Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ-ում Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 10-րդ նիստի ժամանակ ընդունվեց համատեղ փաստաթուղթ, որը ներառում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տնտեսական քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը եւ ՀՀ-ի ներքին իրավիճակին վերաբերող հիմնադրույթներ: Նիստին մասնակցելու նպատակով ՀՀ էր ժամանել ԵՄ խորհրդարանական պատվիրակությունը` ԽՀՀ համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենի գլխավորությամբ:
ՀՀ-ԵՄ ԽՀՀ համանախագահ Ավետ Ադոնցի կարծիքով` այդ հռչակագիրը այս ոլորտում ընդունած փաստաթղթերից բովանդակությամբ ամենահարուստն է եւ ամենաարդյունավետը: Մարի Անն Իզլեր Բեգենն էլ` համեմատելով ԵՄ պատվիրակության եւ միջազգային այլ պատվիրակությունների գործելաոճերը, ընդգծեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են գլոբալ հիմնահարցեր` տնտեսություն, բնապահպանություն, քաղաքական խնդիրներ, նաեւ մշակութային ու կրթական հիմնահարցեր: Ըստ նրա, պատվիրակությունը աշխատում է երեք հարեւան երկրների` Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ, եւ նրա նպատակն է՝ ընդունել որոշումներ, որոնք հնարավորություն կընձեռեն ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում, մասնավորապես՝ հակամարտությունների կարգավորման խնդրում, լավագույն լուծումներ գտնել: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ այդ նիստի բացման ժամանակ իր խոսքում նշեց, որ 2007թ. Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրով «ամրագրվեց ՀՀ-ի եւ ԵՄ-ի բազմաբնույթ համագործակցությունը: «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ՀՀ-ի համար»,- իր խոսքում ասել էր նա:
Տպավորություն է ստեղծվում, սակայն, որ այս իրադարձություններն ու հայտարարությունները ավելի շատ արարողակարգային բնույթ են կրում, քան արտահայտում են ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացի իրական, բովանդակային վիճակը: Թերեւս դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այս գործընթացի հետ առնչվող գործիչները իրենց թե՛ դրական, թե՛ բացասական գնահատականներում խուսափում են խոսել կոնկրետ ձեռքբերումների կամ բացթողումների մասին: Ասվածի վկայությունն են նաեւ ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացի, ընդունած համատեղ փաստաթղթի համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ՀՀ-ի հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչների գնահատականները:
Արմեն Աշոտյան (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր)- ՀՀ-ն իր եվրոինտեգրման ճանապարհը դիտարկում է որպես առաջնահերթ ճանապարհներից մեկը արտաքին քաղաքականության մեջ: Հարաբերությունները ԵՄ-ի հետ ունեն բավականին հարուստ փորձ, եւ բազմաթիվ քայլեր այս ուղղությամբ ձեռնարկվել են: Կարծում եմ` ՀՀ-ԵՄ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն նաեւ առջեւում, որովհետեւ երկկողմանի շահագրգռվածություն կա. ՀՀ-ն շահագրգռված է ԵՄ-ի հետ կապերի հաստատման եւ խորացման մեջ` հաշվի առնելով ԵՄ-ի քաղաքական, տնտեսական կշիռը, իսկ ԵՄ-ն շահագրգռված է ՀՀ-ի` որպես տարածաշրջանի կարեւոր երկրի հետ համագործակցության մեջ, որովհետեւ այս տարածաշրջանում ունի իր շահերը, եւ կարող է այս համագործակցությունը երկկողմանի շահավետ լինել: Այստեղ պոտենցիալն ամբողջությամբ ռեալիզացված չէ, եւ հույս ունեմ, որ «Արեւելյան գործընկերության» նոր ծրագիրը նոր մակարդակի կբարձրացնի հարաբերությունները եւ ՀՀ-ի համար հրաշալի առիթ է որակական եւս մեկ բեկում մտցնել իր զարգացման մեջ` ձգտելով դեպի եվրոպական չափանիշներ:
Արամ Սաֆարյան (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար)- Իմ կարծիքով, եվրաինտեգրացիայի ուղղությամբ ՀՀ-ի կողմից կատարվող քայլերը կարող էին ավելի ակտիվ լինել: Ճիշտ է` մենք համաձայնեցված գրաֆիկով ենք աշխատում ԵՄ-ի հետ «Արեւելյան հարեւանության» ծրագրով, բայց ես համոզված եմ, որ մեր գլխավոր առաքելություններից մեկը` մեր օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, կարող էր տեղի ունենալ ավելի ինտենսիվ: Որովհետեւ մենք պետք է համեմատվենք երկու բանի հետ. ՌԴ-ԵՄ եւ ՀՀ-ԵՄ երկխոսության հետ: Տեղեր կան, որ նույնիսկ ԵՄ-ի հետ ՌԴ-ի համագործակցությունը` չափանիշերի կիրառման բնագավառում ավելի առաջ է, քան ՀՀ-ն: Իսկ սա արդեն անթույլատրելի է, որովհետեւ, եթե նույնիսկ մենք ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ ենք, եւ կողմնորոշված ենք դեպի մեր այս բլոկները, ապա մեր գործընկերները նույնպես` տարբեր տեմպով, տարբեր չափով շարժվում են եվրոինտեգրման ուղղությամբ: Համոզված եմ, որ մասնավորապես օրենսդրության նույնացման հարցերը կարող էին լինել շատ ավելի արագ եւ շատ ավելի աշխույժ ձեւով:
Ռուզաննա Առաքելյան (ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր)- ՀՀ ԱԺ-ն մինչ այս շրջանը չուներ եվրոինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողով: ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովն էր հիմնականում իր մեջ ներառում այդ խնդիրները: Միայն այն, որ մեր ղեկավարությունը ձեռնամուխ եղավ ԱԺ-ում ստեղծելու առանձին հանձնաժողով, կարծում եմ` սա արդեն ոչ միայն առաջ քայլ է, այլ նաեւ լուրջ մտահոգություն եւ ծրագիր` եվրոինտեգրման գործընթացները շատ ավելի լուրջ հիմքի վրա դնելու համար: Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթին, ապա, անկեղծ ասած` այն շատ ընդհանրական է: Կարծում եմ, ավելի գործնական քայլեր անելու համար պետք է այս հուշագիրը մանրամասնեցվի: Բայց պետք է մանրամասնեցվի ոչ թե որպես փաստաթուղթ, այլ արդեն գործունեության մեջ` որպես գործնական քայլ:
Ստեփան Սաֆարյան (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր)- Ցավոք, մինչ այժմ եվրոպական տարբեր կառույցների եւ ՀՀ-ի համագործակցությունն առավելապես կրել է իմիտացիոն բնույթ, քան բովանդակային: Եվ պատճառը եղել է նաեւ այն, որ եվրոպական կառույցներն իրենք էլ ավելի շատ ուշադրություն են դարձրել քաղաքական եւ ձեւական կողմին, ինչը թույլ է տվել ՀՀ-ին խուսանավել իր պարտավորությունները կատարելու ուղղությամբ, որոնք նաեւ բխում են ՀՀ շահերից, քանի որ եվրոպական նորմատիվ դաշտն, ըստ էության` ամենահաջողվածն է բարեկեցիկ երկիր եւ հասարակություն ունենալու առումով: Երբ տարիներ առաջ ստորագրվեց ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը, մենք` իբրեւ եվրաինտեգրմամբ խիստ շահագրգիռ քաղաքական ուժ, քննադատեցինք` նշելով, որ այդ գործողությունների ծրագրի բազմաթիվ կետեր հիշեցնում են հռչակագրային դրույթներ եւ բաժակաճառեր առավելապես այնպիսի կարեւորագույն հարցերում, ինչպիսիք են` կոնֆլիկտների կարգավորումը կամ կոնֆլիկտների դերի նվազեցումը հասարակությունների տրանսֆորմացիայի գործումգ Իսկ մնացած առումներով, եթե անգամ որոշ բաժիններում կան կոնկրետություններ, ապա այս առումով` լրջագույն խնդիր մնում է դրանց համակարգումը մեկ միասնական կենտրոնից, որը կհետեւի ՀՀ-ի կողմից ցանկացած քայլի համապատասխանությանը ստանձնած պարտավորություններին: Բայց պետք է ասել, որ այս երկու դաշտում էլ ձախողում տեղի ունեցավ: Իրականում, արդեն 2 տարի լինելով ԱԺ-ում, ես չտեսա որեւէ օրինագիծ, որը քննարկվեր ԵՄ-ին ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից: Չտեսա անգամ այն դերակատարումը, որը միգուցե պարտավոր էր կատարել ԱԺ Եվրոինտեգրման հարցերով հանձնաժողովն այդ հարցերի կապակցությամբ: Իհարկե, ներքին խոհանոցում աշխատանքային կարգով պրոբլեմները տարբեր էին, այդ թվում` հանձնաժողովին որոշ օրենքներ չմակագրելով, որոնց վերաբերյալ նա կարող էր կարծիք հայտնել, մյուս կողմից` ԱԺ ղեկավարությունը հանձնաժողովին մեղադրում էր պասիվության, նախաձեռնողականություն չցուցաբերելու մեջ: Այսինքն` այս հարցում խնդիրը մնաց փոխադարձ մեղադրանքների դաշտում, իսկ իրականության մեջ տուժեց ՀՀ-ն, որը չկարողացավ թե՛ օրենսդրական ձեւակերպումների, թե՛ իրավակիրառական պրակտիկայի տեսանկյունից լիարժեք համապատասխանության գալ եվրոպական չափանիշներին: Մյուս առումներով` ինչպես հռչակագրային կային, այդպես էլ մնացին: Պատճառն այն էր, որ Եվրոպայում կար մտահոգություն, որ որպես միջանկյալ քայլ՝ շատ ավելի կարեւոր է ամրագրել պարզապես քաղաքական կամքը եւս մեկ քայլ առաջ եվրոինտեգրման ճանապարհին քաղաքական հայտարարությունների մակարդակով, եւ դրանից հետո սկսել իրականացնել հավակնոտ ծրագրեր, որովհետեւ Եվրոպան այն ժամանակ մի կողմից՝ վախենում էր ամրագրել եւ խոստումներ տալ Եվրոպական հարեւանության գործողությունների ծրագրի շրջանակներում ստորագրած երկրների հավակնությունների կապակցությամբ: Արդյունքում մենք առավելապես ունեցանք ձեւական գործընթաց: Այսօր կարծես հասկանում են, օրինակ, Վրաց-ռուսական պատերազմի հետեւանքները կամ պատճառները, դրանում տեսնելով նաեւ Եվրոպայի թուլությունը, որը Հարեւանության քաղաքականության մեջ ձախողվել էր, քանի որ, ըստ էության, այդ հարեւանության քաղաքականությունը չկարողացավ որեւէ կերպ նպաստել նմանատիպ խնդիրների կանխմանը: Այն դեպքում, երբ Եվրոպան դա հետխորհրդային տարածքում հռչակում էր որպես կարեւորագույն գործիք: Սա ուղղակի խոստովանություն էր, որ Եվրոպան նաեւ ինքն է գիտակցում իր ձախողումն այս կտրվածքով, դրա համար գործողության մեջ դրեց Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի հիմնական նպատակը ռեգիոնալ կոմպոնենտի ամրապնդումն է: Բայց այստեղ էլ հանուն արդարության պետք է ասել, որ նախկին իներցիան ավելի շատ է պահպանվում նորից: Եթե նույնիսկ դա չլիներ, ապա Եվրոպան իսկապես շատ լուրջ խնդիր ունի` վերանայելու իր քաղաքականության իրական հիմքերը` դրանք շահերից տեղափոխելով արժեքների վրա, որոնցով հենց ինքն ուժեղ է: Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել որեւէ քաղաքականության արդյունավետության մասին: Այլապես նրանց համար այս տարածաշրջանը կրկին կարեւորվելու է էներգետիկ եւ այլ հաղորդակցական միջանցքների տեսանկյունից, արժեքային կոմպոնենտը տուժելու է, հասարակությունները արժեքային փոխակերպումներ չեն ապրելու, քաղաքական համակարգերը չեն փոխակերպվելու, եւ նորից նույն ռիսկերը պահպանվելու են նաեւ Արեւելյան գործընկերության համար: ԵԽ պարտավորությունների չկատարման, ԵՄ-ի հետ գործողությունների ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների չկատարման, իսկ ապագայում՝ միգուցե նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների չկատարման առումով հայ հասարակությունն ու մնացած հասարակություններն ունենան առավելապես հիասթափություններ, քան ոգեւորություն:
Հովհաննես Իգիթյան (Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հայաստանում ԵՄ Առեւտրի պալատի տնօրեն)- Հայաստանի իշխանության այն մասը, որն առնչվում է այդ ծրագրին, սովորել է միայն արտասանել մի քանի բառակապակցություն` «կայուն զարգացում», «ինտեգրում» եւ այլն: Հայաստանն իր 17 տարվա պատմության մեջ, նույնիսկ պատերազմի տարիներին, եվրաինտեգրումից ավելի հեռու, քան հիմա, չէր եղել: Ինձ թվում է, որ առայժմ Հայաստանի իշխանությունը ԵՄ-ի այդ ծրագրին նայում է ընդամենը գումարային տեսակետից, թե ինչքան վարկ կտա այս կամ այն ծրագիրը: Բայց Եվրամիության բոլոր ծրագրերը եւ հատկապես՝ այս վերջինը, առանց գլոբալ, ինստիտուցիոնալ, համակարգային մոտեցման հնարավոր չէ կատարել: Նկատի ունեմ` մեր երկրներում ժողովրդավարական համակարգի ձեւավորումը: Քանի որ այս ծրագիրն արդյունավետ կաշխատի միայն այն դեպքում, եթե մենք` Հայաստանը եւ ԵՄ-ն, նույն արժեքային համակարգն ունենանք: