Առեւանգել են

28/04/2009

Երեկ քաղաքացիական հագուստով անձանց մի քանի խմբեր Երեւանի տարբեր վայրերում՝ Ամիրյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Կարապի լճի մոտ եւ Արաբկիրում հարձակվել են Հայ Ազգային կոնգրեսի կողմից Մայիսի 1-ին հրավիրված արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա, ծեծկռտուք սարքել, խլել թռուցիկները, ոմանց առեւանգել: Այդ առնչությամբ երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ըստ նախնական տվյալների՝ հարձակվող այդ խմբերի մեջ եղել են նաեւ Ոստիկանության քրեական բաժնի քաղաքացիական բաժնի աշխատողներ, ինչը կճշտվի համապատասխան լուսանկարների ուսումնասիրությամբ։ Ավելի ուշ նրանք դարանակալել են նաեւ ՀԱԿ գրասենյակի մոտ եւ հենց այդտեղից առեւանգել վերադարձող երիտասարդներից մեկին։ ՀԱԿ-ը հայտարարում է, որ միաժամանակ տարբեր տեղերում այս հանցավոր գործողություններն ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված միջոցառում է, ինչի համար պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը, եւ առաջին հերթին՝ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանըգ»։