում, եւ այս սեւեռումը
ես բնական եմ համարում»։ Իսկ իր անվան հետ կապված հրապարակումների մասին
նա ասել է. «Ուրեմն՝ հավանաբար անձս շատ հզոր է, կներեք մեծամիտ պատասխանի
համար։ Երբ գալիս նստում ես այս աթոռին, նոր միայն պատկերացնում ես, թե
դիմադրության ինչ չափաբաժին է քեզ հասնում։ …Մեր լրատվությունը
զտարյուն, մաքրակրոն, պուրիտանիստական ճանապարհներով չի ընթանում։ Առաջին
մի քանի ամիսը նեղվում էի, ասում էի՝ միթե՞ ես այդքան վատն եմ… Հետո
հասկացա, որ այստեղ անձի խնդիր չէ։ Անգամ եթե անձի խնդիր է, ուրեմն՝ մի
բան ներկայացնում եմ, չէ՞, որ անընդհատ գրում են…»: