Մի պղտորեք Հայաստանը. մենք այստեղ ապրելու ենք հազարամյակներ

20/07/2005 Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայ ֆուտբոլասերը քաջ ծանոթ է անդրեասյանական ձեռնածություններին:
Չմոռանանք, որ հիմնականում Անդրեասյանի անվան հետ են կապված
խժդժություններն ու բանսարկությունները յոթանասունականների «Արարատում» եւ
նրանից հետո, Նիկիտա Սիմոնյանի, Մասլովի ուրացումն ու անփառունակ
հեռացումը Հայաստանից: Հիշենք հենց թեկուզ «Ֆուտբոլ-միայն խա՞ղ է սա»
գրքում «Արարատ-73»-ի լեգենդար ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ցավով արված
պատմությունը թիմի հետագա բարոյալքման մասին` բերելով թիմի առաջատարներից
մեկի՝ նույն Արկադի Անդրեասյանի խոսքերը. «Մենք դարձանք չեմպիոններ, մենք
նվաճեցինք գավաթը, իսկ փառքն ու պատիվը միայն Ձեզ հասավ, միայն Ձեր մասին
են գրում…», ու արդյունքում, ինչպես հետագայում գրել է իմ գործընկեր,
ֆուտբոլային տեսաբան Արմեն Նիկողոսյանը` «…մոնոլիտ, միասնական
նպատակներով ու հույզերով ապրող կոլեկտիվը վերածվեց շարունակական
կոնֆլիկտների մեջ գտնվող խմբավորումների: Փոխադարձ վիրավորանքները,
միմյանց նկատմամբ անբարյացակամ, անհանդուրժող վերաբերմունքը դարձավ
«Արարատ-73»-ի, հայկական ֆուտբոլի հետագա քայքայման, անկման
պատճառը,…անվերջ կոնֆլիկտների պատճառով հրաժարական տվեց Նիկիտա
Սիմոնյանը, որին փոխարինեց ՍՍՀՄ մեկ այլ հանրաճանաչ մարզիչ՝ Վալերի
Մասլովը: Նոր մարզիչը, թեեւ կարճ ժամանակով կարողացավ վերակենդանացնել
չեմպիոն «Արարատ-73»-ին եւ մեր թիմը 1975-ին եւս մի անգամ նվաճեց
բյուրեղապակյա գավաթը, բայց սա ընդամենը ցոլք էր եւ ոչ թե երկարատեւ
հրավառություն: Նորից կոնֆլիկտներ, սկանդալներ, ֆուտբոլիստների չբավարարող
պահանջներից բխող «անսիրտ» խաղեր:

…«Արարատի» հիմնական կազմը՝ աստղերը, հերթական խառնաշփոթը ստեղծեցին
թիմում, որի պատճառով հրաժեշտ տվեց նաեւ Մասլովը եւ թիմի ղեկն անցավ արդեն
թիմի «տուզերից» մեկի՝ Էդուարդ Մարգարովի ձեռքը: Երիտասարդ մարզիչն իր
«խռովարար» ընկերների հետ նույնիսկ կարողացավ 1976-ի գարնանային
առաջնությանը նվաճել արծաթե մեդալներ ու հասնել մինչեւ ՍՍՀՄ գավաթի
եզրափակիչ, ուր զիջեցին մեր հարեւաններին՝ Թբիլիսիի «Դինամոյին»՝ 0:3
հաշվով: Սա վերջն էր, այնուհետեւ՝ վայրէջք, եւ այլեւս ՍՍՀՄ ֆուտբոլային
երկնակամարում երբեւէ չհայտնվեց «Արարատ» անունով աստղը:

«Արարատ-73» չեմպիոնական թիմը, հաղթողի հոգեբանություն ու բարի
ավանդույթներ ստեղծելու փոխարեն, մեր ֆուտբոլում հիմք դրեց մեծամտության,
անհանդուրժողականության, վրեժխնդրության, հովանավորչության վրա հենված
փոխհարաբերությունների»:

 Տխուր էր նաեւ «Արարատի» վիճակը ութսունականների սկզբներին`
հերթական խռովությամբ ձեռք բերված արդեն անդրեասյանական մարզչական ղեկով:
Այդ տարիներին էր, որ անդրեասյանական քաղաքականության արդյունքում շատ
տաղանդավոր ֆուտբոլիստներ հեռացան «Արարատից» ու այլեւս չկարողացան իրենց
ծառայությունները մատուցել հայկական ֆուտբոլին, ինչպես շատ-շատերը հենց
«Արարատ-73»-ից:

Ցավոք, հայկական ֆուտբոլի շարունակական անկումը եզրահանգումների չբերեց:
Երեւի այն պատճառով, որ ֆուտբոլային բոսերից ու ֆուտբոլային բոմոնդից ոչ
մեկին այլեւս չէր հետաքրքրում բուն հայկական ֆուտբոլի ճակատագիրը: Ու
նրանց մնում էր մսխել հայկական ֆուտբոլն իրենց երբեմնի փառքի ճիրաններում:

Չմոռանանք, որ նույն Անդրեասյանի անվան հետ կապվեցին նաեւ անկախության
շրջանի հայկական ֆուտբոլի բոյկոտներն ու ծեծուջարդերը, սկանդալներն ու
արդեն որակապես նոր բանսարկությունները: Ինչո՞ւ: Երեւի ունեին այն
զգացողությունը, որ մսխում են հայկական ֆուտբոլի վերջին փշրանքները, եւ
խառնակ ժամանակների անցման հետ կորսվելու է այդ հնարավորությունը եւս:

Այս իրավիճակը հասկանալով, թերեւս կարելի էր չանդրադառնալ խրոնիկ
անդրեասյանական հիվանդության գուցե վերջին սրացումներին, եթե խնդիրը
անդրեասյանները լինեին: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այս մարդիկ
պարում են հրաժեշտի վալսը եւ այլեւս անկարող են խանգարել հայկական
ֆուտբոլի զարգացմանը, քանզի գալիս է նոր սերունդ, մարզիչների,
ֆուտբոլիստների նոր սերունդ, որ երբեք չի առնչվել հայկական ֆուտբոլի
տարիների կեղտոտ սպիտակեղենի հետ ու չի ուզում առնչվել:

Բայց խնդիրը բնավ Անդրեասյանների մեջ չէ: Խնդիրը հերթական ջիլավյաններն
են, որ կրկին ասպատակելով Հայաստանում ու, որ ավելի վտանգավոր է`
Ղարաբաղում, այս անգամ ֆուտբոլի զարգացման պատրվակով ու շվեյցարահայկական
կապրիելյանների տեսքով՝ իրենց շուրջն են հավաքում հարուստ ազգականներից
ինչ-որ պատառ կորզելու հույսը դեռ չկորցրած վերջին մանր գործիքներին: Ու
ֆուտբոլի զարգացման անվան տակ Հայաստանում ու Ղարաբաղում առնում են բանկեր
ու գործարաններ, մարզաբազաներ ու հյուրանոցներ, խանութներ ու մարզադաշտեր
ու…մատնում անտերության: Բանկերում ֆինանսավորում են միայն սեփական
կլանին, գործարաններում մսխում են Հայաստանի ադամանդի պաշարներն ու
մարզաբազաներում ոսկի են ձուլում, ստորացնում են գրագիտությամբ չփայլող
ֆուտբոլիստներին` չվճարելով անգամ չնչին աշխատավարձերը, գնդակի նման
տշելով թիմից թիմ, ստորացնում են մարզիչներին` մի զույգ մարզակոշիկ տալը
համարելով Աստծո պարգեւ, միջազգային ատյաններում բողոքում են Հայաստանի
դեմ` պահանջելով հարյուրավոր դոլարներ, ու պարտվում են ու
անբարոյականության տարբեր աստիճաններով փորձում են խառնել հայկական
ֆուտբոլի խաղաքարտերը, կեղտոտել այն նոր սերնդին, որ ուզում է մաքուր
քայլքով ընթանալ:

Ո՞ւր են ֆուտբոլի շվեյցարահայ հովանավորների հարուստ ու կայուն
հայաստանյան ակումբները, զարգացող թիմերը, բարգավաճող ֆուտբոլիստները,
մարզիչները, ո՞ւր է վերակառուցված Ձորաղբյուրի մարզաբազան, ո՞ւր են
Հայաստանում ու Արցախում կառուցված խաղադաշտերն ու մարզադաշտերը, ո՞ւր է
այն մի ծիլ խոտը, որ տնկվել է հայկական հողում:

Ինչո՞ւ հայաստանցի հովանավորները կարող են վերակառուցել «Հրազդան»
մարզադաշտը, «Փյունիկի» խաղադաշտերը բերել կատարելության, հիմնովին քանդել
ու կառուցել «Նաիրի» մարզադաշտը, խաղադաշտը, հզոր բազա կառուցել երբեմնի
գործարանի ավերակ դարձած մարզակառույցներում, ավերակներից վերականգնել
Մալաթիայի համբավավոր ֆուտբոլի դպրոցը, հրաշալի կառույցներ դարձնել
Իջեւանի, Դիլիջանի մարզադաշտերը, նույնիսկ Աչաջուր գյուղի մարզադաշտը,
արհեստական խաղադաշտեր կառուցել Երեւանի փողոցներում, արժանապատիվ վճարել
հազարավոր ֆուտբոլիստների, մարզիչների, կազմակերպել հազարավոր երեխաների
ապահովված մարզումները:

Որովհետեւ նրանց համար Հայաստանն իրական Հայրենիք է, ոչ թե
սուիսեյրոներում պատից կախված նկար: Որովհետեւ նրանց համար հայ
ֆուտբոլիստը, մարզիչը, հայ երեխան նպատակին հասնելու գործիք չեն:

Մնացեք ձեր սուիսեյրոներում, վայելեք ֆրանքմյուլլերների ձեր փայը, վաճառեք
ձեր ոսկե ձուլածոները Լիբանանի կեղտոտ շուկաներում ու Հայաստանում տաշած
ադամանդներն` աֆրիկական փղոսկրե ափերում, բայց առեւտրականի ձեր
հոգեկերտվածքով մի պղտորեք Հայաստանը:

Մենք այստեղ ապրելու ենք հազարամյակներ: