Մարգարան՝ հայ-թուրքական հարաբերությունների կիզակետում

30/04/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սովորական գյուղ, առօրյա խնդիրների առատություն ու մի քիչ արտասովոր բնավորություն: Ահա այսպես են բնութագրում փակ կամրջի մոտ գտնվող` Էջմիածնի Մարգարա գյուղի բնակիչներն իրենց գյուղը, որտեղ այս օրերին փոքրից մեծ մի տեսակ դիվանագետի կերպարանք են ստացել: Այսօր նրանց առավել շատ հուզում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու իրենց գյուղի ճակատագիրը` կբացվի՞ կամուրջը, թե՞ ոչ:

Դեպի Մարգարա

Երեւան-Էջմիածին-Մարգարա ուղեւորատար կարմիր ավտոբուսը շարժվում էր համրաքայլ, երբեմն էլ կարծես ուղեւորների խոհերի ծանրությունից օրորվում էր ու նորից առաջ գնում: «Մարգարայի ճանապարհի փոսերը լցնում են: Գոնե լավ ասֆալտեն»,- ասացին գյուղի բնակիչները` տեսնելով ճանապարհին կանգնած ասֆալտապատողների աշխատավոր ջոկատը: Առաջին անգամ Հայաստանի եզրագծին մոտենալու զգացողությունները հակասական են դառնում: Վարորդը բարձրացնում է մագնիտոֆոնի ձայնը: Երգում ինչ-որ մեկը լացել էր ուզում, նույնիսկ` լացել անդադար: «Արդեն Մարգարայի գյուղամիջում ենք: Էս ա վերջին կանգառը»,- դիմեց երաժշտասեր վարորդը ուղեւորներին, որոնք իջնելուն պես հետաքրքրվեցին, թե Մարգարայում ո՞ւմ եմ ճանաչում: Իմ պատասխանից հետո նրանք փորձեցին հաշվել, թե վերջին ամսվա ընթացքում քանի լրագրող էր գնացել իրենց գյուղ: Նրանց համար, սակայն, ամենահիշարժանը թուրք լրագրողների այցն էր իրենց գյուղ:

Ի՞նչ լուր կբերի արագիլը

Մարգարան մյուս գյուղերից տարբերվում է արագիլների ու եղրեւանիների առատությամբ: Որտեղ աչքդ հառում ես` կամ յասամանի թփերն են, կամ էլ արագիլների բները: Մյուս գուղերում էլ կան արագիլներ ու յասամանի ծառեր, բայց այդքան շատ չեն: «Ու գիտեք` մեկ էլ մեր գյուղն ի՞նչ ունի, որ ոչ մի գյուղ չունի: Արաքսի վրա մի փակ կամուրջ` փշալարերով պատված»,- ասում են գյուղի բնակիչները: Նրանցից շատերը հույս ունեն, որ կամուրջը կբացվի, ու իրենց սոցիալական վիճակը կբարելավվի: Այդ միտքը հատկապես երիտասարդների մոտ վերածվել է մի տեսակ երազանքի: Գյուղի հիվանդանոցի մոտ հավաքված երիտասարդ տղաների շրջանում չկար գոնե մեկը, ով դեմ լիներ հայ-թուրքական սահմանների բացմանը: «Թող բացեն, ի՞նչ վատ կլինի` համ աշխատատեղեր կլինեն, համ էլ մենք էսպես պարապ-սարապ ման չենք գա»,- նշում են նրանք: Նրանք նաեւ ոգեւորությամբ են ընդունում թուրք գործարարների մուտքը Հայաստան: «Մեզ համար ի՞նչ նշանակություն ունի` թո՞ւրք կլինի գործարանի տնօրենը, թե՞ հայ: Կարեւորը բարձր աշխատավարձ տան, աշխատենք»,- ավելացնում են գյուղի երիտասարդ տղաները: Մինչդեռ իրավիճակը անհասկանալի է մնում գյուղի ավագ սերնդի ներկայացուցիչների համար: «Ի՞նչը պիտի լավանա: Ոչ մի լավ բան էլ չի տալու մեզ կամրջի բացումը: Ասենք` գյուղացուն ի՞նչ: Կամ գյուղացուց հո չե՞ն հարցնում»,- ասում է Թամարա տատը: Գյուղի խանութներից մեկի վաճառող պարոն Հակոբի համար սահմանների բացումը էական նշանակություն ունի: «Հենց կամուրջը բացեն, աշխատատեղեր կլինեն: Օրինակ, տամոժնյա կբացեն, ու էդտեղ մեր գյուղացիները կաշխատեն: Անցուդարձ կլինի, մարդիկ կգան-կգնան, պարզ ա, որ կսովածանան: Դրա համար էլ գյուղում ճաշարաններ կբացենք` էլի աշխատատեղեր են, չէ՞»,- նկատում է խանութի վաճառողը: Հայ-թուրքական սահմանների բացման հեռանկարը, սակայն, այս նույն խանդավառությամբ չեն ընդունում Մարգարայի գյուղապետարանում: Գյուղապետի տեղակալ Ղարիբ Թադեւոսյանի կարծիքով, թուրքերը չեն հարձակվի, բայց սկսելու են Հայաստանի մասնատման գործընթացը: «Մի բուռ Հայաստան ենք` կկիսեն, կմասնատեն, հողեր կառնեն: Իրենց մոտ էլ բազմակնություն կա, կշատանան»,- ասում է գյուղապետի տեղակալը: Վերջինիս հետ գյուղի խնդիրների մասին խոսելիս՝ թվում էր, թե Մարգարայում դրախտային ժամանակներ են` ջրի խնդիրը լուծել են, բնակիչները գազ ունեն, դե, իսկ հող մշակողներն էլ կգտնեն իրենց մի կտոր չոր հացը: Սակայն վառ պատկերը միայն գյուղապետարանի ներսում էր, մինչդեռ դրսում գյուղացիների հոգսաշատ առօրյան էր: Հենց հոգսերի այդ խաչմերուկում էլ հասկանալի է դառնում Մարգարայի բնակիչների այն համոզմունքը, որ կամուրջը բացվելուց հետո իրենց սոցիալական վիճակը մի քիչ կլավանա:

Մարգարան` հոգսերի խաչմերուկում

Տիկին Նելլին չի դժգոհում գյուղացու խնդիրների առատությունից: «Ինքներս մեզ կպած ապրում ենք: Պատկերացնո՞ւմ եք, մի կապ կանաչին մեզանից 20 դրամով են վերցնում: Մի քանի օր առաջ 100 կապ հանձնեցի: 2000 դրամը ձեռքիս մտել եմ շուկա ու չգիտեմ` որը թողնեմ, որը վերցնեմ: Միշտ էլ էդպես է: Բայց էսօր ահավոր ա գյուղացու վիճակը: Եթե նախորդ տարի էս ժամանակ վարունգը հանձնում էի 400 դրամով, հիմա 200 դրամով եմ հանձնում»,- ասում է գյուղացի կինը: Իսկ հարեւան տիկին Նունիկը, ով մասնագիտությամբ երաժիշտ է, ամուսնու պահանջով խուսափեց իրենց հոգսերի մասին խոսելուց: «Ասենք՝ խոսեցի, հետո ի՞նչ կփոխվի: Ոչ մի բան, չէ՞»,- նշում է պարոն Օնիկը` շարունակելով աշխատանքը: Իսկ կինը` տիկին Նունիկը, փորձում էր հնազանդվել ամուսնու հորդորին: «Ինքը, իրոք, էն հայ տղամարդկանցից չի, որ դժգոհում են: Բայց մենակ մի բան եմ խնդրում` չորս երեխա ունեմ, որոնցից երկուսը ուսանողներ են: Մեկը պարուհի ա: Այ, եթե մի հովանավոր լիներ, գոնե էդ հանդերձանքը ապահովեր: Հես ա ամսի մեկին Արտաշատ համերգների են գնալու, բայց 10.000 դրամ չունենք, որ պարի հանդերձանքը կարել տանք: Գոնե էս մասին կլսե՞ն: Ինքը շատ տաղանդավոր էրեխա ա»,- ասում է տիկին Նունիկը ամուսնուց գաղտնի ու վազում դեպի տուն` հանկարծ պարոն Օնիկը չիմանա: Տիկին Նունիկի գնալուց հետո հարեւան տիկին Կիմայի հետ կանգնած մի տեսակ շփոթմունքի մեջ էինք: Լռությունը խախտեց դպրոցի պատմության ուսուցչուհին: «Օնիկ, Օնիկ, աղքատ-հպարտ»,- նա նորից կրկնում էր քիչ առաջ Օնիկի երեսին ասված խոսքերը: Իսկ գյուղապետարանի մոտ գտնվող աղբյուրի մոտ արդեն հերթ էր: Գյուղի բնակիչները խմելու ջուր ստանում են էլեկտրաէներգիայով աշխատող աղբյուրից: Այսպիսի աղբյուրները գյուղում մի քանիսն են: Երեւի սա էր գյուղապետարանի ջրամատակարարման ոլորտում կատարած աշխատանքներից մեկը: Իսկ գյուղապետարանում ասում էին, թե գյուղում ով աշխատում է` վատ չի ապրում: Մինչդեռ աշխատող գյուղացիների խնդիրները լուծված չեն: Վարելահողերի մշակման խնդիրների մասին խոսելիս՝ գյուղացիներից շատերն անգամ վրդովվեցին: «Մեր գյուղի վարելահողերի 98 տոկոսը չի մշակվում: Ու գիտե՞ք ինչի, որովհետեւ մարդիկ սերմնացանի փող չեն ունենում, սածիլների փող չեն ունենում, պարարտանյութի փող չեն ունենում: Հողը հո մենակ ջրելով բերք չի՞ տալիս»,- ասում էին նրանք:

Եվրոպայի վերջին փակ սահմանի մոտ

Մարգարայի բնակիչները գյուղի պատմությունն այդքան էլ լավ չեն հիշում: Գյուղ եկած հյուրերին տանում են դպրոցի պատմության ուսուցչուհու` Կիմա Կարապետյանի մոտ: Ուսուցչուհին ստիպված է բոլոր հյուրերի համար նորից ու նորից պատմել պատմությունը: «Արեւմտյան Հայաստանից գաղթած Մարգար անունով մեկը հիմնեց գյուղը: Դա 1810 թվականն էր: Բայց այս գյուղը կռվել է անգամ արաբական խալիֆայի դեմ` 703թ.»,- նշում է ուսուցչուհին կամուրջ տանող ճանապարհին: Դեռ սահմանին մոտ չհասած` մեզ միացավ դպրոցի աշակերտներից Կոստյան: Նա Դրաստամատ Կանայանի բարեկամներից է: «Մեր տունը համարյա կամրջի մոտ ա: Գիտեք, ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ, մենք լսում ենք էդ թուրքերի նամազը: Ընենց բարձր են միացնում: Ընկեր Կարապետյան, երեւի մագնիտաֆոնով են միացնում, չէ՞»,- հարցնում է Կոստյան: Վերջինս, ինչպեսեւ գյուղի բնակիչներից շատերը, նույնպես զգուշացրեց, որ լուսանկարչական սարք չգործածեմ: Ի դեպ, նախախնամությանը տուրք չտալով` նշեմ, որ գյուղ մտնելուց հետո, դեռ մի քանի լուսանկար չարած, սարքը փչացավ, ավելի ճիշտ` այն կարծես անշարժացավ մի կադրի վրա, որը հետո գյուղացիներից շատերի մոտ մտավախություն առաջացրեց: «Հո էդ սահմանապահներին չե՞ս նկարել, թե չէ` կբռնեն քեզ»,- ասում էին գյուղացիները: Իսկ իրականում կադրում նախկին զորամասի վայրն էր, որի դարպասները շփոթմունք էին առաջացրել գյուղացիների մոտ: Ինչեւէ, կամրջից այն կողմ ծածանվում էր Թուրքիայի դրոշը: Կոստյան մատնացույց է անում այն ու հիշում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրը: «Էդ օրը, որ իմանաք` էնպիսի կրակոցներ էին լսվում իրենց մոտից: Չէ, մեզ վրա չէին կրակում: Ուղղակի իրենք երեւի ուրախացել էին, որ հայերին հաղթել են: Դրա համար էլ կրակում էին, իբր՝ տեսեք, մենք հաղթել ենք»,- ասում է Կոստյան: Իսկ ես շարունակում էի լսել տիկին Կիմայի կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Ինձ թվում է, որ սահմանը, կամուրջը պետք է բացվի: Մենք 21-րդ դարում ենք ապրում, ու փակ սահմաններ չպետք է լինեն: Այն տեսակետը կա, որ այսօրվա իրավիճակը նմանվելու է 1921թ. հայաստանյան իրավիճակին: Բայց սա Կարսի պայմանագրի կրկնությունը չի լինելու: Ի դեպ, հենց այդ պայմանագրից հետո էլ Ասքանազ Մռավյանն ինքնասպան եղավ (Ասքանազ Մռավյանը 1921թ. սեպտեմբերի 26-ին Կարսում տեղի ունեցած Անդրկովկասյան երեք հանրապետությունների եւ Թուրքիայի միջեւ կոնֆերանսի մասնակից Հայկական պատվիրակության նախագահն էր.- Մ.Մ. ): Սահմանները պետք է միանշանակ բացվեն` այդ դեպքում մեր սոցիալական ու տնտեսական վիճակը կբարելավվի: Դուք չեք պատկերացնում, թե գյուղում ինչքան շատ են սոցիալապես անապահով ընտանիքները»,- նշում է պատմության ուսուցչուհին: Գյուղամեջ հասնելուց հետո տիկին Կիման շրջվեց ու անթարգմանելի երանությամբ նայեց Մասիսին: «Էսօր Մասիսը պարզ չի երեւում, բայց լինում են օրեր, որ այնքան պարզ է ու այնքան մոտ, որ թվում է, թե հենց վազես` կարող ես այն բռնել»,- իրականությունից փոքր-ինչ կտրվելով ու չնկատելով շրջապատը` մի պահ երազեց ուսուցչուհին, ով 8 տարի առաջ Երեւանի Մաշտոցի պողոտայում թողեց իր տունն ու ամուսնու հետ եկավ ժառանգություն ստացած հողամասում ապրելու: Իսկ Մասիսն այդպես էլ չպարզվեց, մինչդեռ այնտեղ տանող երազանքներով ապրում են անգամ գյուղի մանուկները: «Ես ուզում եմ, որ մեր Մարգարայի կամուրջը բացվի: Մի բանի համար եմ ուզում` Մասիսը մոտիկից տեսնեմ»,- նշում է 7-րդ դասարանցի Աղաջանը ու հավատում, որ մի օր ինքը հաստատ կտեսնի այն: