Հետաձգել են

28/04/2009

Երեկ ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի հարցը, որտեղ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հայտարարել են, թե ՀՀ իշխանությունները դրական քայլեր են կատարել երկրում իրավիճակը մեղմելու ուղղությամբ, ուստի նպատակահարմար չեն գտնում ՀՀ հարցը ԵԽ լիագումար նիստի օրակարգ ընդգրկել: Ըստ նրանց` ՀՀ-ն մինչեւ հունիս շարունակելու է մնալ մոնիտորինգի տակ, եւ, կախված նրանից, թե ինչ քայլեր կիրականացվեն այդ ընթացքում, պարզ կլինի, թե ԵԽ-ի կողմից ինչպիսի քայլեր կիրականացվեն ՀՀ-ի նկատմամբ: Որպես դրական քայլ` նրանք ընդգծել են ՀՀ Քրեական օրենսգրքում կատարած փոփոխությունները: ՀՀ պատվիրակության «Ժառագության» անդամ Զարուհի Փոստանջյանը Հանրային ռադիոյի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը մոնիտորինգի նիստում` դիմելով Պրեսկոտին եւ Կոլոմբիեին, ասել է, որ նրանք ոչնչով չեն տարբերվում ՀՀ իշխանություններից, որ նրանց քայլերը համարժեք չեն իրավիճակին, եւ որ նրանք այդպիսի հայտարարություններ ընդունելով՝ ավելի են ծանրացնում ՀՀ-ում տիրող իրավիճակը: «Դա տեւեց մոտավորապես 5 րոպե, այդ ընթացքում ես արագ-արագ ասացի, որ իրապես ոչինչ չի փոխվել, քանի որ ՀՀ-ում թեպետ այդ օրենքները հաճախ փոփոխության են ենթարկվում, բայց իրականում այն շահառուներն, ովքեր պետք է օգտվեն այդ օրենքի փոփոխություններից, չեն կարողանում օգտվել, եւ որ ընդհակառակը` այդ մարդկանց նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել: Այսինքն` որ արդար դատավարություն տեղի չի ունենում: Պրեսկոտի կողմից արձագանք եղավ մոտավորապես 3 նախադասությամբ. այն է` մենք գտնում ենք, որ առաջընթաց է տեղի ունենում, բայց կասկածներ կան, որ իշխանության զավթում է իբրեւ թե տեղի ունեցել, չէ՞ որ մարդիկ կան, որ դրանով դատապարտվել են: Ես բաժանեցի նրանց գործերը համազեկուցողներին»,- ասել է Զ. Փոստանջյանը` հավելելով, որ ՀՀ-ն իր հույսը չպետք է դնի ԵԽ-ի վրա, քանի որ ԵԽ-ն նույնպես ժողովրդավարության պակաս ունի: